Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը բավականին ինտրիգային է

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը բավականին ինտրիգային է
Երեկ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ դիտորդները ԼՂՀ հակամարտության շփման գծում կանցկացնեն հերթական պլանային դիտարկումը։ Նաեւ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտարարություն տարածվեց թվիթերյան սոցցանցում, որ հուլիսի 11-ին տեղի է ունենալու ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Նշենք, որ սա հայաստանյան հեղափոխական իշխանությունների արտաքին գործերի նախարար Մնացականյանի առաջին հանդիպումն է լինելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Հանդիպումը կկայանա Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերով։



Այս շաբաթ Բրյուսելում մեկնարկում է նաեւ ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովը։ Բավականին հետաքրքիր զուգադիպություն է, թեեւ քաղաքականության կամ, առավել եւս՝ դիվանագիտության մեջ նման զուգադիպություններ տեղի չեն ունենում։ Ամեն դեպքում, միստիֆիկացիաներից զերծ մնալով՝ նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը APA ադրբեջանական լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում շրջանառության մեջ էր դրել մի տեղեկություն, որ ներկայումս բանակցությունների հիմնական թեման կարգավիճակն է եւ անվտանգության երաշխիքները։ Շատ ավելի վաղ ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս Ռուսաստանի ԱԳ նախարարն էր գրեթե նույնական հայտարարություն արել՝ նշելով, որ տարածքներ տրվելու են կարգավիճակի դիմաց։ Ավելին, Բաքու կատարած վերջին այցի ընթացքում ռուս փորձագետներից Ալեքսանդր Դուգինը, ով բավականին իրազեկված անձ է կրեմլյան ծակուծուկերից, բաց տեքստով հայտարարություն էր արել ԼՂ կարգավորման հետ կապված՝ կրկին նշելով, որ նույնիսկ ոչ միայն տարածքների վերադարձի հարցն է եղել որոշված, այլեւ ժամկետներ են եղել դրված Սերժ Սարգսյանի առաջ։



Իհարկե, Երեւանում միանգամից բոլորը նախկին իշխանություններից սկսեցին հերքել դա, նույնիսկ Էդվարդ Նալբանդյանը չալարեց եւ հերքեց, սակայն, ամեն դեպքում, հասկացողը հասկացավ։ Այն, որ տարածքներ տրվելու են, դա բոլորս էլ գիտենք։ Ավելին, դա ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի որոշելիք տիրույթից դուրս գտնվող հարց է, քանի որ նախատեսված է Մադրիդյան սկզբունքներով, որն այս պահին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հիմքում է դրված։ Այլ է հարցը, թե դրանք ինչի դիմաց են տրվելու՝ ինչ կարգավիճակի եւ ինչ անվտանգության երաշխիքներով։ Իգոր Պոպովը խուսափել էր APA-ի հետ զրույցում կոնկրետ հայտարարություն անելուց՝ նշելով, որ ԼՂ հակամարտությունը չափազանց նրբազգաց կողմեր ունի, եւ ԱԳ նախարարների հանդիպումից հետո «եռյակը» հանդես կգա հայտարարությամբ։



Դժվար է ասել, թե ինչ հայտարարություն է լինելու՝ հերթական ստանդարտ մի բա՞ն՝ հայտարարություն՝ հայտարարության համար, թե՞ ավելի առարկայական։ Մյուս կողմից՝ այս պահին ունենք այն, որ Հայաստանն առաջ է քաշել ԼՂ հակամարտության բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտի համար աթոռ ավելացնելու թեզը։ Զոհրաբ Մնացականյանն արդեն քանիցս է այդ թեզը կրկնել՝ ասելով, որ Ստեփանակերտի ձայնը կարեւոր է, եւ այն պետք է լինի վճռորոշ։ Այն, որ Ստեփանակերտն էլ է ինչ-որ մի պահից մասնակցելու բանակցություններին, դա էլ է հասկանալի։ Մնում է միայն հասկանալ, թե ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բրյուսելյան հանդիպումը կլինի արդյոք հանգրվանային կամ նոր մեկնարկ տվո՞ղ, թե՞ դրան կհաջորդի, ասենք, մեկ այլ համանման հանդիպում արդեն Մոսկվայի հովանու ներքո, ինչպես Վիեննայի հանդիպմանը հաջորդեց պետերբուրգյան հանդիպումը, որպեսզի Մոսկվան ցույց տա, որ Հարավային Կովկասում շարունակում է սանձերն իր ձեռքում պահել։ Ի դեպ, Հայաստանը եւս մասնակցելու է ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովին, եւ այս հանգամանքը հատկապես էլ ավելի ինտրիգային է դարձնում հնարավոր զարգացումները Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ եւ դրանից հետո։



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**