Բաքվի անոնսը

Բաքվի անոնսը
Վաղը Բրյուսելում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ռուս մեկնաբաններից մեկը հասցրել է այն անվանել «բանակցություններ՝ բանակցությունների մասին»: Բաքվում ակնկալում են, որ Հայաստանը «կհամաձայնի վերադառնալ կարգավորման կազանյան բանաձեւին» կամ այսպես կոչված «փուլային տարբերակին»: Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը համարում է, որ դա ԼՂ կարգավորման ռուսական տեսլականն է: Կիսամյակի սոցիալ-տնտեսական արդյունքներին նվիրված կառավարության նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրեթե նույն բանն է ասել՝ բացահայտելով բանակցային գործընթացի վերսկսումից սպասելիքները: Մնացականյան-Մամեդյարով հանդիպման նախօրյակին ֆեյսբուքում ուշագրավ գրառում է կատարել ադրբեջանցի քաղաքագետ Էլխան Շահինօղլուն: Ըստ այդմ, եթե Հայաստանի նոր կառավարությունը շարունակի պնդել եւ «տարածքների վերադարձը փոխկապակցի ԼՂ կարգավիճակի որոշմանը, ապա բանակցություններն իմաստ չեն [ունենա](http://www.vesti.az/politika/vojna-v-karabakhe-neizbezhna-peregovory-bessmyslenny-signal-368048)»:



Նա համարում է, որ ներկա փուլում դիվանագիտությունը մղվել է երկրորդ պլան, առաջնային են ռազմաքաղաքական նախաձեռնությունները: Ադրբեջանցի քաղաքագետի գրառման ամենաուշագրավ շեշտադրումը վերաբերում է օգոստոսի վերջին անոնսավորված՝ Պուտին-Ալիեւ հանդիպմանը: Ենթատեքստը պարզ է: Ադրբեջանը սպասողական դիրք է գրավել եւ մինչ այդ ոչինչ չի ձեռնարկի: Իսկ Մոսկվայում Ալիեւը կփորձի հասկանալ, թե ի՞նչ մակարդակում են ռուս-հայկական հարաբերությունները, ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը, եթե Ադրբեջանը գնա շփման գծում նոր էսկալացիայի: Մինչ այդ, իհարկե, Բաքուն դիվանագիտական ջանքեր կգործադրի, որպեսզի ռուս-հայկական հարաբերություններում ճեղքվածքներ առաջանան: Ադրբեջանական քարոզչությունն արդեն իսկ այդ ուղղությամբ շատ որոշակի քայլեր է անում:



Տպավորություն է, որ դա մոսկովյան ինչ-ինչ շրջանակների հետ փոխհամաձայնեցված է: Բաքվում, երեւում է, խուսափում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուղղակի բանակցություններից եւ նպատակ ունեն ԼՂ կարգավորման շուրջ քննարկումներ սկսել եռակողմ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան, ձեւաչափով: Չի բացառված, որ Նախիջեւանի ուղղությամբ իրավիճակի սրացումը նպատակ ունի հայ-ադրբեջանական հարցերի կարգավորմանը ներգրավել նաեւ Թուրքիային: Ի՞նչ զարգացումներ են սպասվում՝ հնարավոր կլինի ենթադրել Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից: Բայց որ Բաքուն արդեն իսկ անոնսավորել է իր բանակցային դիրքորոշումը, եւ այն տրամագծորեն հակասում է ԼՂ կարգավորման միջնորդական հայեցակարգին, փաստ է: Դրան պետք է հետեւի հայկական կողմի ոչ պակաս միանշանակ տեսակետը: Այն, ինչ վարչապետ Փաշինյանը մայիսի 8-ին ձեւակերպել է Ստեփանակերտում:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**