Միայն նրա համար, որ երկրում եղավ հեղափոխություն, հո մարդկանց ուղեղում էլ չեղա՞վ հեղափոխություն

Միայն նրա համար, որ երկրում եղավ հեղափոխություն, հո մարդկանց ուղեղում էլ չեղա՞վ հեղափոխություն
Վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի պլանները մասամբ արդեն հայտնի են։ Օրինակ՝ ուզում են իսպառ վերացնել բաց ցուցակներով կամ, այսպես կոչված, ռեյտինգային համակարգը եւ անցում կատարել փակ ցուցակներով համամասնական համակարգի։ Սա արդեն իսկ ոչ միանշանակ է ընդունվում որոշ շրջանակների կողմից, թեպետ բուն հանձնաժողովի անդամներն ու նրանց հետ աշխատող ուժերը ոգեւորված են այս փոփոխություններով։ Ըստ երեւույթին՝ կառավարական հանձնաժողովը դիմադրության կարժանանա խորհրդարանական ճակատից, երբ ԱԺ-ում ձեւավորված աշխատանքային խումբը, հատկապես՝ ՀՀԿ-ն, հակառակվի իշխանությունների գծած պլաններին եւ իր առաջարկներով հանդես գա։



Փակ ցուցակով համամասնական ընտրակարգն այն է, որ ներկայացվելու է կուսակցության կամ դաշինքի նախընտրական ցուցակը, ընտրողը ծանոթանալու է այդ ցուցակին, սակայն ձայն է տալու տվյալ քաղաքական ուժին, այսինքն՝ ռեյտինգավորում չի լինելու, չի կարողանալու այդ ցուցակից իր նախընտրած թեկնածուին ձայն տալ։



Հանձնաժողովի՝ քաղհասարակության սեկտորի ներկայացուցիչ, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ իրավախորհրդատու **Հերքինազ Տիգրանյանին** հարցրինք, թե Հանրապետականի կամ, ընդհանրապես, խորհրդարանական ուժերի հետ քննարկում եղե՞լ է այս թեմայով, իրենց կարծիքը լսե՞լ են։



«Եթե նկատի ունեք բարեփոխումների պաշտոնական հանձնաժողովը, ոչ, չի եղել, հանձնաժողովն ընդամենը արել է երկու-երեք նիստ։ Բայց մինչեւ հանձնաժողովի ձեւավորումը, ով հիմա կոորդինացնում է հանձնաժողովի աշխատանքները, ունեցել է կոնսուլտատիվ հանդիպումներ, որոնք ոչ ֆորմալ են եղել, բայց էս ամենը ենթադրում է՝ երբ որ հանձնաժողովը կունենա սկզբունքային հարցերում դիրքորոշում, էդ դիրքորոշումներով կգնա հանդիպելու ԱԺ խմբակցությունների հետ»,- ասաց նա։



**- Արդեն ենթադրելի է, որ եթե իշխանությունները հակված են այս տարբերակին, թերեւս հենց այդ տարբերակն էլ կանցնի, այնպես, ինչպես ՀՀԿ-ի դեպքում էր, երբ մտքին մի բան դնում էր, ընդդիմությունը որքան էլ այլ բան պահանջեր, իր ուզածն էր անցկացնում։ Այսինքն՝ պատմությունը կարող է կրկնվել՝ ոչ լավ իմաստով։**



Ես նման մտավախություն չունեմ՝ պատմությունը կրկնվելու, ես ընդամենը ուզում եմ հիշեցնել՝ երբ որ Ընտրական օրենսգիրքն ընդունվեց, տարածքային ցուցակներին դեմ էր ինչպես ՀՅԴ-ն, էնպես էլ ԲՀԿ-ն, ու իրենք էլ են նախաձեռնել։ Ու էս փուլում չեմ կարծում, որ իրենց մոտեցումը պետք է փոխվի էս հարցի վերաբերյալ։ Էդ տեսակետին եղել եւ պաշտպանում է Հանրապետականը, եթե ինքը կգտնի, որ դա լավագույն լուծումն է, մենք գտնում ենք, որ դա վատագույն լուծումն է, որովհետեւ 2017 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ դա խայտառակ լուծում է։



**- Ըստ տեսակետների, ուժեր կան, որոնց մեջ չկան հեղինակություն վայելող անձինք, անկախ նրանից, թե այդ հեղինակություն վայելողներն իրականում ինչ հեղինակություն ունեն, այդ ուժերը փորձում են ապավինել մեկ անձի հեղինակությանը՝ դրանով իսկ փորձելով ձայն ապահովել։ Այս առումով գուցե «ՔՊ»-ին ու ԲՀԿ-ին ձեռնտու է այս փակ ցուցակներով համակարգը, քանզի մի տեղ կա Նիկոլ Փաշինյան՝ իր հեղինակությամբ, եւ կա Գագիկ Ծառուկյան՝ իր հեղինակությամբ։**



