Բոլոր ամբոխավարների վերջաբանը

Բոլոր ամբոխավարների վերջաբանը
Երեկ իր հրաժարականն է ներկայացրել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության պետական քարտուղար Բորիս Ջոնսոնը: Ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել Brexit-ի հարցերով նախարար եւ ԵՄ-ի հետ գլխավոր բանակցող Դեյվիդ Դեյվիսը: Թե ինչ տարաձայնություններ են նրանք ունեցել վարչապետ Թերեզա Մեյի հետ «կոշտ» եւ «մեղմ» Brexit-ների առնչությամբ, կարեւոր չէ: Էականն այն տապալումն է, որ վաղ կամ ուշ պատուհասում է բոլոր ամբոխավարներին, որտեղ էլ նրանք գործեն: Իսկ ամբոխավարներ պատահում են ոչ միայն հեղափոխական, ամբողջատիրական, բռնապետական կամ ու մյուս բոլոր երկրներում, այլ անգամ՝ արիստոկրատական, հավասարակշիռ, ինքնատիրապետող, ամբոխին իր տեղը ցույց տվող եւ ամեն կարգի հեղափոխություններից հեռու գտնվող ավանդապաշտ Միացյալ Թագավորությունում:



Բորիս Ջոնսոնը, Դեյվիդ Դեյվիսը, Մայքլ Գովը, Նայջել Ֆարաջը Brexit-ի քարոզիչներն ու այցեքարտն էին 2 տարի առաջ անցկացվող հանրաքվեում: Նրանց քարոզչությունը, Ռուսաստանի համացանցային քարոզին գումարվելով որոշ արդյունք տվեց, Brexit-ի կողմնակիցները 2 տոկոսով գերազանցեցին դեմ արտահայտվողներին, վարչապետ Դեյվիդ Քամերոնը հրաժարական տվեց, եւ սկսվեց Մեծ Բրիտանիայի ընթացքը դեպի խառնաշփոթ: Սակայն ոչ մեկը նրանցից, ովքեր 2016-ին կոչ էին անում դուրս գալ ԵՄ կազմից, 2018-ին արդեն չկան ասպարեզում: Ֆարաջն իր Անկախության կուսակցությունով տապալվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում, Գովը տապալվեց վարչապետի աթոռի համար պայքարում, Դեյվիսն ու Ջոնսոնը ասպարեզից հեռացան երեկ:



Հեռացան քաղաքական գործիչները, փոխարենը մնաց նրանց ստեղծած պրոբլեմը՝ Brexit անունով, որի լուծումը թերեւս նոր հանրաքվեն է: Ի վերջո ավելի ճիշտ է սխալը կեսճանապարհից ուղղել, քան սխալի մեջ համառել: