ՀՀԿ-ի անհուսալի «պայծառակերպումը»

ՀՀԿ-ի անհուսալի «պայծառակերպումը»
Մամուլի հրապարակումները, թե ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «ռեստարտ» է սկսել և կամաց-կամաց նախապատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հարուցում են քաղաքականությունից քիչումիչ հասկացողների զարմանքն ու տարակուսանքը։ Եվ երբ այդ տեղեկությունները լրացվում են նրանով, թե ՍՍ-ը իբրև ռեստարտի գլխավոր միջոց որոշել է ազատվել կուսակցության մի շարք օդիոզ դեմքերից և ընտրություններից առաջ ներկայանալ նոր դեմքերով, զարմանքը խորանում է։ Մանավանդ որ անուններ են նաև նշվում․ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն կջանա հանրությանը «երևալ» Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Վիգեն Սարգսյանի դեմքերով։



Ու հենց սա է զարմանալին։



Վերոնշյալ «պայծառակերպ» եռյակը, որին քնքշորեն նաև «ՀՀԿ-ի ինտելեկտուալներ» են կոչում, կարծում եմ, մեծագույն հարցականի տակ է դնում ոչ միայն ապագա ընտրություններում ՀՀԿ-ի հնարավոր հաջողությունը, այլև, և ամենից առաջ, իր իսկ «ինտելեկտուալությունը»։ Ինտելեկտը վաղուց պիտի հուշած լիներ այդ եռյակին, որ ՀՀԿ-ն «պայծառակերպելու», հետո նաև նրա ծանր «խաչը վերացնելու»՝ բարձրացնելու սրբազան գործին, ով՝ ով, բայց Ս․ Սարգսյանը պետք է, որ չմասնակցի։ Ինտելեկտը պիտի բավարարեր եռյակին՝ ամենից առաջ Ս․ Սարգսյանի մեջ տեսնելու հայության օդիոզին։ Նրա՝ օդիոզ լինելու իրողությունը բացահայտ ակներևությամբ հաստատվել է ապրիլյան իրադարձությունների ժամանակ։ Հետևաբար, եթե կա մեկը, որից ամենից առաջ պիտի ազատվի ՀՀԿ-ն, իր իսկ առաջնորդն է։



Կարելի է պնդել․ անտարակույս դա հասկանում է նաև նշված եռյակը, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողանում բարձրաձայնել, առավել ևս՝ քայլեր ձեռնարկել։ Բայց եթե քաղաքականությամբ զբաղվող՝ ինտելեկտի պակաս իբր թե չունեցող մարդկանց նպատակների իրականացման ճանապարհին անհաղթահարելիորեն կանգնած է լինում սեփական վախկոտ «համավորությունը», տիրահաճ երկյուղածությունը, ծառայամտությունը, ուրեմն էլ ո՛ր օրվա ինտելեկտուլաներն են նրանք։ Ինտելեկտի գլխավոր նշաններից մեկը հենց ազատությունն է, երևույթները և անձանց սթափ գնահատելու համարձակությունը, իրականությունը պարզ տեսնելու և ճշմարտության աչքերին նայելու կարողությունը։ Եռյակը (անշուշտ եթե ճիշտ են մամուլի հրապարակումները ռեստարտի դերակատարների մասին) դրանք ակնհայտորեն չունի։ Հետևաբար՝ դա անհուսալի ինտելեկտուալություն է։



**Հ․Գ**․ Երբեք բարձր կարծիք չեմ ունեցել ՍՍ-ի ինտելեկտուալ կարողությունների վերաբերյալ․ նա դրանք առատորեն չի ունեցել։ Բայց ապրիլյան իրադարձություններից հետո գրեթե հավատացած էի, որ այդ մարդու ինտելեկտը կբավականացնի ոչ միայն վարչապետությունից, այլև կուսակցության առաջնորդությունից հրաժարվելու համար։ Մինչդեռ՝ ցավոք։



Հետևաբար, հազիվ թե իրատեսական է՝ ակնկալել, որ ՍՍ-ն իր պատմական (անչակերտ) ծառայությունը կմատուցի ՀՀԿ-ին՝ հրաժարվելով առաջնորդությունից։ Թող ների Շարմազանովը, բայց դա կլիներ միակ պատմական բանը, որ իր քաղաքական կարիերայի ընթացքում արած կլիներ սույն անձը։



Իսկ այդ քայլը պատշաճ երախտագիտությամբ կգնահատեր հանրությունը, կասկած չկա՝ նաև ՀՀԿ-ի բազմահազարանոց բանակը։



**Լևոն Սարգսյան**