Սևանից ջրառի հարցը հանել են արտահերթ նիստի օրակարգից

Սևանից ջրառի հարցը հանել են արտահերթ նիստի օրակարգից
Ազգային ժողովը կառավարության առաջարկով հուլիսի 11-ին, ժամը 11-ին արտահերթ նիստ կհրավիրի։ Կառավարության սահմանած օրակարգում առկա է հինգ հարց, որոնցից մեկը տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծն է։ Այն ձևակերպված է այսպես․ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին»։ Սա կառավարության նախորդ նիստում քննարկված հարցն է, որով մտադիր են «ջրել» մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքները։



Սրա վերաբերյալ, սակայն, որոշ մտահոգություններ հնչեցին թե՛ գլխավոր դատախազի, թե ՊԵԿ նախագահի կողմից։ Վարչապետն էլ հանձնարարեց նորից քննարկել ու վերացնել դրանք, ավելի պարզեցված ու հասկանալի տեսքով ուղարկել նախագիծը խորհրդարան։ Հարցերից մեկն էլ վերաբերում է «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու հարցին։ Ազդարարների օն լայն հարթակը պետք է ստեղծված լիներ հուլիսի 1-ից։ Մեկ այլ հարցով էլ փոփոխություն և լրացում են կատարելու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։



Ի դեպ, մեր տեղեկություններով՝ այս արտահերթ նիստում պետք է ընդգրկված լիներ նաև Սևանից ջրառ կատարելու վերաբերյալ հարցը, քանի որ երաշտի պատճառով նորից դաշտերում ոռոգման ջրի խնդիր է առաջացել, սակայն երեկվա դրությամբ օրակարգում նման հարց ընդգրկված չէր։



 **Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**