Ամեն ինչ անում ենք ուսանողների օգտին

Ամեն ինչ անում ենք ուսանողների օգտին
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծված տարկետում տրամադրող հանձնաժողովը չնայած որ 120 հոգու տարկետման եզրակացություն է տվել, բայց տասնյակից ավելի ուսանողներ պնդում են, որ իրենց նկատմամբ հանձնաժողովը անարդար է գտնվել։



Նրանք պնդում են, որ տարկետում մեծամասամբ տրամադրվել է նրանց, ովքեր ժամանակին պայքարել են դրա համար կամ մասնակցել են բողոքի ցույցերին, մինչդեռ օրենքը բոլորի համար է։ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրուցեցինք այս թեմայով․



**-Դուք հանձնաժողովի նախագահ եք, տարկետում չստացած ուսանողները պնդում են, որ իրենց նկատմամբ անարդար են վարվել։**



Մոտ 140 հոգուց 120 հոգին անցել է, այսինքն՝ ստացել է տարկետման իրավունք։ Բողոքարկողները, որոնք եկել էին, տարբեր հարցեր էին բարձրացրել հանձնաժողովի առաջ, հանձնաժողովը, որի նիստին ես մեծ մասամբ ներկա չեմ եղել, որպեսզի ճնշում չդիտարկվի, քանի որ շահարկվեց, որ ես միջամտել եմ, քննել է արդյունքները, գնահատականները բարձրացրել է, որի արդյունքում 2 հոգի անցել են, մի քանի հոգու էլ է հանձնաժողովը բարձրացրել, բայց միևնույն է՝ չի հերիքել, որ շեմը հաղթահարեն։



Այսինքն՝ բողոքարկող հանձնաժողովը որոշակի քայլ արել է։ Հիմա, որ ասում են՝ հիմնավորված չի եղել և այլն։ Բոլոր բողոքողները եկել են, բացել ենք հանձնաժողովի գնահատականները, իրենց ասել ենք, որ եթե գնահատականը տատանվի 7- 10 բալի արանքում, որոնք բավականին բարձր միավորներ են, ապա նշանակում է՝ օբյեկտիվ հիմք կա, եթե բոլորը լինեն 7, 8, 9, 10, պարզվի մեկը դրել է 1-եր և 2-ներ, ապա մենք կհամարենք, որ դա կանխակալ մոտեցում է, և էդ 1-երն ու 2-ները ուղղակի կհանենք։



Բացվել են բոլորի թղթերը, հատ առ հատ նայվել են, պարզվել է, որ նման դեպք չկա, բոլորի բալերի տատանման ամպլիտուդան եղել է 2- 3 նիշի արանքում, ինչը ենթադրում է, որ 15 անդամներ իրարից անկախ գնահատել են նույն ձևով, և էստեղ խոսել սուբյեկտիվության մասին, իմ կարծիքով, պատշաճ չէ։



Հետո ասում են՝ չկա հստակ չափանիշներ։ Չափանիշները իմ առջև դրված են։ Ուսանողն իր հետ պետք է բերի մոտիվացիոն նամակ և պատրաստի մոտիվացիոն ելույթ, որի ընթացքում պետք է ներկայացնի ուսումը շարունակելու և ապագա մասնագիտական հետաքրքրությունների մասին։ Դիմորդը պետք է հիմնավորի ապագայում իր ուսումը շարունակելու նպատակահարմարությունը, ելույթը չպետք է գերազանցի 5 րոպեն։ Էնտեղ շահարկվեց, որ 10 րոպեում հնարավոր չէ, դեպքեր են եղել, որ 10 րոպեն գերազանցվել է։ Կար ծնող, ով բերել էր 2 տեղեկանք, որ իր երեխան հոդված է հրապարակելու, վերցրել ենք այդ տեղեկանքները, զանգել ենք բոլոր ժուռնալներին, ճշտել ենք, թե այդ հոդվածները երբ պետք է հրապարակվեն, և հետագայում հետևելու ենք, որ այդ հոդվածները հրապարակվեն, հանձնաժողովի գնահատականները ամփոփելուց հետո՝ վերջնաժամկետից շատ ավելի ուշ, իրենք բերել են 3-րդ տեղեկանքը և պահանջել, որ այն նույնպես ընդունվի, ինչը կարգի խախտում է, և մենք կարգի խախտում թույլ չենք տվել։



Այսինքն՝ քաղաքական երանգ են փորձում հաղորդել իրենց բողոքի ցույցերին, մինչդեռ հանձնաժողովի կազմը, որը հրապարակված է, բոլորն էլ հանրաճանաչ մարդիկ են, բավականին անկախ, և նրանց որևէ մեկը որևէ բան չէր կարող ասել, օբյեկտիվորեն գնահատել են։



**- Ուսանողները պնդում են, որ տարկետում են ստացել դեռևս մագիստրատուրա կամ ասպիրանտուրա չընդունված ուսանողները, մինչդեռ ընդունված ուսանողները չեն ստացել։ Ո՞րն է պատճառը, չէ՞ որ ուսանողը կարող է չընդունվել։**



Քանի որ կարգը, որպես այդպիսին, նորություն էր, և ժամկետների առումով մենք կարգը փոխեցինք, բայց մինչև հին շեմերը, նախորդ շեմերով ընդամենը մի քանի հոգի կարող էր անցնել, իսկ էս պարագայում անցավ մոտ 130-ը։ Այսինքն՝ կարգը բավականին մեղմվեց։



