Նախարարությունում փորձում են Լարսին հարմար այլընտրանք գտնել

Նախարարությունում փորձում են Լարսին հարմար այլընտրանք գտնել
Լարսում քանի օր է՝ ավտոմեքենաների կուտակումներ են։ Սրա հետ կապված՝ արդեն դրվեցին որոշակի քաղաքական ենթատեքստեր, մասնավորապես՝ ռուսները հատուկ են անում, վրացիներն ազատ անցնում են ռուս-վրացական սահմանը, հայերը՝ ոչ եւ այսպես շարունակ։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ Լարսում հերթն արդեն նվազել է՝ 6.7 կմ էր երկարությունը, հիմա արդեն մոտ 2.5 կմ է դարձել։ Իսկ վրացական կողմից հերթ գրեթե չկա։



Ի դեպ, վրացական կողմում տեխնիկական նորամուծություն է կատարվել՝ հերթագրման համակարգ է ներմուծվել, սահմանը հատողները հերթագրվում են ու առանձին սպասասրահում սպասում իրենց հերթին։ Սա սկզբում դժգոհություն է առաջացրել մարդկանց մոտ, բայց վերջնարդյունքում բավականին արդյունավետ է դարձրել սահմանը հատելու պրոցեսը։ Ռուսական հատվածում, սակայն, դեռ այդ աստիճանի «չեն զարգացել»՝ առայժմ հին մեթոդներով են աշխատում։ Բայց կուտակումները հիմնականում, ըստ Արմեն Փամբուխչյանի, սեզոնային բնույթ են կրում՝ կապված Վրաստան եւ Հայաստան զբոսաշրջային ներհոսքի մեծ ծավալների հետ, եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա այս հարցում։



«Մենք կապվել ենք մեր ռուս գործընկերների հետ, իրենք մեզ հավաստիացրել են, որ դա պետք չէ դիտարկել քաղաքական կոնտեքստում եւ, առհասարակ, ինչ-որ մութ անկյուններ պետք չէ փնտրել։ Ուղղակի իրենց քաղաքացիների կողմից այս տարի բավականին մեծ հետաքրքրություն կա վրացական հանգստավայրերում հանգստանալու վերաբերյալ, որոնք հայերի հետ կապ չունեն»,- ասաց պարոն Փամբուխչյանը։



**- Տվյալներ ունե՞ք, թե այս պահին հայկական թե՛ ուղեւորատար, թե՛ բեռնատար քանի մեքենա է Լարսում հերթի մեջ կանգնած**։



Ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ չեմ կարող ասել, սխալ ինֆորմացիա կտամ։ Ռուսական կողմից, առհասարակ, երբեւիցե չի հաջողվել ճշտել։ Իսկ վրացական կողմից կոնկրետ թվեր միշտ ասել են։ Ես կփորձեմ ավելի ուշ ճշտել ասել։



**- Ես տեղեկացա, որ Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայության արժեքները (2 հազար 500 դոլարից մինչեւ 400 է հասել)։ Սա պայմանավորված է սեզոնային պահանջարկո՞վ։ Դուք ունե՞ք նման տվյալ։**



Ես չունեմ նման տվյալ, բայց եթե Դուք լսել եք եւ այդ հարցը բարձրացնում եք, ես անպայման հենց հիմա կզբաղվեմ այդ հարցով։ Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի հետ կխոսեմ ու կփորձեմ նաեւ որոշակի մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել այդ հարցը։



**- Ամեն անգամ, երբ Լարսում խնդիր է առաջանում, անմիջապես հիշում են նաեւ Լարսի այլընտրանքային տարբերակների մասին, հատկապես աբխազական ճանապարհով տարբերակը, որը ռուս-վրացական կարգավորման տիրույթում է։ Անցյալ տարի ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ, եթե չեմ սխալվում, համաձայնագիր ստորագրվեց, որ աբխազական ճանապարհը կարող է բացվել շվեյցարական SGS ընկերության միջնորդությամբ։ Բայց համաձայնագիրը դեռ չի վավերացվել։ Դուք որեւէ նորություն ունե՞ք այս մասով։**



Հիմա տեսեք․ մենք գրություն ենք ուղարկել SGS ընկերությանը եւ խնդրել ենք, որպեսզի իրենք մեզ կետ բառ կետ պատասխանեն, թե ումից կամ ինչ հանգամանքներից է կախված այլընտրանքային ճանապարհի կիրառումը։ Եվ իրենց պատասխանն ստանալուն պես արդեն կհասկանանք, թե որ պետությանն ինչի համար դիմենք, որպեսզի իրենք իրականացնեն տվյալ գործառույթները, որպեսզի մենք կարողանանք այդ ճանապարհից օգտվել։ Ավելի հեռվում դիտարկվում է նաեւ երկաթուղու տարբերակը, բայց դա մի քիչ ժամանակավրեպ կլինի։ Ինչպես նաեւ՝ մենք դիտարկում ենք նաեւ «պառոմով» տարբերակները, այսինքն՝ Փոթիից «պառոմով» բեռները տեղափոխենք։ Հենց այս պահին մենք դիմել ենք ֆիննախ, ՊԵԿ եւ այլն, հաշվարկներ ենք կատարում, որպեսզի հասկանանք՝ այդ ճանապարհը, որն էլի դիտարկվում է որպես այլընտրանք Լարսին, որքանով կազդի բեռնափոխադրման գնային քաղաքականության վրա։



**- Բայց, անկախ նախարարության ուսումնասիրություններից՝ այդ լաստանավով տարբերակը բեռնափոխադրողների կողմից միշտ էլ որպես այլընտրանք դիտարկվել է, եւ նրանք մշտապես օգտվել են։ Այլ հարց է, որ գնային առումով ցամաքային տարբերակն ավելի մատչելի կարող է լինել…**



Դրա համար եմ ասում՝ մենք հիմա էդ հաշվարկները կատարում ենք, «պառոմի» վարձակալության տարբերակներն ենք քննարկում, թե ավելի էժան տարբերակով ինչ հնարավորություններ կան, միգուցե՝ նաեւ «պառոմի» գնման տարբերակ։



**- Այսինքն՝ Հայաստանը Փոթիում կարող է լաստանա՞վ գնել։ Դա բավականին թանկ հաճույք է, որքանո՞վ է հավանական։**



Ճիշտ է։ Այս պահին չեմ կարող Ձեզ ասել, որովհետեւ մի քիչ չճշգրտված ինֆորմացիա կլինի, ինչպես նշեցի, կատարում ենք էդ հաշվարկները։ Հաշվարկները կատարելուն պես անպայման կներկայացվեն հասարակությանը այդ տարբերակները։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**