Ընտրությունների ուժայինն է լավը

Ընտրությունների ուժայինն է լավը
Այս օրերին Երեւանում ավտոբուսով երթեւեկելիս կարելի է խաչմերուկներում, շենքերի մուտքերի մոտ, զբոսայգիներում, զանազան պետական հիմնարկների առաջ ԱԱԾ զինված ջոկատներ տեսնել: Անհանգստանալու խնդիր չկա, եթե նույնիսկ դա ձեր շենքն է, ձեր բակը, ձեր բակի խաղահրապարակը: Վստահ եղեք, որ ԱԱԾ-ն եկել է հերթական կոռումպացվածի հետեւից: Մյուս կողմից էլ՝ ԱԱԾ-ն մեղավոր չէ, որ այդ կոռումպացվածը ձեր մուտքի հարեւանն է: Ամեն ինչ էլ կարող է պատահել: Դուք նրա հետ հարեւանություն եք արել, նարդի եք խաղացել, իսկ նա կոռումպացված է եղել եւ այդ մասին ձեզ ոչինչ չի ասել:



Երեխաներին էլ զգուշացրեք, որ չվախենան ԱԱԾ դիմակավոր աշխատակիցների տեսքից: Շուտով սեպտեմբեր է, իսկ ԱԱԾ-ն կարող է ամեն վայրկյան հայտնվել դպրոցներից որեւէ մեկում եւ հենց դասարանից տանել, օրինակ, կարուձեւի դասատուին:



Պետք է հասկանալ, որ ԱԱԾ-ն թափանցիկ է աշխատում այլեւս: Նախկինում, երբ ասում էին ԱԱԾ գործակալ կամ քննիչ, ասում էինք` արաաաա… Իսկ հիմա արդեն գիտենք, որ նրանք էլ մեզ նման երկու ձեռքով, երկու ոտքով մարդիկ են, Իսկ Շմայսի շնորհիվ էլ իմացանք, որ նրանք վերին աստիճանի քաղաքավարի, պարկեշտ եւ կուլտուրական են, երբ բանը հասնում է ներխուժելուն:



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության հերթական տոնին հայտարարեց, որ այսօր Հայաստանում ՀՀ քաղաքացիների եւ իրավապահների հաշտեցման գործընթաց է տեղի ունենում: Ոսկի խոսքեր… Ափսոս միայն, որ վարչապետը չնշեց, թե ՀՀ քաղաքացիների որ հատվածն է սկսել հաշտվել ոստիկանության հետ: Ինչ թաքցնենք, մեր ոստիկանությունն օրական մի կամազ մարդ է ձերբակալում` որը մեղավոր, որն անմեղ, որը նախկին պաշտոնյա, որը` ոչ:



Ուզում եմ ասել, որ այսպես էլ գնում ենք ընտրությունների, իսկ դա մի գործընթաց է, որից առաջ երկրում պետք է «խախանդ» վիճակ լինի, այլապես իշխանությունները, օգտվելով իավապահ համակարգի նորահայտ ակտիվությունից, հեշտությամբ կկարողանան շարքից հանել նաեւ իրենց քաղաքական հակառակորդներին: Բայց եկեք ջուրը չտեսած` չբոբիկանանք:



Մեդալի երկրորդ երեսն էլ կա. այդ ի՞նչ խիզախ քաղաքական ուժ պետք է լինի, որ, տժժացող իրավապահների գործողությունները տեսնելով, իրեն հռչակի իշխանության մրցակից եւ ընդդիմադիր: Սա մի կողմից կնպաստի, որ իշխանությանը հայհոյողներ չլինեն, բայց մյուս կողմից էլ լավ չէ, որովհետեւ նույնիսկ ձանձրալի կլինի նույն բանը բոլորի շուրթերից լսելը` «հինը քանդեմ, նորը կառուցեմ» կարգախոսի համատեքստում: Կլինեն, իհարկե, քաղաքական ուժեր, որոնք իրենց նախընտրական ծրագրով ու պլատֆորմով որոշակի ինտրիգ կապահովեն առաջիկա արտահերթ ընտրությունների քարոզարշավի փուլում, բայց արդյոք դա բավարար կլինի՞ ասելու, որ մենք ունենք նախընտրական պայքար:



Թվում է` ՀՀԿ-ն է լինելու իշխանությունների հիմնական ընդդիմախոսը, որն ընդհուպ ձգտելու է ռեւանշի` անցյալ ապրիլ-մայիս ամիսներին կրած պարտությունների համար, բայց խոստովանենք, որ այսօր ՀՀԿ-ի համար նույնիսկ կարգախոս մտածելն է դժվար: Ի՞նչ պետք է ասեն ընտրողին: Իսկ ի՞նչ պետք է քարոզի հիմա էլ ՕԵԿ-ի վերածված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որի նախագահն այսպես ինքնաակտիվացել է սոցցանցերում: Կհամարձակվե՞ն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը դաշինք կազմել: Սա էլ մի նոր փորձություն կարող է լինել այդ ուժերի համար` նրանց դարձնելով էլ ավելի եռանդուն քննադատության թիրախ:



