Էդուարդ Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը բողոքարկվելու է

Էդուարդ Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը բողոքարկվելու է
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը բողոքարկվելու է։ Այս մասին _«Հրապարակ»_-ին հայտնեց նրա շահերի պաշտպաններից **Յուրի Խաչատրյանը**։



Փաստաբանը նաեւ նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանից ակնկալիքների վերաբերյալ ոչինչ չի կարող ասել․ «Մի հատ կենտրոնանանք։ Ինչ-որ խառը վիճակ է, չեմ ջոգում»։



Հարցին՝ այլ մարդիկ եւս ներգրավվելո՞ւ են, Խաչատրյանը նշեց․ «Ոչինչ չեմ կարող ասել, ինձ հիմա փաստերի առաջ եք կանգնեցնում»։



ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր **Սերգեյ Բագրատյանն** էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խմբակցությունում դեռ քննարկում չի եղել Բաբայանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու վերաբերյալ․ «Բոլոր նման հարցեը քննարկվում է խմբակցությունում, իրապես չեմ կարող ասել, որովհետեւ վիճարկվում էր ձերբակալումը, կարծում եմ՝ դեռ չի ավարտվել իրավական գործընթացը։ Ցանկացած հայ մարդու համար, եթե տեսնենք իսկապես, որ ազատությունը չի խանգարի քննչական գործողություններին, մենք պատրաստ ենք ներկայացնելու»։



Հիշեցնենք՝ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Վերջինս օլիմպավանում դժգոհել է, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի արդյունքում Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ բացատրելով, որ սայթաքել ընկել է եւ դեղերի ազդեցության սխալ ցուցմունք է տվել։





**Աննա Պապիկյան**