Պահանջում եմ, որ լինի ազնիվ քննություն․ ասում է Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը

Պահանջում եմ, որ լինի ազնիվ քննություն․ ասում է Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը
Տասը տարի շարունակ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հարազատները պայքարում էին, որպեսզի բացահայտվեն եւ պատժվեն ոճրագործության պատվիրատուներն ու կատարողները։ Նրանց պարբերաբար հրավիրում էին Հատուկ քննչական ծառայություն, Գլխավոր դատախազություն, խոստումներ տալիս բացահայտման մասին, սակայն բոլորն էլ համոզված էին՝ քանի դեռ չի եղել իշխանափոխություն, Մարտի 1-ի բացահայտման մասին խոսելն անիմաստ է։ Այս ընթացքում փոխվեցին Գլխավոր դատախազները, Հատուկ քննչական ծառայության պետերը, իսկ «սայլը տեղից չշարժվեց»։ Անցած տասը տարիներին զոհերի հարազատներից ոմանք մահացան, ոմանք էլ , չունենալով իրենց զավակների եւ թոռների համար անվտանգության երաշխիքներ, հեռացան Հայաստանից։ Մարտի 1-ի զոհերի հարազատներից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, մի քանի տարի է, ինչ գտնվում է Բելգիայում։



Տիկին Ալլայից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունի իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանն ուղղված գործընթացի մեկնարկից, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին են ծանուցագիր ուղարկել եւ ներգրավել որպես վկա, 2008թ․ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին ներգրավել են որպես մեղադրյալ, որպես վկա հարցաքննվել է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը 2008թ․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է եղել։



«Վերջապես տաս տարի անց հաղթեցինք, ես այս հաղթանակը տասը տարի ամեն օր երազել էի,արթնացել հաղթանակի հույսով, և այն վերջապես իրականություն է։ Հիմա հավատում եմ, որ Մարտի 1-ի գործը մինչև վերջ կբացահայտվի, ուղղակի շատ անհամբեր եմ, ամեն օր տուն մտնելիս նորություն եմ փնտրում՝ տեսնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ճաղերի ետևում։ Ես չգիտեմ՝ արդյոք նո՞ւյն մարդիկ են ընդգրկված գործի քննության մեջ, բայց պահանջում եմ, որ ազնիվ քննություն լինի, կուզենայի նաև ծնողների վիճակի մեջ մտնեն, 10տարի է անցել արդեն, մի քիչ արագ գործեն»,- արձագանքեց Ալլա Հովհաննիսյանը։ Հարցին, թե կվերադառնա՞ Հայաստան, Ալլա Հովհաննիսյանը պատասխանեց․ «Հայաստան անպայման վերադառնալու եմ, ուղղակի դուստրս դեռ չի ավարտել ուսումը, ես չեմ կարող հենց այնպես թողել աշխատանքս, պայմանագիր ունեմ,բայց 10 տարվա դիմաց մեկ տարին շատ կարճ ժամանակ է, և հուսով եմ որ շուտով կվերադառնամ»։