ՀՀԿ-ի որոշ առաջարկներ վարչապետի առաջարկներն են

ՀՀԿ-ի որոշ առաջարկներ վարչապետի առաջարկներն են
ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել։ Ըստ **Արփինե Հովհաննիսյանի**, դրանց որոշ մասը Նիկոլ Փաշինյանի առաջարկությունների պաշտպանությունն է։ «Օրինակ՝ առաջարկել էինք քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա եւ ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու միջոցով բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը։ Մենք առաջարկում ենք նաեւ տեխնիկական սարքերի ներմուծում նաեւ քվեարկության պրոցեսի համար, որը հնարավորություն կտա շեշտակիորեն բարձրացնել վստահությունն այդ գործընթացի նկատմամբ»։ Իսկ ինչո՞ւ դուք չարեցիք։ «Որովհետեւ մեր միջազգային գործընկերները մեզ խորհուրդ տվեցին, որ բնակչությունը պետք է պատրաստ լինի ամբողջական էլեկտրոնիզացիային անցնելուն, եւ խորհուրդ չեն տալիս ամբողջապես էլկետրոնիզացնել ողջ պրոցեսը՝ ե՛ւ գրանցման, ե՛ւ քվեարկության։ Խորհուրդ տվեցին փուլային ճանապարհով գնալ, մենք էլ անսացինք այդ հորդորին, որովհետեւ ժամանակը մեծ չէր, 8 ամսում մենք արեցինք գրանցման սարքերի այդ գործընթացը եւ 8-9 ամսում հնարավոր համարում ենք նաեւ այս սարքերի ներմուծումը»։ ՀՀԿ-ն առաջարկում է ամբողջ բնակչությանն անվճար ապահովել ID քարտերով։



**- Տպավորություն է, որ ինչի մեջ ձեզ մեղադրում էին, հիմա առաջարկում եք անել։**



Ոչ, Ձեր տպավորությունն իրականությանը չի համապատասխանում․ պատրաստ եղել ենք եւ կարող էինք այդ քայլին գնալ էն ժամանակ, բայց խուսափեցինք միանգամից շատ մեծ ծավալի էլեկտրոնային սարքեր մտցնելու հանգամանքից՝ հաշվի առնելով, որ բնակչությանը պետք է պատրաստել, անհրաժեշտ են դրա համար դասընթացներ եւ այլն։



**- Տպավորություն է նաեւ, որ նոր իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որ ՀՀԿ-ն նորից չփորձի կեղծիքներով քվե ապահովել։**



Յուրաքանչյուր ընտրության ժամանակ յուրաքանչյուր քաղաքական ուժ ներկայացնում է ընտրակեղծիքների բացառմանն ուղղված իր առաջարկները։ Շատ առաջարկներ, որոնք ներկայացվում են, Ընտրական օրենսգրքում արդեն կան։ Այլ հարց է, որ պետք է ապահովեն դրանց պատշաճ կիրառելիությունը, որ ապացույցների բազա լինի եւ այլն։ Միշտ կարելի է խոսել ընտրակաշառքների, այլ խախտումների մասին, բայց չափազանց կարեւոր է ապացույցներ ներկայացնելը։ Եվ եթե լրացուցիչ մեխանիզմներ են առաջարկում խախտումները բացառելու համար, մենք միայն ողջունում ենք եւ չենք դիտարկում դա որեւէ մեկին դեմ կամ կողմ։



**- Կառավարական հանձնաժողովը որոշել է անցնել փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի։**



Նախ` ես չգիտեմ, թե ինչ են որոշել։ ՀՀԿ-ն ոչ թե ինչ-որ կոնկրետ ընտրակարգ է պաշտպանում, որ ասում է՝ սրան դեմ է, նրան՝ կողմ, ասում է հետեւյալը՝ որ չկա որեւէ ընտրակարգ աշխարհում, որի վերաբերյալ կան բացարձակ հիացական տեսակետներ, եւ ճիշտ հակառակը։ Ի՞նչ ենք մենք առաջարկում, մենք ընդամենը ասում ենք, որ ներկայացված առաջարկությունների լայն շրջանակում գտնենք այնպիսի միջանկյալ մոդելներ, որը մի քանի խնդիրների լուծում կկարողանա ապահովել։ Դրանցից մեկը տարածքներից ընտրված պատգամավորների ներկայությունն է խորհրդարանում։ Եթե մարզի ժողովուրդը համարել է, որ այդ պատգամավորն է իր ներկայացուցիչը խորհրդարանում, որովհետեւ իրենք վստահում են նրան, ուրեմն պետք է որոշակի առումով դա կարողանանք ապահովել։ Օրինակ՝ այս հարցում Իտալիան հասել էր ընդհուպ Եվրոպական դատարան՝ վիճարկելով փակ համամասնական համակարգը, քանի որ այդտեղ մեծ խզում է առաջանում ընտրողի եւ ընտրվածի միջեւ, քանի որ ընտրողը չի ընտրում կոնկրետ անձ, այլ ընտրում է կուսակցության լոգոն կամ բրենդը։ Իսկ պատգամավորներին որոշում է կուսակցական վերնախավը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**