Ադրբեջանը մեղադրում է Իրանի՞ն

Ադրբեջանը մեղադրում է Իրանի՞ն
Հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիեւը եւ նրա թիկնապահ Գասում Աշբազովը ենթարկվել են զինված հարձակման եւ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Գյանջայի քաղաքապետը բուժման նպատակով տեղափոխվել է Իսրայել, իսկ Աշբազովը գտնվում է Բաքվի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, համատեղ [հայտարարությամբ](http://virtualaz.org/olke/121609) հանդես են եկել Ադրբեջանի դատախազությունը, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունը:



Ըստ պաշտոնական վարկածի, մահափորձն իրականացրել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յուսիֆ Սաֆարովը, իսկ կատարվածը նախապես ծրագրված ահաբեկչություն է: Հետաքննություն իրականացնող մարմիններին հայտնի է դարձել, որ Սաֆարովը 2016 թվականին անցել է Իրան եւ ութ ամիս բնակվել Ղում քաղաքում՝ անցնելով մարտական պատրաստության դասընթացներ: Այնուհետեւ նա Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ասադովի հետ անցել է Սիրիա, որտեղ մասնակցել է մարտական գործողությունների: Մեկ տարի անց վերադառնալով Գյանջա, Սաֆարովը ձեռնամուխ է եղել զենք հայթայթելու գործին եւ ամիսներ անց Kapital bank-ում հերթապահող ոստիկանին պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ տիրացել է նրա հաշվեցուցակային զենքին՝ «Մակարով» ատրճանակին, որից հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետի եւ նրա թեկնապահի ուղղությամբ արձակել է երեք կրակոց: Գործով իրականացված օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում պարզվել է, որ Սաֆարովը միայնակ չի գործել:



Խումբը, որը դավանում է իսլամական համերաշխության գաղափարները, մտադրություն է ունեցել իրականացնել մի շարք ազդեցիկ պաշտոնյաների սպանություն, Ադրբեջանում ստեղծել քաոսային իրավիճակ եւ ի վերջո հասնել սահմանադրական կարգի տապալմանը եւ կրոնապետության հաստատմանը: Սա է դեպքի առթիվ Ադրբեջանի պատկան մարմինների տարածած հայտարարության բովանդակային մասը, որը մղում է մեկ հետեւության՝ փորձ է արվում Գյանջայում տեղի ունեցածը կապել Իրանի հատուկ ծառայությունների հետ: Հակառակ դեպքում ինչո՞ւ են հատուկ շեշտում, որ ահաբեկիչ Սաֆարովն ութ ամիս գտնվել է Իրանում, որտեղ անցել է մարտական պատրաստության դասընթաց: Ավելին, Սաֆարովը ներկայացված է որպես իսլամական կրոնապետության գաղափարակիր: Այս ընդգծման հասցեատերը նույնպես Իրանի իսլամական հանրապետությունն է:



Պատկերն ավելի ամբողջական կլինի, եթե նկատենք, որ Գյանջայի ահաբեկչությունից մեկ օր առաջ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարություն էր տարածել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին, որի ընթացքում սպանվել է Իրանի քաղաքացի: Կարձագանքի՞ այս մեղադրանքներին իրանական կողմը: Հրապարակային հայտարարություն, ըստ երեւույթին, չի արվի, բայց Թեհրանում հազիվ թե անուշադրության մատնեն Ադրբեջանի ուժային կառույցների հնչեցրած տեսակետը: Իսկ առհասարակ երեւույթն ապացուցում է, թե որքան խախուտ է պետական կարգն Ադրբեջանում, եթե մի քաղաքապետի սպանությունը կարող էր դառնալ իսլամական հեղաշրջման դրդապատճառ: