Ռոբերտ Քոչարյանին կարող են բերման ենթարկել

Ռոբերտ Քոչարյանին կարող են բերման ենթարկել
Հուլիսի 3-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը։ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ պաշտպանության նախկին նախարարը գտնվում է Մոսկվայում։ Նա հավանաբար իրեն ապահովագրել է դեռ հեղափոխությունից առաջ՝ լավ իմանալով գլխին գալիքը։ Իսկ ահա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին էլ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը տեղեկացրել է, որ նա Մարտի 1-ի գործով հարցաքննության է հրավիրվել առայժմ վկայի կարգավիճակով։



Ռոբերտ Քոչարյանի մասին նրա գրասենյակի ղեկավարը տեղեկացրել էր, որ հանրապետությունում չէ։ Սա առաջին դեպքն է Հայաստանում, երբ երկրի նախկին նախագահը հարցաքննության է հրավիրվում վկայի կարգավիճակով, նրան ուղարկվում է այդ մասին ծանուցագիր։ Իրավական ի՞նչ ընթացակարգ է գործելու Միքայել Հարությունյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեպքում, եթե նրանք կամովին չներկայանան իրավապահ մարմիններին։ Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը նշում է, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ կա նախնական կալանք կիրառելու դատարանի որոշում։ Եվ տվյալ դեպքում, ըստ նրա, խնդիրն այն է, թե երբ կհայտնաբերվի Միքայել Հարությունյանը, եւ նրա ներկայանալ-չներկայանալը կախված չէ իր կամքից։ «Շատ հստակ ու մանրամասն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը։ Ես այստեղ ուղղակի ավելորդ եմ համարում մեկնաբանությունը»,- ասաց Տիգրան Եգորյանը։



Հետաքրքրվեցինք, թե որոշակի բարդություններ չե՞ն ստեղծվի Ռոբերտ Քոչարյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու հարցում, ի վերջո, նա տասը տարի եղել է երկրի նախագահ։ «Այստեղ հստակ իրավիճակ է։ Նախաքննության ընթացքում ծանուցագիր է ուղարկվել անձի, որը կարող է հայտնել տեղեկություններ, որոնք նախաքննություն իրականացնող մարմնի համար գնահատվել են էական նշանակություն ունեցող։ Եվ վկան հրավիրվել է ծանուցագրով։ Հիմա թե այդ վկան նախկինում եղել է երկրի նախագահ, թե ԱԺ պատգամավոր, էական չէ։ Առանձնապես մեծ իրարանցում առաջացնելու անհրաժեշտություն չկա։ Ծանուցագիրը քրեական դատավարության նախատեսված կարգով պետք է հանձնվի, դրա համար նախատեսված է քրեական դատավարության համապատասխան ընթացակարգ, թե ինչպես է ապահովում պատշաճ ծանուցում։ Հիմա այս պահին այդ միջոցներից կիրառվել է միայն մեկը՝ ուղարկվել է ընդամենը ծանուցագիր։ Հաջորդ գործողությունները, ըստ դատավարական կարգի, պետք է իրականացնի նախաքննություն իրականացնող մարմինը»,- պարզաբանում է Տիգրան Եգորյանը։



Եթե, դիցուք, Ռոբերտ Քոչարյանը չներկայանա հարցաքննության, հնարավո՞ր է, որ իր նկատմամբ էլ հայտարարվի հետախուզում։ «Ես չեմ կարող ասել, թե ինչպես կզարգանա քրեական գործը, համենայնդեպս, եթե վկան պատշաճ ծանուցված է ներկայանալու պարտականության մասին, եւ առանց հարգելի պատճառների չի ներկայանում, կարող են նրան բերման ենթարկել։ Պատշաճ ծանուցումը ստանալուց հետո, եթե չկան հարգելի պատճառներ, որոնք հիմք են դարձել նախաքննության մարմնին չներկայանալու համար, ապա նախաքննության մարմինը կարող է բերման ենթարկելու որոշում կայացնել։ Եվ, կախված նրանից, անձը հանրապետությունում է, թե հանրապետությունից դուրս, դրա իրականացումն ապահովվում է համապատասխան միջոցներով»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, լրագրողների հարցին, թե Ռ․ Քոչարյանի չներկայանալու դեպքում ինչ գործողություններ է իրականացնելու նախաքննական մարմինը, պատասխանել էր․ «Ես չեմ կարող գաղտնազերծել մեր գործողությունների հաջորդականությունը՝ քննչական տակտիկայի պատճառով»։



**Թագուհի Հակոբյան**