«Թվային ժողովրդավարություն». առավելություններ ու անհանգստություններ

«Թվային ժողովրդավարություն». առավելություններ ու անհանգստություններ
_Նոր Հայաստան, նոր իրավիճակ՝ նաև խոսքի ազատության ոլորտում։ Նոր կառավարությունը որդեգրել է «թվային ժողովրդավարության» գործելաոճը։ Բարձրաստիճան պաշտոնյաները՝ կառավարության ղեկավարից սկսած, օնլայն ռեժիմով պատմում են իրենց առօրյա գործունեության ու ընդունված որոշումների մասին՝ հաշվետվու լինելով հասարակությանը, անդրադառնում են հարցերի, որոնք հանրության քննարկումների կիզակետում են։ Կարևորելով այս միտումները՝ որպես խոսքի ազատության զարգացման նոր նախադրյալ, այնուամենայնիվ, նշենք մի քանի անհանգստացնող փաստ։_



Ի՞նչ ունեինք նախորդ իշխանությունների ժամանակ՝ կարծրացած մոտեցումներ լրագրողների հետ աշխատանքում. հազվադեպ հանդիպումներ միայն «նախընտրելի» լրատվամիջոցների հետ, վերահսկվող ԶԼՄ-ներ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները՝ սկսած ՀՀ նախագահից, առիթը բաց չէին թողնում հայտարարելու, որ լրագրողական համայնքը ձևավորում է երկրի գաղջը և գրեթե բոլոր չարիքների մեղավորն է։ Այսօր, իհարկե, անհավանական իրավիճակ է՝ իշխանությունները հասարակական վերահսկողության ներքո են՝ իրենց իսկ կամքով։ Երկրի վարչապետից ֆեյբուքյան ուղիղ եթերում յուրաքանչյուր քաղաքացի պարբերաբար կարող է ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններ, հաշվետվություններ, բացատրություններ, որոշ դեպքերում նաև գրառումների տեսքով, իսկ լրագրողն այս պարագայում սպառողի դերում է՝ ցանկացած քաղաքացու հավասար։ Բայց ի՞նչ պետք է անի այս ամենի հետ լրագրողը։ Արդյո՞ք սոցցանցերը տեղեկատվության ստացման հիմնական աղբյուր են նրա համար։ Լրագրողական շրջանակներում դժգոհություններ են նկատվում նոր կառավարության անդամների նախընտրությունների հարցում. պաշտոնյաները սիրում են գրառումներ կատարել կամ զրուցել ուղիղ եթերում։ Իսկ լրագրողներին, հակառակը, անհրաժեշտ են ուղիղ շփումներ, հետադարձ կապ՝ նաև էսքլյուզիվ հրապարակումներ պատրաստելու համար։



Փորձեցինք պարզել, թե ԶԼՄ ներկայացուցիչների համար որոնք են տեղեկատվության ստացման նախընտրելի միջոցները՝ առաջարկելով մի քանի տարբերակ.



1. Պաշտոնյաների և նրանց մամուլի քարտուղարների պարբերական բրիֆինգները կամ ասուլիսները

2. Մամուլի հաղորդագրությունները

3. Ֆեյսբուքյան գրառումները կամ ուղիղ եթերները

4. Էլեկտրոնային նամակներ/ պաշտոնական հարցումներ

5. Հեռախոսը

6. Այլ տարբերակ



Բլից հարցմանը մասնակցած 27 լրագրողից 11-ը գերադասում է նախ տեղեկատվություն ստանալ հեռախոսով, 11-ը՝ բրիֆինգների, ասուլիսների միջոցով, ֆեյսբուքյան գրառումներն ու ուղիղ եթերները միայն 2 դեպքում են համարվել առաջնային, ևս 2 դեպքում նախապատվությունը տրվել է պաշտոնական հարցումներին. թերևս պատճառն այն է, որ լրագրողները որպես կանոն արագ պատասխաններ են ակնկալում՝ հրապարակման օպերատիվությունն ապահովելու համար։ Լրագրողները կարևորում են նաև անհատական՝ դեմ առ դեմ շփումները զրուցակցի հետ, անգամ՝ off the record ռեժիմով՝ անկեղծ զրույցի ակնկալիքով։ Ըստ հարցման՝ մամուլի հաղորդագրություններն ընդունելի, բայց ոչ այնքան առաջնային են համարվել, բացի 1 դեպքից։ Այսինքն՝ լրագրողներն ամեն պարագայում ուղիղ շփման կարիք ունեն։



Գուցե մեր հարցումը դասական սոցիոլոգիայի առումով այնքան էլ ներկայացուցչական չէ, սակայն քանի որ դրան մասնակցեցին տարբեր լրատվամիջոցների՝ թե ավանդական, թե նոր մեդիայի աշխատակիցներ, արդյունքը բավական ուշագրավ է, և կարող է հետաքրքրել նաև պետական գերատեսչություններին՝ մամուլի հետ աշխատանքը կազմակերպելիս։



**ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ**



**ԽԱՊԿ փորձագետ**