Հանդիպում գրադարանների տնօրենների հետ

Հանդիպում գրադարանների տնօրենների հետ
Նախօրեին մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող գրադարանների տնօրենների հետ եւ առաջարկել բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները:



Գրադարանի ոլորտի պատասխանատուների կողմից հնչեցված մտահոգությունների առանցքում հիմնականում աշխատանքային կանոնակարգման հետ կապված հարցեր են եղել, որոնց առնչությամբ փոխնախարարը խոստացել է աշխատանքային այցելություններ կազմակերպել գրադարաններ եւ տեղում մանրամասն քննարկել խնդիրներն ու հնարավոր բոլոր լուծումները:



Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը նշեց, որ հանդիպումն ընդհանուր ծանոթություն է եղել ոլորտի տնօրենների հետ, հետագայում առանձին այցերի ժամանակ կոնկրետ խնդիրներ կբարձրացվեն։ «Առաջիկայում կլինի այցելություն նաեւ մեր գրադարան, կոնկրետ ժամկետներ նշված չեն, բայց անպայման լինելու է»,- ասաց նա ու նշեց, որ իրենք նույնպես ունեն բազմաթիվ ընթացիկ խնդիրներ, հարցեր, որոնք կարիք ունեն լուծման․ «Կենդանի օրգանիզմ է գրադարանը, եւ անհնար է, որ ամեն օր խնդիրներ չառաջանան։ Այն խնդիրները, որ հնարավոր է մեր ուժերով լուծել, լուծում ենք, մնացածը, որ լիազոր մարմնի իրավասության մեջ է մտնում, իրենք արդեն պետք է լուծեն»։