Փորձում են խստացնել ընտրատեղամասում ընտրողներին օգնողների հարցը

Փորձում են խստացնել ընտրատեղամասում ընտրողներին օգնողների հարցը
ԲՀԿ-ն առաջարկում է ընտրատեղամասում արգելել նույն անձի կողմից մեկից ավելի ընտրողներին օգնելը և օգնել միայն տեղեկանքի դեպքում: Այս առաջարկն այսօր ԸՕ բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ ներկայացրեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։



«Այս օգնելու ինստիտուտի վերաբերյալ բոլորս գիտենք՝ նախորդ ընտրություններին օգնելով ընտրել են 79 500 մարդ, այնինչ օգնելու իրական իրավական քաղաքացիների թիվը, որոնք ունեն բժշկի տեղեկանք, մի քանի անգամ պակաս է»,-ասաց Բագրատյանը։ Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ ինքը Աշխատանքի և սոցիալական ծառայության հարցերի նախարարության համապատասխան բաժնից ստացել է տվյալներ, որ մոտ 15 հազար քաղաքացի կա, որոնք կարիք ունեն, որ իրենց ուղեկցեն ընտրատեղամասում ընտրություն կատարելիս: Բայց դա պատոնական պատասխան չէ։



ՀՀԿ-ից Վիգեն Սարգսյանն առաջարկեց այս թվերը նաև պաշտոնապես ճշտել։ ՀՀԿ-ականները, սակայն, կարծում են, որ խնդիրներ ունեցողները շատ են, որոնք ուղղակի գրանցված չեն: Բացի այդ, գործող Ընտրական օրենսգրքում արդեն իսկ կա մեկից ավելի ընտրողին թույլ չտալ օգնելու պահանջը: «Ելք» խմբակության ներկայացուցիչ Գեորգի Դոխոլյանն էլ նկատեց, որ նախորդ ընտրությանն այնքան շատ էին օգնության կարիք ունեցող քաղաքացիները, որ ձանձրացել էին գրանցել:



«Տոտալ գալիս էին օգնությամբ ընտրելու համար»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նրան հորդորեց չձանձրանալ ընտրությունների ժամանակ։ Հարությունյանի խոսքով՝ գյուղերում շատ կան դեպքեր, որ չեն գրացվում տեղեկանք ստանալու համար: Ըստ նրա՝ միայն մեկ ընտրողին օգնողը մեկից ավելի ընտրողի չի էլ կարող: «Ցավոք իրավիճակն այդպիսին չէ, որ գյուղական վայրում բազմաթիվ մարդիկ կան, որ ունենալով տեսողական խնդիրներ՝ բժիկներին չեն այցելում, ակնոց չեն կրում, ցավոք՝ ֆինանսական վիճակից ելնելով, դրա համար, եթե կարողացանք, պետք է օգտագործենք մեր առաջարկած սարքերը, որոնք հենց այդ հարցին էլ են պատասխան տալիս»,-ասաց նա:



Առաջարկները ներկայացնող Սերգեյ Բագրատյանն էլ արձագանքեց, որ բժշկի տեղեկանքի հարցում չեն կարողանում գտնել լավագույն լուծումը և պետք է դեռ քննարկել:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**