Մարմաշենի վանական համալիրի պատերի տակ էլ կերուխում չեն անի՞

Մարմաշենի վանական համալիրի պատերի տակ էլ կերուխում չեն անի՞
Տասնյակ տարիներ է՝ Մարմաշեն վանական համալիրը անտերության է մատնված: Համալիրը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Այն հայկական ճարտարապետական հուշարձանախմբերից է, որի մեջ է մտնում Կաթողիկե եկեղեցին: Եկեղեցին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի մեջ:



2001թ.-ին երկրաշարժից հետո Կաթողիկե եկեղեցին մի իտալացի աղջկա հովանավորությամբ, որի մայրը հայ էր, իսկ հայրը՝ իտալացի, ամրացվել է: Դրանից հետո ոչ ոք ոչինչ չի արել: Մեկ անգամ արդեն անդրադարձել էինք 11-րդ դարի այս հոյակերտ կառույցի անմխիթար վիճակին: Վահրամաբերդի բնակիչները բողոքում էին, որ միջնադարյան կառույցն աղոթատեղիից վերածվել է խնջույքի վայրի: Զբոսաշրջիկները, հաճախ օգտվելով եկեղեցու «բարենպաստ» դիրքից, պատկից տարածքում ուտում-խմում, զվարճանում են:



Այն, որ երկրաշարժից հետո կիսավեր կառույցը ոչ մի անգամ չի վերանորոգվել, վկայում են նաեւ տեղաբնակները, ավելին՝ ցույց տալով վանքի խոնավ պատերը, որոնք դիպչելուց պոկվում են, ընդգծում են, որ Ախուրյանի ջրամբարի կառուցումից հետո պատերն օր օրի խարխլվում են, հիմքը խոնավանում է : «Մի օր հիմնահատակ փլվելու Է, պրծնի, էլ պատերի տակը քեֆ էլ չեն անի»,- նշում է գյուղացիներից մեկը:



Նշենք, որ դեռեւս 2001 թվականին ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ Մարմաշենի վանական համալիրն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Հայ Առաքելական եկեղեցուն: Շիրակի թեմը բազմիցս հանդես է եկել խնդրանք-դիմումով, որ այն հանձնվի իրենց, սակայն, Մայր Աթոռն այդպես էլ քայլեր չի ձեռնարկել: Մարմաշենցիների կարծիքով՝ համալիրի հենց այս բարձիթողի վիճակն է պատճառը, որ հոգեւոր ճարտարապետության արժեքավոր կառույցը ծառայում է աշխարհիկ նպատակների համար: Տեղեկացանք, որ օրերս մարզային նորանշանակ իշխանության ներկայացուցիչներին խնդիրը մտահոգել է:



Շիրակի մարզպետի տեղակալներ Վարդան Գրիգորյանը և Արա Մելիքջանյանը, մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ, այցելել են Մարմաշենի համալիր: Այցելության հիմնական նպատակն է եղել ծանոթանալ վանական համալիրի վիճակին: Փոխմարզպետներին հատկապես հետաքրքրել է Վանքի պատերի խոնավության ավելացումն ու դեպի համալիր տանող 2.8կմ ճանապարհի անմխիթար վիճակը: Վահրամաբերդի վարչական ղեկավար Աղվան Մարտիրոսյանն, ով երկար տարիներ եղել է համայնքի ղեկավարը, մարզպետի տեղակալներին ներկայացրել է խնդիրը, իր խոսքերով՝ նշել է, որ երկար տարիներ տարածքն ունեցել է գրունտային ջրերի հեռացման խնդիր:



Պատճառը վանքի հարևանությամբ ձևավորված սողանքն է: Անձրևաջրերի և ձյան հալոցքից առաջացած ջրերն անցնում են համալիրի կողքերից դրենաժների միջով, բայց այն բավարար չէ ջրահեռացման համար և ջրի որոշակի մաս լցվում է հիմքի տակը, տարիների ընթացքում այն բարձրացել ու հասել է մոտ երկու մետրի: Փոխմարզպետ Արա Մելիքջանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ « Հուլիսի 3-ին Շիրակի մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցինք Մարմաշենի վանական համալիր: Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ վանական համալիրի վիճակին և տարիներ շարունակ համալիրի հետ կապված խնդրների առաջացման պատճառներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին » : Իսկ թե որոնք են լինելու այդ հնարավոր ուղիները, կարծում ենք, արժե համբերել:



**Արևիկ Հակոբյան**