Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»

Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»
Այսպիսով, Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն միմիայն Եվրոպա մայրցամաքը ներկայացնող հավաքականները: Եվրոպան վերստին հաստատում է իր ֆուտբոլային հեգեմոնիան՝ Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը Բելգիայի ընտրանին է, իսկ Անգլիայի դեմ խաղադաշտ դուրս կգա Խորվաթիան:



Լատինամերիկյան մայրցամաքի վերջին իրական հույսը, իհարկե, Բրազիլիան էր, Տիտեի գլխավորած այս հավաքականը բավականին հետաքրքիր ֆուտբոլ էր ցուցադրում, կարելի է ասել՝ ոչ տիպիկ բրազիլական ֆուտբոլ՝ ավելի հաշվենկատ, ավելի համակարգված ու խոհական։ Սակայն բրազիլացիներին դեմ հանդիման կանգնած՝ պատի պես ամուր, գերտաղանդավոր կազմով համալրված Բելգիան ապացուցեց, որ «Մունդիալ 2018»-ին մասնակցում է միայն մեկ նպատակով՝ ոսկե գավաթը հայրենիք տանելու: Անխոս՝ Բրազիլիան փառահեղ երկրորդ խաղակես անցկացրեց, տարբեր դրվագներում «ֆուտբոլային կախարդները» պարզապես աներեւակայելի սրընթաց գրոհներ էին կազմակերպում, սակայն աններելիորեն ձախողում էին ու փչացնում ամենակարեւորը՝ վերջին հարվածը: Իսկապես անհավատալի էր տեսնել, թե ինչպիսի դիրքից է վրիպում, օրինակ, Ֆիլիպե Կոուտինյոյի պես վարպետը, ինչպես է ինքն իրեն խանգարում Նեյմարը:



Ինչեւէ, կորցնելով հարյուր տոկոսանոց գոլային հնարավորություններ՝ Բրազիլիան դաժանորեն հատուցեց եւ դուրս մնաց աշխարհի առաջնությունից: Դե, իսկ Բելգիան արժանի է բոլոր գովեստներին, աշխարհի չեմպիոն դառնալու համար այս հավաքականն ամեն ինչ ունի․ հիրավի սա պատմական բարենպաստ պահ է, եւ Բելգիան անպայման ձգտելու է ձեռքից բաց չթողնել այն:



Էդիսոն Կավանիի բացակայությունից օգտվելով՝ Ֆրանսիայի հավաքականը, ոչ լուրջ ջանքեր գործադրելով, կարողացավ ծնկի բերել Ուրուգվային: Ֆրանսիան հետաքրքիր հավաքական է՝ համալրված տաղանդաշատ ֆուտբոլիստներով․ Դիդիե Դեշամի գլխավորած ընտրանին, անկասկած, ունակ է հասնել մինչեւ եզրափակիչ, նաեւ, ինչու չէ՝ հաջողության հասնել եզրափակչում: Այդուհանդերձ, Բելգիայի դեմ հանդիպմանը ֆրանսիացիներն ապացուցելու եւ համոզելու շատ բան ունեն:



Տանտերերի՝ Ռուսաստանի բախտն այս անգամ չժպտաց, խորվաթների դեմ ռուսները հանդես եկան մեծ ոգեւորությամբ՝ խաղը հասցնելով մինչեւ 11 մետրանոց հարվածների: Այս անգամ Ռուսաստանի հավաքականի ավագը՝ ռուսների պահապան հրեշտակ Իգոր Ակինֆեեւը, մեկ անգամ եւս ջանաց փրկել իր թիմին, սակայն խորվաթներն ավելի սառնասիրտ գտնվեցին եւ վերջնարդյունքում հաղթանակ տանելով՝ պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, ուր կմրցեն Անգլիայի ընտրանու դեմ:



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**