Սաշիկի որդիներից մեկը հետախուզման մեջ է, մյուսին մեղադրում են սպանության փորձի համար

Սաշիկի որդիներից մեկը հետախուզման մեջ է, մյուսին մեղադրում են սպանության փորձի համար
ԱԱԾ այսօրվա բացահայտումը ցնցող էր և ավելի անսպասելի, քան նույնիսկ Մանվել Գրիգորյանի «տուշոնկաների» կադրերը՝ գծանկարներ, մեկը մյուսից լուսավոր, ուրախ դեմքեր, Մարտիրոս Սարյանի գործերից նայող և դրանց ֆոնին Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի մռայլ դեմքը: Ինչի վրա ասես պատկերացնում էինք, որ կբռնեն Սաշիկին: Նա լավ կնայվեր զենքի, թմրամիջոցների, դոլար-եվրոյի ֆոնին, բայց երբեք ոչ արվեստի գործերի:



«Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները» - հաղորդում է ԱԱԾ-ն: Բնակարանում հայտնաբերվել է 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, ոսկեղեն, զարդեր, այլ թանկարժեք իրեր: Նույն ռեպորտաժում ցուցադրված էր, թե ինչպես են ԱԱԾ ջոկտայինները Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանից թմրանյութ և զենք հանում: Բնակարանը պատկանում է 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին, այն նույն տղային, որը ապրիլի 23-ին բռունցքի պատկերով նկարներ էր տարածում համացանցում՝ «Չեն ընդունում հրաժարականը» վերտառությամբ:



Իհարկե, չէր ընդունի հորեղբոր հրաժարականը, որը շքեղ և անբարո վայելքներով լի կյանք էր ապահովել իր համար: Նարեկի ընկերները՝ Սերոբ Սահակյանն ու Վլադիմիր Շահինյանցը, որոնք նույնպես բերման են ենթարկվել, ըստ ԱԱԾ հաղորդագրության, կոկաին, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ և զենքեր էին թաքցնում, որոնք պետք է նրա հրահանգով ուղարկեին այլ վայր: Այժմ նրանց կասկածում են Նարեկ Սարգսյանին օժանդակելու մեջ: Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել: Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդուն ձերբակալել են՝ սպանության փորձի կասկածանքով: Դեռևս «Քայլի» արշավի օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց հընթացս կպչուն թղթիկերով փակել է արագաչափերի տեսախցիկները, պարզ էր, որ Սերժ Սարգսյանի օդիոզ եղբորը լավ օրեր չեն սպասվում, և որ նա հեղափոխության թիրախում է լինելու։ Իսկ երբ նոր իշխանությունը հաղթեց, այնքան մեծ էր Ալեքսանդր Սարգսյանին մեղադրյալի աթոռին տեսնելու ցանկությունը, որ ժողովուրդը նույնիսկ լեգենդ հյուսեց, թե ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչներն են եկել Հայաստան և ապօրինի կապիտալի արտահոսքի վերաբերյալ ինչ-որ քրեական գործի շրջանակներում շտապ փնտրում են Սաշիկին։



Բայց արի ու տես, ոչ մի կերպ չէր ստացվում Սաշիկ Սարգսյանի դեմ նյութ հավաքելը։ Նա մեծ ունեցվածք չուներ իր կամ որդիների անունով գրանցված, որ գոնե ապօրինի հարստացման մեղադրանք առաջադրեին: Զենքն էլ, որը հայտնաբերեցին նրա ավտոմեքենայի մեջ հունիսի 25-ին, ինչպես հետագայում պարզվեց, օրինական էր: Ոստիկանապետ Օսիպյանը նրան բաց թողեց՝ արդարանալով, որ ի սկզբանե չգիտեին` զենքը օրինական է, թե ոչ: Այս «Ֆալշ ստարտից» հետո, ինչ խոսք, ՀՀ հեղափոխական քաղաքացիները հիասթափություն ապրեցին։ «Խի բռնեցին, խի բաց թողեցին»՝ - սա էր հիմնական արձագանքը։



Տասը օր չանցած՝ իրավապահները նոր հիմք գտան ընդդեմ Սարգսյանների քրեական հետապնդում իրականացնելու, և հարկատուն կրկին հրճվանք ապրեց: Նոր հիմքը ներկայացրել էր քաղաքացի Դավիթ Սիմոնյանը /մականունները՝ Ճլե, Կյաժ/: Նա մոտ է եղել Սարգսյանների ընտանիքի հետ, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ձայն բերող թաղային կրիմինալի վառ ներկայացուցիչ է, հետագայում դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի տարածման համար, և ինչ-ինչ պատճառներով որոշել է դեմ դուրս գալ նախկին բարեկամներին: Օրերս նա դատախազություն է դիմել՝ հայտնելով, որ 2007 թվականին Սաշիկի որդի Հայկ Սարգսյանն իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում իր հետ կենցաղային վեճ է ունեցել, և գտնվելով թմրանյութի ազդեցության տակ՝ սպառնացել է սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Այդտեղ է եղել նաև իրենց ընկերներից Ա. Ղևոնդյանը, որն էլ հետագայում ներկայացել է ոստիկանություն և իր վրա է վերցրել մեղքը: «Նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության և հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին», - գրված է դատախազության հաղորդագրության մեջ:



Ի դեպ, 2007-ին նախաքննությունը դեռ ոստիկանության գործառույթն էր, և քրեական գործը կարճելու մասին որոշումը ընդունել է ոստիկանության քննիչներից մեկը: Նրա ազգանունը ճշտել չհաջողվեց, սակայն ոստիկանության աղբյուրը մեզ հայտնեցին, որ Սաշիկի որդու հանցագործությունը պարտակող քննիչը այլևս ոչ ոստիկանությունում, ոչ էլ քննչական մարմիններում չի աշխատում: Այժմ սպանության փորձի մեղադրանքով գործը ընդդեմ Հայկ Սարգսյանի կրկին հարուցված է: Դառախազությունը վերընշված հաղորդագրությունը տարածել է հուլիսի 4-ին, և նույն օրը նախկին նախագահի եղբայրը ընտանիքով փորձել է մեկնել Փարիզ, բայց օդանավակայանի աշխատակիցները հայտնել են այս մասին իրավապահներին: Սարգսյանների ելքը կասեցվել է:



**Սյուզան Սիմոնյան**