Բժիշկ բարերարը Գյումրիում ֆիլհարմոնիա է կառուցում, ինչի արդյունքում նվագախումբը դրսում կհայտնվի

Բժիշկ բարերարը Գյումրիում ֆիլհարմոնիա է կառուցում, ինչի արդյունքում նվագախումբը դրսում կհայտնվի
Շուրջ 3 տասնամյակից ավել Գյումրիում գործող ժողգործիքների պետական նվագախմբի համար դժվարին ժամանակներ են: Նվագախումբը կարող է զրկվել շենքային պայմաններից, ստեղծագործելու եւ աշխատելու հնարավորությունից։ Առանց այդ էլ «Տարվա լավագույն ազգային նվագախումբ» և «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակին արժանացած նվագախումբը իր գործունեությունը ծավալում է խարխուլ տնակային կառույցում:



Բանն այն է, որ բարերար, նյուրորքաբնակ բժիշկ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հովհանես Օյունջյանը ցանկություն է հայտնել Գյումրիում շքեղ ֆիլհարմոնիայի շենք կառուցել, եւ այդ նպատակով «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը դիմել է Շիրակի մարզպետին՝ խնդրելով տարածք հատկացնել հիմնադրամի գործունեության համար:



Նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ այդ դիմումի եւ հնարավոր տարածքների ուսումնասիրությունց հետո դիմել է քաղաքապետ Բալասանյանին՝ խնդրելով բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով Մհեր Մկրտչյան փողոցի №47/6 հասցեում գտնվող հողամասը հատկացնել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին: Մինչդեռ 2016 թ. մայիսի 6-ին Գյումրու ավագանին 30 տարի ժամկետով նշված տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր ժողգործիքների նվագախմբին: Նվագախմբի անդամները ահազանգում են, որ մտավախություն ունեն, թե դրսում կհայտնվեն եւ կդադարեցվի իրենց գործունեությունը:



Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը նկատում է․ «Ես մտաբերեցի, որ տարիներ առաջ նույն հիմնադրամի համառ ջանքերով եւ մարզպետարանի անշրջահայաց որոշման պատճառով Գյումրին զրկվեց քաղաքային տպարանից եւ 1920 թվականից գործող «Կումայրի» («Բանվոր») թերթի խմբագրությունից, ինչի հետեւանքով զրկվեց նաեւ թերթից: Հարեւանությամբ գտնվող Օյունջյան վարժարանի ընդարձակման համար, մարզպետ Ռոմիկ Մանուկյանի թեթեւ ձեռքով, ապա դատարանի որոշմամբ եւ ԴԱՀԿ ուժի գործադրմամբ, ուղղակի քանդվեցին եւ ապամոնտաժվեցին ու վտարվեցին տպարանն ու թերթի խմբագրությունը: Իրականության շատ մոտ եմ համարում այժմ էլ նվագախումը այդ տարածքից հեռացնելու եւ անհասկանալի տեղ ուղարկելու վարկածը»,- նշում է Լևոն Բարսեղյանը՝ ընդգծելով, որ մինչև հիմնավորված չլինի ամենը ինքը ավագանու նիստին նախագծին կողմ չի քվեարկի: Նվագախմբի անդամ, դիրիժոր Կարեն Մայիլյանի խոսքերով այս խնդիրը առաջացել է դեռևս 11 ամիս առաջ:



«Այդ ընթացքում բազմաթիվ անգամներ ընթացել են խոսակցություններ թե՛ շենքի գնման, թե՛ դրա վերանորոգման վերաբերյալ: Մինչդեռ բավական տևական ժամանակահատվածում այդ ամենը իրական գործնական փուլ չի մտել, ինչի հետևանքով էլ հարուցել է մեր անվստահությունը: Այս ընթացքում մեր մոտեցումը եղել և մնում է այն, որ նվագախումբը դուրս կգա այսօրվա փորձատեղից միայն այն պայմանով, եթե գնվի համապատասխան կառույց, վերանորոգվի և հանձնվի նվագախմբին անժամկետ որպես փորձատեղի»,- նշում է նա: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը վստահեցնում է․ «Նվագախումբը դրսում չի հայտնվի, այն կտեղափոխվի շենքային պայմաններ, որը նույնպես կհոգա Օյունջյան հիմնադրամը: Նվագախումբը այս պահին գործում է տնակային պայմաններում, այսպես մենք և բարեգործին ենք տալիս հնարավորություն, և նվագախմբին ենք տեղափոխելու արդեն շենքային պայմաններ։ Հարցը այս պահին միայն նոր շենքի հարդարման մեջ է, որի մասին տեղյակ է նաև կառավարությունը։



Հիմնադրամը պատրաստ է գնել շինություն, որտեղ կտեղափոխվի նվագախումբը, բայց քանի որ նվագախմբի աշխատանքի համար անհրաժեշտ է համապատասխան պայմաններ (ակռուստիկայի ապահովում և այլն), հետևաբար բացի շինություն ունենալուց, մեզ պետք է նաև այդ նոր շինությունը դարձնել այնպիսին, ինչպիսին անհրաժեշտ է նվագախմբին, որի համար ես դիմել եմ նաև կառավարությանը, քանի որ ուսումնասիրել է մարզպետարանի համապատասխան վարչությունը և կազմել է նախահաշիվ։ Այս փուլում ավագանուն ենք ներկայացրել, որովհետև Օյունջյանը գտնվում է Հայաստանում և ցանկանում է քարը դնել ու նոր գնալ, իսկ մենք հաշվի ենք առել բարեգործի տարիքն ու առողջական վիճակը։



Վստահեցնում եմ Ձեզ, որ մեր քայլերը կլինեն այնպես, որ չի տուժի նվագախումբը, հակառակը շահելու եք,քանի որ տնակային պայմաններից անցնելու եք շենքային պայմանների»։ Իհարկե, ողջունելի է, որ բարերարի նախաձեռնությամբ Գյումրին կունենա խոշոր համերգասրահ, բայց ոչ նվագախմբի գործունեության հաշվին, ինչպես նշում են նվագախմբի անդամները: Չէ որ նվագախումբը ներկայիս գործող և ստեղծագործող կառույց է:



**Արևիկ Հակոբյան**



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/36952846_1346656835436912_3372468879858073600_n.jpg?_nc_cat=0&_nc_eui2=AeFy_ua9e_S3isTW6rh2QZhh89OiyFFJhgNF8_erT2Oa_aVBFwWyhOsVmE42o0qjkP2N9cyVln-2DAZXp4UCuHlVCmOTpUc9KnQzjrz4vWvIRw&oh=8540950242dd82f621ee06daa5f61192&oe=5BE7B210)







![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/36892188_1346656845436911_9120831818671587328_n.jpg?_nc_cat=0&_nc_eui2=AeEsRBuFsC5NUKrash27NTg4AsepHjt8IsnW1EiiPiYMD1k1SH0L31yE2pf_bTOcC2WpPi0Jz6iMyxAx0DxqS_Ul5xASI1EI2uVXwJRNuGzPkw&oh=4dd7157461a113251047e5cbc32871f4&oe=5BE4282E)