Դրանից հետո ուսանողները պետք է ընդունվեն, որովհետև ըստ կարգի՝ նրանք տարկետում ստանում են, երբ որ ընդունվում են, բայց քանի որ շատ ուսանողներ ունենք, և հիմնականում ասպիրանտուրայի մասին է խոսքը, իրենք թոյֆլի քննությանը մտել են բավականին ուշ, բայց միայն ընդունվելու պարագայում են ստանում տարկետում, այսինքն՝ մինչև ամսի 20-ը իրենք պետք է իրենց ընդունվելու հարցերը վերջացնեն, 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում, ովքեր թոյֆլ չեն կարողացել հանձնել կամ չեն ընդունվել, նրանց ցանկը կներկայացվի ՊՆ, և նրանք կզրկվեն տարկետման իրավունքից։



էս պահին իրենց տարկետման իրավունք է տրվում միայն ընդունվելու պարագայում ։



**- Ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ փորձել եք ճշտել, թե մասնակցե՞լ է բողոքի զանգվածային ակցիաներին, դեռ ավելին նույն հարցը տվել եք նաև նրա մորաքրոջը՝ թե մասնակցե՞լ է 88-Ի շարժմանը։**



Դա բացարձակ սուտ է, կարող են վկայել 100 հոգի, որ ես նման հարց որևէ մեկին չեմ տվել , և ես ընդհանրապես որևէ մեկին հարց չեմ տվել։



Ծնողի վերաբերյալ հարցը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք չենք ստուգում ծնողի կամ մնացածի գնահատականները, այլ մենք ընդամենը ստուգում ենք ուսանողի գնահատականները։



**-Ուսանողներից մեկը ասաց, որ դուրս է մնացել 0.25 բալի պատճառով, ընդ որում «չի հերիքել» մոտիվացիան, ինչպե՞ս է հնարավոր մեկ ուսանողի մոտիվացիան մյուսից այդքան ցածր բալով տարանջատել։**



Էդտեղ էլի մանիպուլացիայի հետ գործ ունենք, քանի որ ուսանողներ կան, գալիս են, ասում են՝ իսկ իմ մոգն ինչքա՞ն եք հաշվել, ասում ենք ՝ իսկ ինչքա՞ն պետք է լիներ քո մոգը, ասում է՝ 32, ասում ենք՝ դու 98 ես ստացել, ուրախանում են։



Այսինքն՝ բոլոր թվերը կլորացվել են իրենց օգտին, եթե իրենք հաղթահարել են այդ կլորացման շեմը, նրանց գնահատականները դեպի վերև են բարձրացել։



Եթե չկլորացվեր, ապա շատ ուսանողներ էլի դուրս էին մնալու։ Ամեն ինչ արվել է ուսանողների օգտին։



**- Ուսանողները ցանկանում են համեմատել իրենց և տարկետում ստացած իրենց ընկերների քննությունները, ինչի՞ համար տեսաձայնագրությունները չեն տրամադրվում, մինչդեռ խոսվում էր ուղիղ եթերով քննությունը անցկացնելու մաիսն։**



Մենք ուղիղ եթեր նախապատրաստել էինք, բայց ուսանողները իրենք պահանջեցին, որ ուղիղ եթերը անարդար է, որովհետև վերջում մտնողը հայտնվում է շատ ավելի շահեկան վիճակում՝ առաջինը մտնողի նկատմամբ, և նրանք պահանջեցին, որ ուղիղ եթեր չլինի, այլ լինի միայն ձայնագրություն, որպեսզի վերջում մտնողները չտեսնեն, թե ինչ հարցեր են տալիս առաջինը մտնողներին, որպեսզի արդարությունը պահպանվի։



Ինչ վերաբերում է ձայնագրություններին՝ ուսանողներից մեկը ուզել է ձայնագրություն, մենք հիմա կապի մեջ ենք իր հետ, որպեսզի իր ձայնագրությունը իրեն տրամադրենք, այլոց ձայնագրությունները տրամադրելու մենք իրավունք չունենք։



Պատկերացնո՞ւմ եք՝ ուսանողը գա բողոքի, ասի՝ ինչո՞ւ եք իմ ձայնագրությունը տրամադրել ուրիշ։ Եթե դիմում լինի այլ ուսանողի կողմից, ով կուզի իր ձայնագրությունը և կտա համեմատելու, խնդրեմ, խնդիր չկա, դիմումի հիման վրա՝ մենք բոլորին էլ կտանք, կամ դատարանի որոշում լինի, էլի որևէ խնդիր չկա, ձայնագրությունները մենք ունենք, կարող ենք տրամադրել։



**- Պարոն Հովհաննիսայն, հնարավո՞ր է, որ տարկետում չստացած ուսանողները ևս մեկ անգամ քննություն տալու շանս ստանան։**



Հիմա դա ֆիզիկապես անհնար է, քանի որ կարգը նման բան թույլ չի տալիս, բայց մենք ի՞նչ ենք արել․ կան ուսանողներ, որոնք շատ քիչ բալով դուրս են մնացել ու, պետք է անկեղծ ասեմ, բավականին լավ ուսանողներ կային, ցավոք չհաղթահարեցին շեմը, մենք իրենց ցուցակը առանձին ուղարկել ենք ՊՆ, որպեսզի զորակոչվելուց հետո նրանց հնարավորություն տրվի գիտավաշտում կամ որևէ այլ պիտանի տեղում աշխատանք կատարել, և դրանով նրանց ներուժը օգտագործվի։



Բայց նորից եմ կրկնում՝ ամեն ինչ անում ենք ուսանողների օգտին։



**Կորյուն Սիմոնյան**