Եթե անգամ ՌԴ-ին ինչ-ինչ բաներ դուր չգան էլ, ապա նա ցույց չի տա․ քաղաքագետ

Եթե անգամ ՌԴ-ին ինչ-ինչ բաներ դուր չգան էլ, ապա նա ցույց չի տա․ քաղաքագետ
Իր պաշտոնավարման կարճ շրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հասցրել է հանդիպել ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հետ, մեկ անգամ՝ Սոչիում, երկրորդ անգամ՝ Մոսկվայում։ Հաջորդ շաբաթ՝ հուլիսի 11-12-ին, սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որտեղ նա մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցելու են նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաեւ՝ դաշինքի հետ համագործակցող ու խաղաղապահ առաքելություններին մասնակցող երկրների ղեկավարները։



Նիկոլ Փաշինյանի՝ սպասվելիք այցը Բրյուսել, քննարկվում է մամուլում, սոցցանցերում։ Առավել հաճախ ներկայացվում է այն տեսակետը, որ Հայաստանի վարչապետի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելը կարող է դուր չգալ Ռուսաստանին, որն առանց այն էլ դժվար է համակերպվում ապրիլին մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխության հետ։ Եվ այդ ֆոնին կանխատեսվում է, որ կարող են ՀՀ-ՌԴ հարաբերություններում առաջնալ որոշակի բարդություններ, ինչն էլ իր ազդեցությունը կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, ի պատասխան այդ մտահոգությունների, նշում է․ «Հուսով եմ, որ գոնե ապրիլյան հեղափոխությունից հետո մենք՝ ինքներս, պետք է որոշենք, թե ուր գնանք եւ ում հետ համագործակցենք։ Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը հստակ ուղերձ հղեց ՌԴ-ին, ՌԴ-ն հստակ բավարար է համարում այն։ Որքան գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի ժամանակ կմասնակցի ոչ միայն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այլեւ կհանդիպի ԵՄ ղեկավարների հետ, կլինեն քննարկումներ»։



Քաղաքագետը կարծում է, որ մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ պետք է պահպանենք, իսկ հետո մտածենք այն քայլ առ քայլ զարգացնելու մասին։ Հարցին, թե ՌԴ-ից չի՞ լինի կոշտ արձագանք Հայաստանի վարչապետի բրյուսելյան այցին։ «Ես չեմ կարծում, թե կլինի կոշտ արձագանք։ Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունները ՌԴ-ի հպատակն էին, բայց իրենք էլ էին գնում ՆԱՏՕ, Բրյուսել, հանդիպում ԵՄ ղեկավարների հետ։ Կան շրջանակներ, որոնց սահմաններում ՀՀ-ն աշխատում է ԵՄ-ի հետ եւ կշարունակի աշխատել։ Իսկ նոր իշխանություններն ավելի ազատ են իրենց գործունեության մեջ, ունեն լեգիտիմության բարձր մակարդակ։ Եթե անգամ ՌԴ-ին դուր չգան ինչ-ինչ բաներ, ապա նա ցույց չի տա, քանի որ այնտեղ հասկանում են, որ Հայաստանի իշխանությունը լեգիտիմ է։



Սերժ Սարգսյանի նկատմամբ կային ճնշումներ, որովհետեւ նա լեգիտիմ չէր, բայց նույնը չեն կարող անել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ-ն աշխատելու է այլ կերպ, ավելի շատ հարգանք կցուցաբերի գործընկերային հարաբերություններում եւ չի համարձակվի դժգոհություն արտահայտել։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել է, որ չենք պլանավորում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, այդ դեպքում ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,- նշեց քաղաքագետը։ Անհատական գործընկերության գործողությունների առաջին ծրագիրը ՆԱՏՕ-ն եւ ՀՀ-ն համաձայնեցրել են 2005թ․ վերջին։ Այս ընթացքում կարո՞ղ ենք բավարար համարել ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումը։ «Ես համարում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ մենք ավելի շատ ծրագրեր պետք է իրականացնենք։ Անդամակցության մասին, պարզ է, խոսք չկա, ներկա իշխանություններն այդ հարցը չեն էլ մտցնում օրակարգ, եւ դա ճիշտ է։ Բայց ՆԱՏՕ-ի հետ մենք կարող ենք շատ ծրագրեր իրականացնել, եւ ՌԴ-ն էլ դա նորմալ կընկալի»,- կարծում է Ստեփան Գրիգորյանը։



**Թագուհի Հակոբյան**