Էդ դեպքում այն կուսակցությոոնը, որը մտավախություն ունի, որ տարածքային ցուցակները կհանեն, եւ ինքը ֆիասկո կապրի, ուրեմն թող իր առաջին դեմքին դնի այնպիսի մարդու, որ եթե մարդիկ ոչ թե գաղափարի հետեւից են գնում, ինչը շատ վատ է, այլ գնում են մարդու հետեւից, ուրեմն թող էդ մարդը լինի էնպիսի մի խարիզմայով դեմք, որի հետեւից կգնան ընտրողները։ Էս պահին ես այլ տարբերակ չեմ կարող առաջարկել։ Եթե Դուք կարծում եք, թե սրանով մեկ անձի կուսակցություն ենք ստեղծում, կարող է եւ էս պահին էդպես է։ Բայց նպատակն ավելի շատ պիտի գնա կուսակցության գաղափարներին։ Խնդրեմ, եթե ՀՀԿ-ն մտավախություն ունի, թող մի խարիզմայով, ուղեղով, ավելի պայծառ, լուսավոր մեկին դնի իր առաջին դեմք՝ որպես կուսակցության ղեկավար, ու իր հետեւից տանի։ Թող մարդիկ գան մարդու հետեւից։ Էս պահին մենք չենք կարող մարդկանց զոռով ստիպենք, որ գնան գաղափարների հետեւից։



**- Այսինքն՝ ընդունում եք, որ ամեն դեպքում այս պահին մենք գաղափարական մոտեցումն առանցքում չենք դնում։**



Իհարկե, չեմ կարող բացառել։ Քանի տարի կուսակցական համակարգը հենց էդպես է ձեւավորվել՝ անձ-կուսակցություն է ստեղծվել, ու մի օրում, միայն նրա համար, որ երկրում եղավ հեղափոխություն, հո մարդկանց ուղեղում էլ չեղա՞վ հեղափոխություն, որ իրենք ընտրեն ոչ թե անձին, այլ գաղափարախոսությունը։ Մարդիկ դեռ գնալու են մարդկանց հետեւից։



**- Այսինքն՝ շատ բան չի փոխվել։**



Չէ, շատ բան է փոխվել, բայց դեռ կուսակցական համակարգի ընկալման առումով մարդկանց մոտ բան չի փոխվել։ Իրենք դեռ չեն կարդում ծրագրերը, որովհետեւ իրենք ծրագրերին չեն հավատում, բայց իրենք տեսնում են մարդու գործողությունը։ Դուք օրինակ բերեցիք «ՔՊ»-ն, իրենք «ՔՊ»-ի որեւէ ծրագիր կարող է չեն տեսել, բայց տեսնում են «ՔՊ» լիդերի կատարած քայլերը, որը չէին տեսել, ասենք, 25 տարի։



**- Կամ տեսնում են, ասենք, Գագիկ Ծառուկյանի բարեգործությունները։**



Չեն տեսնի այլեւս Գագիկ Ծառուկյանի բարեգործությունը գոնե նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, որովհետեւ շատ դժվար է որոշել էդ շեմը՝ սա բարեգործությո՞ւն էր, թե՞, ասենք, ընտրակաշառք։



**- Բայց ես՝ որպես ընտրող, հիմա ինձ խաբված եմ զգում, որովհետեւ ես միշտ կատարել եմ գաղափարական ընտրություն, բայց հասարակության մեծ մասն առաջնորդվելու է, ասենք, Գագիկ Ծառուկյանի «բարեգործական» մկաններով, Նիկոլ Փաշինյանի հեղափոխական «թրաշով» եւ այլն, եւ ես արանքում տուժելու եմ՝ որպես գաղափարական ընտրող, քանի որ ինձպեսները քիչ կլինեն։**



Ժողովրդավարական երկրներում դեռեւս մեծամասնությունն իր կամքը թելադրում է փոքրամասնությանը։ Դուք դեռեւս փոքրամասնություն եք էդ առումով, մինչեւ բոլորը կսկսեն գաղափարական ընտրություն կատարել։



**- Բայց ես հեղափոխությունից ակնկալում էի նաեւ գաղափարական փոփոխություն… ի վերջո, հեղափոխության ակունքում նաեւ գաղափարների եւ արժեքների փոփոխությունը պետք է լիներ, չէ՞։**



Հեղափոխությունից անցել է ընդամենը 2 ամիս, համբերեք։ Էս երկիրը 25 տարի ուրիշ գաղափարներով է սնվել, ապրել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**