Կ․Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցն անորոշության գիրկն է մղվում

Կ․Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցն անորոշության գիրկն է մղվում
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ կրկին երդվեց՝ ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը։ Սակայն այս անգամ ամեն ինչ մի փոքր այլ է։ Եթե մինչ այս Թուրքիան խորհրդարանական հանրապետություն էր, եւ նախագահի ձեռքերը որոշ իմաստով կաշկանդված էին, ապա նոր սահմանադրության ընդունումից հետո, սկսած երեկվանից, Թուրքիայում պատմության նոր էջ է բացվում՝ երկիրն անցում է կատարում նախագահական հանրապետության։ Արեւմուտքի կողմից գրեթե մեկուսացված եւ «իզգոյացված» Էրդողանը հիմա փորձում է որքան հնարավոր է հարաբերությունները խորացնել Ռուսաստանի հետ։ Այստեղ արդեն պաշտոնական Երեւանը մտածելու առիթ ունի, հատկապես որ հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում բավականին փոխվել են՝ ստվերվել։ Կկարողանա՞ արդյոք հարկ եղած դեպքում Երեւանն իր լծակներն օգտագործել ընդդեմ, ասենք, Մոսկվա-Անկարա տանդեմի, դժվար է ասել։ Սակայն խնդիրը միայն քաղաքականը չէ։



Էրդողանի, պատկերավոր ասած՝ «սուլթանացմամբ» կարծես թե փակվում է նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի ընտրության հետ կապված հարցը։ Ասել է թե՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ստանում է գործողությունների լիակատար ազատություն։ Սա չափազանց վտանգավոր իրադրություն է ազգային-եկեղեցական տիրույթում։ Որեւէ ուղղակի կամ անուղղակի ճնշումն Աթեշյան արքեպիսկոպոսի վրա կարող է Հայ առաքելական եկեղեցին կանգնեցնել պառակտման փաստի առաջ։ Այս պահի դրությամբ պաշտոնական Էջմիածինը փորձում է դեռ դիվանագիտական մանեւրներով խուսափել խնդրի հետ ուղիղ առճակատումից։ Բանն այն է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ի պաշտոնե, որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ներկայացնում է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքությունը, ինչը նշանակում է, որ հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդի ատենապետներից մեկը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ միասին։ Արդեն տեւական ժամանակ նա չի մասնակցում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովներին։



Պաշտոնապես, ըստ էության, նրա վերստին փոխանորդ դառնալը Մայր Աթոռը չի ճանաչել, քանի որ Սբ Զատկի կաթողիկոսական ավանդական պատգամում, Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների հիշատակության շարքում նշվել է ծանր հիվանդության մահճում գամված Մեսրոպ պատրիարքի անունը։ Ասել է թե՝ Էջմիածինն ազդակ է ուղարկել համայն հայությանը, որ խնդիր ունի Գարեգին Բեքչյանի պատրիարքական տեղապահության հետ կապված ինտրիգների եւ հրաժարականի հետ։ Սակայն թե որքան երկար կձգվի այս՝ «ни рыба, ни мясо» վիճակը, դժվար է ասել։ Էջմիածինն այսօր կարծես թե այլ խնդիրներով է տարված, ինչն իր հերթին կրկին բարդացնում է վիճակը, քանի որ կարող է պարզապես «թեւավորել» Աթեշյանին՝ կեցվածքը Մայր Աթոռի նկատմամբ կոշտացնելու եւ խնդիրն ընդհուպ պառակտման հանգեցնելու։



Անկարայի համար ուղղակի հիանալի կլինի, եթե պառակտում լինի։ Ի վերջո ամեն մի պառակտում տարիների եւ տասնամյակների ջանքեր է պահանջում՝ հարթելու համար։ Հիշենք, որ Էջմիածին-Անթիլիաս պատակտումը մինչ այսօր լիարժեք հաղթահարված չէ, անկախ եղբայրական հավաստիացումներից, որոնք ավելի դիվանագիտական-արարողակարգային բնույթի են։ Հիշենք նաեւ, որ պաշտոնական Երեւանը չի շնորհավորել Էրդողանին վերընտրության կամ ընտրության առիթով, ինչը քաղաքական տեսանկյունից ճիշտ չէ, քանի որ շնորհավորանքը կարող էր շատ հարցեր լուծել։ Համահայկական-համազգային տեսակետից ճիշտ չէ նաեւ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը Մայր Աթոռում տեղի ունեցող դեպքերի հետ կապված՝ եկեղեցի-պետություն տարանջատվածությանը հղում անելը բավարար հիմք չէ։ Նույնիսկ Իտալիայում, որտեղ հատուկ համաձայնագրով Վատիկանն առանձնացված է եւ հանդիսանում է առանձին պետություն միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ ՄԱԿ-ում, պետությունն անտարբեր չէ ազգային-եկեղեցական խնդիրների նկատմամբ։ Այո, ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ եկեղեցին եւ պետությունը տարանջատված են, սակայն նույն Սահմանադրությունը նաեւ լրացնում է պետություն-Առաքելական եկեղեցի առանձնահատուկ բնույթի մասին դրույթը, ինչն այս դեպքում պետք է վարչապետ Փաշինյանը կիրառի՝ եկեղեցին հերթական մեծ պառակտումից զերծ պահելու համար։



Ի դեպ, դեռեւս ուշ չէ նաեւ Անկարայի մասով սխալը կամ թերացումը շտկելը եւ այդպիսով դուռ բացել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասով։ Այլապես, եթե մի օր հանկարծ Անկարան որոշի անդամակցել ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, մեզ կարող է հարվածի տակ դնել։ Էլ չասենք, որ հայ ժողովրդի կողմից չսիրված Աթեշյանի հանդեպ «շախ եւ մատ» վիճակ ստեղծելն էապես կբարձրացներ Փաշինյանի հեղինակությունը ողջ հայության մոտ։



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**