Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներն արձագանքում են Հ1-ի մասով հարուցված քրեական գործին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներն արձագանքում են Հ1-ի մասով հարուցված քրեական գործին
Նախօրեին գլխավոր դատախազությունը հաղորդում տարածեց, որ Հանրային հեռուստաընկերությունում կատարված չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։



Ստուգման արդյունքների եւ դրան առնչվող պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016 թվականներին տարբեր կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ 400 մլն դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման եւ այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար։



Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից պետության բյուջետային միջոցներով 2015-2016 թվականներին իրականացված շուրջ 168.5 մլն դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր, կատարողական ակտեր կազմելով եւ օգտագործելով, ուռճացված, անհիմն ծախսեր հաշվարկելով եւ վճարելով:



Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:



Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությունն արձագանքեց դատախազության հայտարարությանը՝ նշելով, որ քրգործի հարուցման համար առիթ համարվող լրատվամիջոցների հրապարակումները պետք է ուսումնասիրվեն․ «Որպես առերեւույթ չարաշահումներ՝ դիտարկվել են ֆինանսների նախարարության տեսչական ստուգումների արդյունքում ի հայտ եկած եւ հետագայում շտկված խախտումները: Խոսքը նույն այն խախտումների մասին է, որոնց շուրջ մի շարք պարզաբանումներ են տրվել ինչպես զանգվածային լրատվամիջոցներում, այնպես էլ ԱԺ-ում՝ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին»:



Ըստ Հանրային հեռուստաընկերության, դատախազության որոշմանն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ որոշ ձեւակերպումներ որակելով ոչ կոռեկտ եւ չհիմնավորված: Մասնավորապես․ «Դատախազության իրավունքն է, հաշվի չառնելով ֆինանսների նախարարության եզրակացությունը, ԱԺ-ում կայացած քննարկումների արդյունքները եւ մամուլում հնչեցված մի շարք պարզաբանումները, սեփական կարծիքն ունենալ յուրաքանչյուր իրավիճակի մասին: Այնուամենայնիվ, քրեական գործ հարուցելու որոշումը զարմանալի էր, իսկ որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումները՝ ոչ կոռեկտ եւ չհիմնավորված: Դա թույլ է տալիս ենթադրել, որ դատախազությունը քրեական գործի հարուցումը նախաձեռնել է՝ պայմանավորված ոչ թե դրա անհրաժեշտությամբ, այլ զուտ թեմայի հանրային հնչեղությամբ: Բայց նաեւ ուզում ենք հավատալ, որ այս գործընթացի շարունակությունը ժառանգած Քննչական կոմիտեն զերծ կմնա հանրությանը հաճոյանալուց եւ նախաքննությունը կիրականացնի անաչառ: Սա առաջին հերթին Հանրային հեռուստաընկերության ցանկությունն է, եւ մենք մեր կողմից հայտնում ենք այս ուղղությամբ լիարժեք աջակցության պատրաստակամություն»:



Երեկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ **Լեւոն Գալստյանն** իր ֆեյսբուքյան էջում արդեն այսպիսի գրառում էր արել․ «Սիրելի բարեկամներ, վերջերս Հանրային հեռուստաընկերության շուրջ ստեղծված մթնոլորտը մղեց ինձ վերջնականապես վերանայելու իմ տեղն ու դերը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում»:



Լեւոն Գալստյանից երեկ հետաքրքրվեցինք՝ խորհրդից դուրս գալու դիմո՞ւմ է ներկայացրել։ «Նման մտադրություն ունեմ, բայց քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է, վաղը կորոշեմ»։ Ինչ վերաբերում է իր գրառմանը, ապա․ «Ես գրել եմ այն, ինչ գրել եմ, եւ վաղն էլ կորոշեմ այն, ինչ կորոշեմ»։ Մեր տեղեկություններով, այս որոշման պատճառն այն է, որ խորհրդի անունից հայտարարությունը տարածել են առանց Լեւոն Գալստյանի կարծիքը հարցնելու։



Խորհրդի անդամներից **Նարա Շլեպչյանն** ասում է, որ իրենց համար շոկ էր այդ հայտարարությունը, իսկ իր համար՝ ավելի մեծ։ «Ինձ համար դա շատ մեծ շոկ է, որովհետեւ ես ծնվել եմ այդ հեռուստատեսությունում եւ, կներեք ինձ, նաեւ ծնել եմ այդ հեռուստատեսությունը, հիմնադիրներից մեկն եմ, ու ոնց որ իմ զավակը լինի… այ, հիմա ես հուզվում եմ»,- ասաց տիկին Շլեպչյանն ու հավելեց, որ այս ընթացքում մի քանի սթրես է տարել, նույնիսկ հիվանդանոց է տեղափոխվել, երբ մամուլում «խորհուրդ», «հրաժարական տուր» կոչերն է կարդացել՝ իրենց բոլորի նկարներով․ «Ես ցավում եմ, որովհետեւ հիմա դա այնպես են ներկայացնում, որ կարծես խորհուրդն է մեղավոր»։



Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, ըստ Շլեպչյանի, որոշեց պատասխանել դատախազության հայտարարությանը, որովհետեւ «մինչեւ այդ եկել ստուգել էին, տեսել էին, որ բոլոր թղթերն իրավական են, մենք կարծեցինք, որ արդեն բավարարված են դրանով, եւ հայտարարության միտքը սա էր, որ եկաք ստուգեցիք, համոզվեցիք, հիմա ի՞նչ… Ես ցավում եմ, որ նման բան է տեղի ունեցել կամ գուցե տեղի չի ունեցել։ Չեմ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել, ես արդեն 62 տարի աշխատում եմ ազնիվ եւ անբասիր ու հիմա ամոթ եմ զգում»։ Տիկինը հույս է հայտնում, որ նման բան չի եղել, հակառակ դեպքում եթե պարզվի, որ դա իրոք այդպես է, ապա «ստիպված եմ հեռանալ… ես շատ անհարմար եմ զգում, հասկանո՞ւմ եք։ Արդեն Լոս Անջելեսից քանի հոգի զանգել ասում է՝ Նառ, չե՞ն ամաչում նման բան են անում…»։ Նարա Շլեպչյանը նկատում է․ «Ինչ լավ է, որ իմ կոչումները սովետական ժամանակ եմ ստացել, հանկարծ հիմա չասեն՝ այդ ճանապարհով է ստացել»։



«Մենք դա համարել ենք ոչ կոռեկտ, որովհետեւ այդ հարցերն արդեն շոշափվել են, եւ դրանց տրվել է պատասխան թե՛ եթերում, թե՛ ԱԺ-ում,- ասում է խորհրդի անդամ **Ստեփան Զաքարյանն** ու հավելում,- ֆինանսների նախարարն էլ է տվել պատասխան, որ դա յուրացում չէ, այլ՝ խախտում։ Այսինքն՝ եթե շինարարության համար նախատեսված գումարը ծախսվել է տեխնիկայի վրա եւ հակառակը, ապա դա ոչ թե յուրացում է, այլ՝ խախտում»։ Զաքարյանը նշում է, որ իրենք, անկախ ամեն ինչից, պատրաստակամ են ամեն ինչով օժանդակելու քննչական մարմիններին։



Նա համոզված է, որ ոչ մի յուրացման մասին խոսք լինել չի կարող․ «Ես չեմ կարող դա ասել 120 տոկոսով, բայց գրեթե համոզված եմ, որ լուրջ բան չի կարող լինել, եւ հետո՝ եթե մեղադրանք կա, որ մենք պայմանագիր ենք կնքել որեւէ կազմակերպության հետ, որն ունի ավելորդ աշխատող, դա մեր խնդիրը չէ։ Օրինակ, ես հաղորդում եմ արել «Բարս մեդիայի» հետ՝ պատրաստելով «Հայաստանի առեղծվածները», ու ինձ մեղադրում էին, որ՝ որպես խորհրդի անդամ, ես իրավունք չունեի, բայց ես իրավունք ունեմ, որովհետեւ իմ պայմանագիրը եղել է «Բարս մեդիայի» հետ, ոչ թե Հանրային հեռուստաընկերության, եւ ես ինքս եմ ուզել, որ «Բարս մեդիան» անի, որովհետեւ մասնագիտացած են ու հաստատ Հ1-ից լավ կանեին, դրա համար որոշեցինք իրենց հետ պայմանագիր կնքել։ Ու ես այդ պայմանագրով ամեն ֆիլմի համար ստացել եմ 150 հազար դրամ, որը ծիծաղելի է, որովհետեւ ուրիշ մի երկրում այդ գումարը կկազմեր 500-600՝ մինիմում»։



Կեղծ փաստաթղթերի հիման վրա կատարված 168 մլն-ի ծախսերի վերաբերյալ էլ ասաց․ «Այդ հարցն այնքան է ծեծվել, եւ Մարգարիտան՝ հեռուստատեսության տնօրենը, պատասխանեց այդ հարցին ԱԺ-ում, մենք նույնիսկ տեսահոլովակ նկարեցինք եւ ցույց տվեցինք, թե ինչպիսին էր Հ1-ը տարիներ առաջ եւ հիմա։ Ես համարում եմ, որ ամոթ էլ է, որովհետեւ այնքան գործ է արվել Ալիկ Հարությունյանից հետո, որովհետեւ այն ժամանակ խայտառակ վիճակ էր։ Հիմա ես չգիտեմ, կարող է ինչ-որ պատվեր են տվել շինարարին, այդ շինարարն ինչ-որ մի բան յուրացրել է․ այդպես կոպեկ-կոպեկ չես կարող իմանալ ինչ է եղել։ Ինձ դժվար է ասել, բայց ես գիտեմ, որ ֆինանսների նախարարությունը երբ դա ստուգեց, ասեց՝ խախտումներ կան, ոչ թե յուրացումներ, եւ դա ասեց նաեւ ԱԺ-ում։ Այս քրեական գործը հարուցվել է նույն մեղադրանքներով, ինչը ժխտվել է արդեն, եւ մենք դրանից ելնելով ենք համարում, որ ինչ-որ չափով դա հաճոյանալու համար է, քանի որ Հ1-ի անունը դուրս է եկել որպես իշխանական։ Եվ իսկապես՝ այդպես էլ եղել է, գաղտնիք չէ, որ իշխանությունն է տնօրինել քաղաքական մասը, բայց հեռուստատեսությունը միայն քաղաքական մաս չէ»։



Նա նկատում է՝ եթե վարչապետը ինչպես ասաց, դատական մարմինների գործերին չի խառնվելու, նույնն անի նաեւ խորհրդի դեպքում՝ չխառնվելով նրա աշխատանքներին, ակնհայտ է, որ հեռուստատեսությունը կլինի ավելի անկախ։



Եթե հաստատվեն այդ չարաշահումները, հնարավո՞ր է ինքն էլ ազատման դիմում գրի։ «Ես ի՞նչ կապ ունեմ չարաշահման հետ ընդհանրապես, բարոյական մակարդակով ես չեմ հավատում, որ այնպիսի բան լինի, որ ես պատասխանատու եմ դրա համար»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**