Առանձնապես նախանձելի չէ նաեւ Փաշինյանի «դաշնակից» ուժերի վիճակը: Նրանք` «Բարգավաճ Հայաստանը» եւ Դաշնակցությունը, հանդես կգան առանձնաբար, առաջինը՝ Գագիկ Ծառուկյանի նկարով, երկրորդը` իր ավանդական կերպարով` ծանր ծրագրով ու պլատֆորմով, որոնք հետաքրքիր են միայն այդ կուսակցության կայուն ընտրազանգվածին: Տարբեր են այդ կուսակցությունների սպասելիքները: Առաջինը 50+1 տոկոսի մասին է խոսում (ոչ անհիմն, իհարկե), երկրորդը` նախորդ ցուցանիշը բարելավելու մասին` հաշվի առնելով, որ ընտրությունները լինելու են 100 տոկոսով համամասնական: Երկուսի պարագայում էլ նկատվում է նրանց նկատմամբ բուն իշխանական ուժի խանդոտ վերաբերմունքը` տարբեր դրսեւորումներով, իհարկե, որը նախընտրական շրջանում էլ ավելի զգալի է լինելու:



Այսօր ամեն ինչ եւ ամենքը խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ջախջախիչ հաղթանակ է տանելու առաջիկա ընտրություններում: Այո, եթե այդ օրերին էլ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը եւ մյուսները մոլեգնեն փողոցներում, եւ նույն տեմպով շարունակվի «ուղեղների տոտալ բռնաբարման» այս գործընթացը, եթե Փաշինյանը նախընտրական փուլում շարունակի աղմկոտ բացահայտումները, իսկ նրա ղեկավարած «ՔՊ»-ն էլ բարձրանա գարաժների տանիքները, ամեն ինչ, գուցե, լինի հենց այնպես, ինչպես ասում ու խոսում են մեր քաղտեխնոլոգներն ու «ընտրատեխնոլոգները»: Այդ մարդիկ, սովորաբար, մյուսներից ավելի շուտ են իմանում գալիք ընտրությունների արդյունքները, բայց, որպես կանոն, նաեւ հաճախ սխալվում են: Ես հիմա նրանց հարցնում եմ` վստա՞հ եք, որ ընտրություններին ունենալու ենք ակտիվ մասնակցություն` 50 եւ ավելի տոկոս: Նկատի ունեցեք, որ փող չի բաժանվելու, որ ընտրակաշառք չի լինելու, որ ավտոբուսներով ընտրությունների բերել չի լինելու, որ մարդիկ խիստ զգուշավոր են լինելու` հանկարծ գլխներին մի բան չսարքեն ու տանեն ԱԱԾ:



Ինչո՞ւ են իջեցնում անցողիկ շեմը: Բացատրեմ` որպեսզի ավելի շատ ուժեր հայտ ներկայացնեն, եւ ամեն մեկը մի որոշակի զանգված բերի ընտրությունների` ապահովելով մասնակիցների թիվ: Այդ դեպքում առաջարկում եմ նոր ԸՕ-ում փոխել դրույթը եւ ընտրությունները կայացած համարել ընտրողների 50 տոկոսից ավելիի մասնակցության դեպքում միայն: Մնացած ամեն ինչը գեղեցիկ խոսակցություններ են` փակ ցուցակ, բաց ցուցակ, գրիչ լինի, թե չլինի, մատը թանաքոտեն, թե ուրիշ նյութ քսեն, որ ընտրողը երկրորդ անգամ չկարողանա ընտրատարածք մտնել… Եթե փող չի լինելու, չեն լինի նաեւ ընտրակեղծարարներ:



Փոխարենը ոչ ոք այսօր չի խոսում այն մասին, թե ինչպիսի ընտրացուցակներ է հրապարակելու ոստիկանությունը, եւ որքանով են դրանք արժանահավատ լինելու: Ինչո՞ւ պետք է Փաշինյանը ստուգի դրանք, եթե, ինչպես ինքն է ասում, «Օսիպյանը մերն է»: Ժամանակին Տեր-Պետրոսյանը հավատացած էր, որ ընտրացուցակներում առնվազն 300 հազար մարդ կա, որ Հայաստանում չի բնակվում, բայց ընտրում է իշխանություններին: Իսկ մեծ ներգաղթ, մեր իմանալով, վերջերս տեղի չի ունեցել, այդպես չէ՞:



Եվ ուրեմն` ի՞նչ անենք: Գուցե դեռ չշտապե՞նք արտահերթ ընտրությունների հարցում: Տարածված կարծիք կա, թե ամենաշատը ՀՀԿ-ն է շահագրգռված, որ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս ուշ: Համաձայն չենք: ՀՀԿ-ին թողնես, վաղն էլ կգնա ընտրությունների եւ, մեկ բառ իսկ չխոսելով, իր մարդկային ռեսուրսի հաշվին «շրխկալով» կանցնի խորհրդարան: Դուք ավելի լավ է ասեք` պատրա՞ստ է, արդյոք, նոր իշխանությունն ընտրությունների, եթե, իհարկե, ուռա- հեղափոխությունը չի շփոթում ընտրական գործընթացի հետ:



Եվս մեկ բան` այդ նույն «ՔՊ»-ն արդեն որոշե՞լ է, թե ինչ է անելու իր արբանյակներին, որոնց թիվը, կարծես, միտում ունի ավելանալու: Միայն ՀԱԿ-ի եւ «ԼՀ»-ի «ջառմեն» քաշելն արդեն խնդիր է, այդպես չէ՞:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**