Դեռ ոռոգման ջուր ունեն․ Սևանից ջրառը այս տարի 100 միլիոն խորանարդ մետրով պակաս է լինելու

Դեռ ոռոգման ջուր ունեն․ Սևանից ջրառը այս տարի 100 միլիոն խորանարդ մետրով պակաս է լինելու
Անցյալ տարվա համեմատ, այս տարի Սեւանից ջրառը 100 միլիոն խորանարդ մետրով պակաս է լինելու․ օգտագործվելու է օրենքով նախատեսված 170 միլիոնը։ Հիշեցնենք՝ 2017 թվականին Սեւանա լճից հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախագիծը ընդունվեց, որով առաջարկվում էր տարեկան 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն լճից բաց թողնել 270 խմ ջուր։ Նախագծին դեմ էին քվեարկել «Ելք» խմբակցության պատգամավորները: Այս որոշմումը սվիններով էին ընդունել հատկապես բնապահպանները՝ նշում էին, որ, եթե այդպես շարունակվի, ապա 100 խմ-ով ավելի ջրբացթողումն ակնհայտ վնաս կհասցնի Սևանա լճին։



_«Հրապարակ»_-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի խոսնակ **Սոնա Մարտիրոսյանը** փոխանցեց՝ դեռեւս չեն սպառել նախատեսված 170 միլիոն խմ ջուրը, դրանից օգտագործվել է մոտ 66 միլիոն խմ-ն․ «Մենք դեռ չենք օգտագործել օրենքով նախատեսված 170 միլիոնը, Սեւանից հավելյալ ջրառի դեպքում պարտադիր է, որ օրենք լինի, այսինքն ՝ կառավարությունը դիմի Ազգային Ժողով, ԱԺ-ն էլ հաստատի կամ չհաստատի։ Մենք դեռ 170 միլիոնն ենք սպառում։ Ես չեմ կարող ասել ինչքան կլինի, մենք աշխատում ենք հնարավորինս խնայողաբար, որովհետեւ հասկանում ենք, որ թանկ ռեսուրս է ինքը, չեմ կարող ասել ինչքան կծախսենք։ Իրականում ջրամբարներում մի քիչ ավելի շատ ջուր ունենք կուտակված, քան անցյալ տարի, բայց նույն եղանակային պայմաններն են, ինչ անցյալ տարի, այսինքն՝ ջրապահանջը մոտ 30 տոկոսվ ավելի շատ է, քան լինում է սովորաբար»։



«Գեղարքունիք ջուր» ընկերության տեղամասի պետ **Ռուբիկ Դավթյանն** էլ նշեց՝ իրենք ունեն թույլտվություն Սեւանա լճից 9 միլիոն խմ ջրի, սակայն, անցյալ տարի շատ քիչ են օգտվել՝ 3 միլիոն․ «Մեր ունեցած թույտվությունը մեզ բավարարում է, էդքան էլ չենք հասցնի օգտագործել։ Մասամբ ունենք ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ, էս պահին համարյա բոլոր պոմպակայանները իրենց հզորությամբ աշխատում են։ Աննախադեպ չորային տարի է, անձրեւներից հետո միանգամից ամբողջ տարածաշրջանը դուրս է եկել ոռոգման, անձրեւները բոլորին բերեց նույն կարգավիճակին եւ միաժամանակ բոլորը դուրս են եկել դարձել են պահանջատեր։ Առաջին ջրերը չավարտած՝ երկրորդի պահանջարկը արագ ու շատ է, նույնիսկ մենք շուրջօրյա ենք աշխատել»։



Դավթյանի խոսքով՝ դեռ պարզ չի, թե նախատեսված 9 միլիոն խորանարդ մետրից ինչքանն են այս տարի օգտագործել․ «Հնարավոր է անցյալ տարվա չափ կամ մի քիչ ավել։ Թույլտվությունը ունենք 9 միլիոնի, բայց օգտագործում ենք անհրաժեշտությունից ելնելով, երբեք այդ թիվը չի օգտագործվում։ Բողոքներ շատ կան, որովհետեւ ցանցերը ժամանակին կառուցված՝ քայքայված են, ժամանակները փոխվել են, մարդիկ առուները չեն մաքրում, դրա համար ջրային կորուստներ շատ ենք ունենում»։



Անդրադառնալով Սեւանին տրվող վնասին՝ ջրբացթողման հետեւանքով, մեր զրուցակիցը նշեց․ «Դրանով մենք Սեւանին վնաս չենք հասցնում, ոչ մի տարի մենք նման նախադեպ չունենք։ Հենց հիմա մենք Սեւանից ջուր ենք վերցնում, անհասկանալի ջուր է՝ կանաչ, մամռակալված, մեր բոլոր պոմպերը խցանվում են, տհաճ հոտով։ Այ, էկոլոգիական կատաստրոֆան դա է, դրա մասին պետք է մտածել։ Ոչ մի տարի նման բան չի եղել»։



**Աննա Պապիկյան**