ԵԿՄ-ի հետ տեղի ունեցածը նրա ճակատին թողեց սեւ խարան

ԵԿՄ-ի հետ տեղի ունեցածը նրա ճակատին թողեց սեւ խարան
ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշեց, որ ԵԿՄ-ն եղել է ապաքաղաքական նույնիսկ Մանվել Գրիգորյանի օրոք․ ԵԿՄ-ի անդամներն իրենց ձայնը տվել են նրան, ում ցանկացել են։ «Երկրապահը տեսակ է մարդու, որին չես կարող ուղղորդել, ասել՝ այսօր սրան ձայն տուր, վաղը՝ նրան։ Նա ինքն է որոշում, թե ում պետք է ձայն տա, ուղղորդել չկա»,- ասաց նա։ Hraparak.am-ը նկատեց, որ այնուամենայնիվ, ժամանակին ընդդիմադիր հայացքներ ունեցող ազատամարտիկները հեռացել են Մանվել Գրիգորյանի ղեկավարած ԵԿՄ-ից, ստեղծել առանձին կառույցներ։ Նոր ղեկավարի օրոք հնարավո՞ր է, որ տարբեր հայացքներ ունեցող ազատամարտիկները հավաքվեն մեկ տանիքի տակ։



«Մարդկային տեսանկյունից ոչ մեկին չեն կարող ստիպել, թե ում գնան ընտրեն, մենք այս երկրի համար արյուն ենք թափել։ Դաշնակցական երկրապահին կարո՞ղ ես ասել, որ գնա ՀՀԿ-ականին ձայն տա»,- ասաց Համլետ Հայրապետյանը։ «Դռները բաց են լինելու, բոլորս մեկ ենք լինելու, միասին ենք ղեկավարելու ԵԿՄ ընտանիքը։ Կոչ եմ անելու, որ որպես շարքային երկրապահ կանգնենք վարչության նախագահի կողքին, բարձրացնենք ԵԿՄ-ի անունը։ Այն, ինչ տեղի ունեցավ, ԵԿՄ-ի ճակատին թողեց սեւ խարան։ Հիմա թող այնպես գան, որ հետդարձի ճանապարհ չունենան։ Պայմաններով չեն գալիս հայրական տուն, ընտանիք, ուղղակի գալիս են եւ մասնակցում աշխատանքներին»,- ասաց Համլետ Հայրապետյանը։ Hraparak.am-ը հիշեցրեց, որ ԵԿՄ-ն միշտ էլ իր ծանրակշիռ ազդեցությունն է ունեցել քաղաքական կյանքում, հենց 1998թ․ իշխանափոխությունը տեղի ունեցավ ԵԿՄ-ականների ճնշման ներքո։ «Ո՞րն է երաշխիքը, որ եթե վաղն, օրինակ, քաղաքական իշխանությունը փորձի տարածքային զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում, չի լինի ԵԿՄ-ի կոշտ արձագանքը»,- հետաքրքրվեցինք մենք։



Համլետ Հայրապետյանն, ի պատասխան մեր հարցի, ասաց, որ 1998-ին ինքը եղել է դեպքերի կիզակետում, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ պատգամավորական խմբի անդամ։ «ԵԿՄ-ն այդ ժամանակ էլ քաղաքական չէր։ ԵԿՄ-ն ուներ խմբակցություն, մեծամասնություն ԱԺ-ում, որոշում կայացնելու իրավունք ունեցավ։ ԵԿՄ-ն հայտ չներկայացրեց՝ մասնակցելու ընտրություններին, որովհետեւ իրավունք չուներ։ Այսօր էլ ԵԿՄ-ն, որպես առանձին միավոր, չի կարող մասնակցել ընտրություններին։ Դրա համար ԵԿՄ-ին էլ այլ ցուցակներով պետք է տանել ԱԺ, որ մտածենք մեր զոհված, վիրավոր ազատամարտիկների մասին։ Միանշանակ ասում եմ՝ ԵԿՄ-ն քաղաքական միավոր չի եղել, չի էլ լինի, բայց ԵԿՄ անդամը կարող է մասնակցել քաղաքական կյանքին, դա իր իրավունքն է»,- ասաց Համլետ Հայրապետյանը։