Կազինոյի դիլեր, հացթուխ, տաքսիստ, վերջում էլ՝ փոխքաղաքապետ

Կազինոյի դիլեր, հացթուխ, տաքսիստ, վերջում էլ՝ փոխքաղաքապետ
Էջմիածինը նոր փոխքաղաքապետ ունի՝ իմ դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Պետրոսյանի։ Բանից պարզվում է, որ մեր նորանշանակ փոխքաղաքապետը բարձրագույն կրթություն, մասնագիտություն չունի։ Ավարտել է միայն Էջմիածնի միջնակարգ դպրոցներից մեկը։



Բացի սրանից, Էջմիածնի քաղաքապետարանի նախկին աշխատակիցը պատմում է․ «Մարդուն պաշտոն են տվել միայն այն բանի համա՞ր, որ ցուցարարներ է հավաքագրել ու տարել Երևան: Գուցե լավ մարդ է, ակտիվ երիտասարդ, բայց դրանք բավարա՞ր պայմաններ են փոխքաղաքապետ լինելու համար: Պաշտոնակատարն՝ անփորձ, տեղակալն՝ անփորձ, քաղաքապետարանի բաժիններն առանց պետերի, իսկ քաղաքի խնդիրներն՝ օրհասկան: Էս ամենը վտանգավորության աստիճան անլուրջ է դառնում: Քաղաքապետարանն ասես մանկապարտեզ լինի. գալիս են, զբաղվում, մինչև ժամը գա, տուն գնան»։



Արսեն Պետրոսյանը ծիծաղով ընդունեց իր 8-ամյա կրթության մասին լուրերը, ապա ավելացրեց․ «Եթե ես չասեմ, ապա Դուք կարող եք դիմել էն դպրոցին, ուսուցչական անձնակազմին, հիմա էլ տնօրենը այն ժամանակ եղել է ֆիզիկայի իմ ուսուցչուհին։ Կարող եք հենց իրենցից ճշտել, ես բան չասեմ, պարզ է, որ ես պետք է հերքեմ։ Դուք էնտեղից կարող եք ճշտել այդ ամեն ինչը»։



**-Ինչ-որ մասնագիտություն ունե՞ք։**



Ես ընդհանրապես զբաղվել եմ ինքնակրթությամբ ու քաղաքական ճանապարհ ունեմ անցած, քաղաքականության մեջ եմ եղել հիմնականում։ Միշտ քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել՝ անկախ իմ արած աշխատանքից։



**-Քաղաքապետարանում ո՞ր ոլորտն եք Դուք վերահսկում։**



Երեկ եմ ստանձնել պաշտոնս, 2 փոխքաղաքապետ պետք է լինի, մենք աշխատանքների բաշխում դեռ չենք արել, մինչ օրս այնտեղ եղել է միանձնյա կառավարում։



**-Ո՞ր ոլորտը կարող եք վերահսկել։**



Դե, սպորտ, մշակույթ։ Մի խոսքով, տարբեր ոլորտներում ինձ տեսնում եմ, որ կարող եմ վերահսկողական ֆունկցիա կատարել, կազմակերպչական եւ ուրիշ շատ հարցեր։ Մեկ օր է, ինչ պաշտոնավարում եմ, բայց արդեն սկսել եմ համագործակցել շատերի հետ, հանդիպումներ սպորտի, մշակույթի ներկայացուցիչների հետ։



**-Դուք Հակոբ Հակոբյանի կազինոյում դիլերություն արե՞լ եք, այնուհետեւ հացի փռում եք աշխատել, տաքսի եք վարել։**



Ես նախ աշխատանքից ընդհանրապես չեմ ամաչում։ Հակոբ Հակոբյանի կազինոն դեռ նոր բացվում էր, ես այդ ընթացքում աշխատանք չունեի։ Ես ամբողջ կյանքում իմ քաղաքական հայացքների համար շատ բաներից եմ զրկվել։ Ես 2 ամիս եմ այնտեղ աշխատել, հետո հասկացել եմ, որ այդ ոլորտը իմը չի, դուրս եմ եկել։ Ու նենց չի, որ ես ամաչում եմ, որ աշխատել եմ։ Ես իմ անցած ուղուց գոհ եմ եղել, չեմ շեղվել ոչ մի բանից։ Ես հացի փռում, խանութում էլ եմ աշխատել, ու դրանից ես չեմ ամաչում, ընդհակառակը՝ ես հպարտ եմ։



**-Դուք այս պաշտոնը ստացել եք, որովհետեւն ՔՊ գրասենյա՞կ եք բացել, ցուցապաստառնե՞ր եք պատրաստել, արժանացել եք Փաշինյանի համակրանքի՞ն։**



Նախ Նիկոլ Փաշինյանի համակրանք վայելելը մի քիչ ճիշտ չի ձեւակերպված, ես կուսակցական եմ։ 2017-ին ռեյտինգային ցուցակով առաջադրված եմ եղել «Ելք»-ի կողմից՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, էնպես չի, որ նոր եմ արժանացել Նիկոլ Փաշինյանի համակրանքին։ Ճիշտն ասած, հիմա գրում են, թե գեներալ Մանվելի հետ կապված ցույցերին ես չեմ մասնակցել, ստեղ ուղղակի խնդիրն էն էր, որ ցույցերը կազմակերպիչների անվան հետ էր կապված, մենք ընդամենը չեզոքություն ենք պահպանել, դա կուսակցության դիրքորոշումն է եղել։ Ինչ վերաբերվում է շարժմանը, հեղափոխությանը, կոնկրետ Էջմիածնում շարժումը սկսել եմ ես, առաջին ցույցերը ես եմ արել։ Էնտեղ մի դրվագ կա, որ ինձ մեղադրում են, թե ցույցերի ժամանակ ինձ գեներալի մարդիկ խփել են, ես ինչի՞ չեմ բողոքում, էն ժամանակ գիտեք ի՞նչ վիճակ էր, ո՞ր մեկին չեն խփել։ Էն ժամանակ, այդ խառը պահերին նպատակահարմար չեմ գտել ընկնել տենց բաների հետեւից, շարժումով էինք զբաղված։



Ինձ մեղադրում էին, թե Կարեն Գրիգորյանի հետ համագործակցել եմ, 5000 դոլար եմ վերցրել, դա ուղղակի ծիծաղելի է»։



_Հ․գ Արսեն Պետրոսյանի ինքնակենսագրական տվյալներից իմանում ենք, որ նա ծնվել է 1983 թվականին, Էջմիածնում։ 1990-2000 թթ. սովորել է Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Այնուհետեւ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Եվ վերջում, ավելացված է՝ մշտապես ցուցաբերել է քաղաքացիական ակտիվություն։_



**Աննա Պապիկյան**