«Գիր» բառով սկսվող հիմնարկները լուծարվեցին

«Գիր» բառով սկսվող հիմնարկները լուծարվեցին
Մշակույթի նախարարի հրավիրած վերջին խորհրդակցության ժամանակ Էդվարդ Միլիտոնյանը Լիլիթ Մակունցի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ վերջին 2-3 տարում «Գիր» բառով սկսվող ցանկացած հիմնարկ կա՛մ լուծարվել է, կա՛մ տեղից զրկվել․ «Սա հումոր չէ։ Գրքի ՊՈԱԿ-ը լուծարվեց, Գրապալատն իր տեղից զրկվեց, ժամանակակից գրողների աջակցության ծրագիրն ու «Գրական տապանը» վերացան։ Խնդրեմ՝ այս 4-ին գոնե ես տեղյակ եմ։ Հիմա չեմ ուզում որեւէ մեկին վատաբանեմ, հատկապես որ արդեն նախկին են, ուղղակի իմ կարծիքն եմ ասում, որ կարելի էր սուղ միջոցներով ավելի արդյունավետ աշխատել, կարելի էր պահպանել ծրագիրը եւ հրատարակել լավագույն ու ընդունելի անունների»։



Միլիտոնյանը նկատում է՝ եթե թույլ են եղել հրատարակվող գրքերը, ապա թող գրականագետները գրեին դրա մասին, ոչ թե պաշտոնյաները որոշեն՝ թույլ է, թե ուժեղ․ «Պետք է թույլ տալ, որ ամեն բնագավառ իր ներսում կարողանա որոշակիացնել ուժեղը, թույլը, հեռանկարայինը։ Ես չգիտեմ որտեղ են այդ գրքերը, որ պետաջակցության ծրագրով առան, մի քանի ցանկ տպվեց թերթերից մեկում, որ չգիտեմ ինչ գրքեր են առել՝ մեծ գներով։ Ո՞ւմ եւ ինչի՞ համար են առել այդ գրքերը՝ Աստված գիտի, իմ աչքի առաջ մեր գրողների գրքերն են, ովքեր տպել են իրենց գումարներով, եւ որոնք չեն առել»։



Հիշեցնենք, որ նախորդ նախարարի օրոք պետաջակցության ձեւը փոխվեց, եւ նախարարությունը որոշեց, որ պետությունը ոչ թե գումարը կհատկացնի, այլ կգնի տպագրված գրականությունը եւ կբաժանի գրադարաններին․ «Գրադարանները համալրելու համար նախարարությունն առանձին գումար ունի, աջակցության ծրագիրը լրիվ ուրիշ ծրագիր էր, դա նախեւառաջ գրողներին աջակցելու ծրագիր էր, եւ դա վերացնել՝ նշանակում է վերացնում ես քո գրական դաշտի հանդեպ որեւէ վերաբերմունք։ Ես նախորդ նախարարի որոշումներին ծանոթ եմ 1-2 քննարկումներից, որոնց դեմ ես պայքարել եմ։ Այստեղ՝ Գրողների միությունում, արել ենք գրահրատարակչական ոլորտի լիանիստ, որտեղ գրողներն արտահայտել են իրենց կարծիքները, քանի որ պետաջակցության ծրագիրը՝ ժամանակակից գրողներ տպագրելու, հարվածի տակ էր, եւ գրողները վիրավորված էին։ Ուստի մենք պատրաստեցինք առաջարկությունների փաթեթ, ներկայացրինք մշակույթի նախարարություն, որի քննարկումն ամիսներ շարունակ ձգձգվեց, ու հանկարծ մի օր քննարկում արվեց այնպիսի մի կազմով, որը զարմանալի է։ 1-2 հրատարակչության աշխատողներ, ովքեր չգիտես թե ինչ կապ ունեն գրողների գրքերի ճակատագիրը որոշելու հետ»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**