Սարյանի գողացված նկարները նրա ծոռի սեփականությունն են

Սարյանի գողացված նկարները նրա ծոռի սեփականությունն են
Նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ դեռեւս 2013 թվականին Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն եւ հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել եւ, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել նկարները:



Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Պարզելու համար՝ նկարներն իրո՞ք պատկանում են վարպետի վրձնին, ինչպես նաեւ՝ դրանց արժեքը, նշանակվելու է համապատասխան փորձաքննություն:



Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը գտնվում էր ԱՄՆ-ում, ուստի խոսեցինք Սարյանի թոռնուհի, թանգարանի գլխավոր ֆոնդապահ, փոխտնօրեն **Սոֆյա Սարյանի** հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այն, ինչ տեսել է տեսանյութում, անկանկալների շարք է եղել իր համար։ «Ես ընդհանրապես կապ չունեմ այդ պատմության հետ, մոտավոր ինչ-որ բաներ գիտեի, բայց մանրամասներին տեղյակ չէի, երեկ լուրերով տեղեկացանք»,- ասաց նա ու նշեց, որ տեսանյութում ներկայացված աշխատանքները մասնավոր հավաքածուից են եւ պետական ֆոնդի հետ կապ չունեն․ «Իրենց պատկանող ժառանգության մասն է»։



Ինչ վերաբերում է Սարյանի ժառանգորդին, ապա, ինչպես տեղեկացանք, խոսքը գնում է Սարյանի ծոռի՝ Լազար Սարյանի մասին։



Փաստաբան **Նաիրի Ավետիսյանը** հանդիսանում է տվյալ ժառանգության մասի իրավատիրոջ լիազորված անձը։ Նա ասում է՝ այս գործից դեռ ընտանիքն էլ լավատեղյակ չէ, այս պահին լրացուցիչ տեղեկություն չունի, քանի որ նախաքննությունն Ազգային անվտանգությունն է վարում․ «Ասեմ միանգամից, որ թանգարանն այստեղ կապ չունի, դրանք պետական ֆոնդի նկարներ չեն, Սարյանի նկարները ժառանգության մաս են, ժառանգների սեփականությունը»։



Թե ինչ հանգամանքներում են նկարները տրվել Նարեկ Սարգսյանին, կա՞ պայմանագիր, իրավական որեւէ փաստաթուղթ, Ավետիսյանն ասաց․ «Ես դեռեւս չեմ կարող որեւէ տեղեկություն տալ, հիմա նախաքննություն է գնում, եւ չեմ ուզում խոչընդոտել նախաքննության ընթացքին»։



Ինչ վերաբերում է առերես հարցաքննությանը, Ավետիսյանը նշեց, որ ինքն առերեսմանը ներկա չի եղել, այն 2 անձի միջեւ է ընթացել, որն ԱԱԾ-ն է իրականացրել։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ **