Մի շարք ապրանքների գներ նվազել են

Մի շարք ապրանքների գներ նվազել են
ՀՀ բոլոր քաղաքներում 2018 հունիսին նախրոդ՝ մայիս ամսվա համեմատ նվազել են մի շարք սննդամթերքների գներ: Մասնավորապես բանջարեղենի գները՝ 30.7-20.5%-ով են նվազել, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է վարչապետ Փաշինյանի հայրենի՝ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: Մայրաքաղաք Երեւանում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 25.4%-ով: Մրգի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ արձանագրվել է 16.1%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 1.4% գնանկում:



Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է մրգի 7.4-2.5% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2.5%-ով: 2018թ. հունիսին մայիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 18.1%: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 12.6%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 2.2% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 4.1-0.8% գնանկում: Գանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:



Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 2.0%-ով: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գների մակարդակը անփոփոխ է մնացել, իսկ ահա 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.1% գնանկում: Դրան մեծապես նպաստել է ձվի 8.9% գնանկումը: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 5.2-1.0% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.0%-ով: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.5 տոկոսային կետով: