Եւ թարմացնելով ձեր հիշողությունը…

Եւ թարմացնելով ձեր հիշողությունը…
ԼՂՀ ԱԺ փոխանախագահ եւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը հարցազրույց է տվել «Ապառաժ» պաշտոնաթերթին, որտեղ [անդրադարձել](https://aparaj.am/%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%AB%D6%80-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%A8/) է ներքաղաքական իրավիճակին, ձեւակերպել մոտեցումներ եւ հնչեցրել որոշ գաղափարներ: Հարցազրույցի հիմնական ասելիքը, որքան կարելի է հասկանալ, այն է, որ Դաշնակցության՝ որպես «տասնամյակների ընթացքում հայության կյանքը կարգավորած, պետականություն հիմնած քաղաքական ուժի» հորդորները հաշվի չեն առնվել, իսկ այսօր «արդարության մասին խոսում են մարդիկ, որոնք թաղված են կեղտի մեջ, մարդիկ, որոնք կերակրատաշտակից ամենաշատն են օգտվել եւ որոնք տարիներ շարունակ այս կամ այն ձեւով ոտնահարել են հանրության իրավունքներ»:



Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ ՀՅԴ Արցախի կառույցը փորձում է տարանջատվել իշխանությունից: Արցախում տեղի են ունենում լուրջ խմորումներ եւ քաղաքական վերադասավորումներ, եւ Դաշնակցությունն, ինչպես երեւում է, նոր դիրքավորման խնդիր է դրել, որպեսզի մինչեւ 2020 թվականի համապետական ընտրություններ մնացած ժամանակը ծառայեցնի սեփական իմիջի մաքրմանը եւ փորձի իր շուրջ հանրային որոշակի պահանջվածություն ձեւավորել: Այս դեպքում, սակայն, ծագում են որոշ հարցեր: Մասնավորապես՝ չէ՞ որ 2007թ. նախագահական ընտրություններին ընդառաջ հենց ՀՅԴ Արցախի կառույցն է առաջադրել «միասնական թեկնածուի» գաղափարը եւ լծվել Բակո Սահակյանի քարոզարշավին: Այդ պահից առայսօր Դաշնակցությունը գործադիր իշխանության մաս է կազմում, որտեղ եւ առհասարակ պետական համակարգում ունի բավական ազդեցիկ ներկայացվածություն: Օգտվե՞լ են դաշնակցական գործիչները պետական «կերակրատաշտակից» անցած տասնամյակում կարգավորե՞լ են իրենց անձնական եւ կուսակցական գործերը: Պատասխանը միանշանակ դրական է, իսկ թվարկումների անհրաժեշտություն գոնե այս պահին չկա: Արցախի անցուդարձին քիչ թե շատ տեղյակ ցանկացած ոք կվկայի, թե ինչ պաշտոններ են զբաղեցնում դաշնակցականները, նրանց որդիները եւ մյուս հարազատները: Փաստ է, որ ՀՅԴ Արցախի կառույցը 2012-ի նախագահական ընտրություններին ընդառաջ շարքերից հեռացրել է որոշ անդամների միայն նրա համար, որ վերջիններս պաշտպանում էին ոչ թե Բակո Սահակյանի, այլ նրա մրցակից Վիտալի Բալասանյանի թեկնածությունը:



Վահրամ Բալայանը որպես քաղաքական «արիության» օրինակ նշում է, թե ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը դեմ է քվեարկել Արցախի նոր սահմանադրությանը: Բայց մոռանում է, որ «դեմ ըլլալով»՝ Դաշնակցությունը չի միացել «դեմի» քարոզարշավին, համարձակություն չի ունեցել, որպեսզի իր տեսակետը քարոզի ժողովրդին: Արդյոք պատճառը պետական «կերակրատաշտակից» զրկվելու վախը չէ՞ր: Ըստ երեւույթին ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուների հիշողությունը թարմացնելու կարիք կա. 2008թվականից ի վեր Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը կողմ է քվեարկել կառավարության գործունեության երկու ծրագրին, բյուջեին, բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Եւ առիթը բաց չի թողել խոսելու տնտեսական եւ սոցիալական, արտաքին քաղաքականության եւ այլ բնագավառում իշխանության ունեցած ձեռքբերումներից՝ հատուկ շեշտելով դրանում ՀՅԴ դերակատարությունը: Դաշնակցությունն, այսպիսով, իրեն հաջողությունների տեր է համարել առնվազը տասը տարի: Հետեւաբար պետք է ոչ թե խուսանավի, այլ ստանձնի իր բաժին պատասխանատվությունը, որովհետեւ պետական «կերակրատաշտակից» ունեցել եւ շարունակում է ունենալ իր շոշափելի մասնաբաժինը: