Թրամփը հրամայել է գաղտնազերծել Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների փաստաթղթերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որի համաձայն պետք է գաղտնազերծվեն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու, նրա կրտսեր եղբոր՝ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու և քարոզիչ Մարտին Լյութեր Քինգի սպանություններին վերաբերող փաստաթղթերը։
Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հանրապետականը խոստացել էր դա անել թե՛ իր առաջին նախագահական ժամկետում, թե՛ երկրորդ ընտրարշավի ժամանակ։
«Սա մեծ իրադարձություն է, շատերը դրան սպասել են տարիներ, տասնամյակներ: Եվ ամեն ինչ կբացահայտվի», - ասել է Թրամփը ստորագրումից հետո:
Հրապարակված հրամանագրում նշվում է, որ թեև ԱՄՆ օրենսդրությունը պահանջում էր Ջոն Քենեդիի սպանության տվյալների ամբողջական գաղտնազերծում մինչև 2017 թվականը, և՛ Թրամփը, և՛ նախորդ նախագահ Ջո Բայդենը լրացուցիչ ժամանակ տվեցին ԱՄՆ հետախուզությանը` գնահատելու, թե արդյոք մնացած տվյալների գաղտնազերծումը կարող է վնաս հասցնել Միացյալ Նահանգների շահերին և միջազգային հարաբերություններին։
«Ես որոշեցի, որ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված նյութերի շարունակական խմբագրումն ու տեղեկատվության կոծկումը չի բխում հանրային շահից, և որ վաղուց էր անհրաժեշտ հրապարակել այդ նյութերը: Ու թեև Կոնգրեսի որևէ օրենք չի պահանջում սենատոր Ռոբերտ Ֆ. Քենեդու և դոկտոր Մարտին Լյութեր Քինգ-կրտսերի սպանության հետ կապված տեղեկատվության հրապարակում, ես որոշեցի, որ դաշնային կառավարության տիրապետության տակ գտնվող և այդ սպանություններից յուրաքանչյուրին առնչվող բոլոր նյութերի հրապարակումը նույնպես բխում է հանրային շահերից»,- ասվում է Թրամփի հրամանում։
Հրամանագրի ստորագրման պահից հետո ԱՄՆ կառավարական մարմինները 15 օր ժամանակ ունեն՝ նախագահին տրամադրելու 35-րդ նախագահի սպանության մասին տվյալների ամբողջությամբ գաղտնազերծելու ծրագիրը, և 45 օր՝ տվյալների վերանայման և Քինգի ու Քենեդու սպանությունների վերաբերյալ փաստաթղթերի հրապարակման ծրագիր ներկայացնելու համար:
Կարծիքներ