Ցավակցում եմ

Ցավակցում եմ
Անկեղծորեն ցավակցում եմ մասնագիտական 2 խմբի՝ լրագրողներին, որոնք աշխատում են անազատ լրատվամիջոցներում, եւ իրավապահներին, որոնք աշխատում են դատախազությունում, քննչական կոմիտեում, ոստիկանությունում ու ԱԱԾ-ում։ Կարո՞ղ է արդյոք լինել ավելի մեծ պատիժ, քան մի քանի օրում արագ «վերակազմակերպվելն» ու նախկին բոլոր ասածներիդ-արածներիդ հակառակ ֆորմատով աշխատելը-գործելը։ Մարդիկ, որոնք տասնյակ տարիներ մեծ եռանդով պաշտպանել ու գովերգել են ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, գրել են, որ Մարտի 1-ին «մի խումբ անձինք» «զանգվածային անկարգություններ» են հրահրել, պնդել են, որ կոռուպցիան հեշտ չէ բացահայտելը, քանի որ «փաստեր չկան», մեր բոլոր հրապարակումներին պատասխանել են, թե «իրականությանը չեն համապատասխանում ձեր հրապարակած տեղեկությունները», այժմ ստիպված են խոստովանել, որ Մարտի 1-ի մեղավորներն իշխանության մեջ են եղել, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանի ընտանիքն անբիծ չեն, եւ ամեն օր աղմկոտ բացահայտումներ են անում՝ հերքելով կոռուպցիայի բացահայտման անհնարինությունն ու հաստատելով տարիների մեր հրապարակումները։



Իսկ Հ1-ի եթերում ծանր ու մեծ բազմած եւ իշխանական լրագրողներին հարցազրույցներ տվող Արամ Մանուկյանին, Տիգրան Պասկեւիչյանին, Վահե Գրիգորյանին ու Դանիել Իոաննիսյանին տեսնելն առհասարակ զավեշտի ոլորտից է։ Նրանց հետ հարցազրույցներ անող լրագրողների հոգեվիճակի մասին միայն ենթադրություններ կարելի է անել։ Ընդամենը օրեր առաջ Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին, Արմեն Աշոտյանին ու Հրայր Թովմասյանին հարցազրույցի հրավիրող Հանրայինը հանկարծ պարզել է, որ այլ իրավաբաններ, քաղաքական ու պետական գործիչներ էլ կան մեզանում։ Մինչդեռ մարդը պետք է այնպես ապրի, որ իր ցանկացած արարք ու խոսք ժամանակավրեպ չդառնան երբեք։