300.1 հոդվածն էապես տարբերվում է 300 հոդվածից

300.1 հոդվածն էապես տարբերվում է 300 հոդվածից
Հատուկ քննչական ծառայության նորանշանակ ղեկավար Սասու ն Խաչատրյանին երեկ հարցրինք՝ ինչո՞ւ են Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրել մի հոդվածով, որը 2008 թվականին գոյություն չի եղել, լրացվել է 2009-ի մարտին։ Խոսքը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մասին է․ «Սահմանադրական կարգը տապալելը․ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով»։



Այս թեման արդեն դարձել է իրավաբանների քննարկման առարկան, որոնք տարակուսանք են հայտնում, թե ինչու է ՀՔԾ-ն անձին մեղադրում մի արարքի մեջ, որը կատարման պահին՝ 2008-ին, իրենից քրեական հանցագործություն չէր ներկայացնում։



Խաչատրյանն այստեղ հիշեցրեց մինչ այդ գոյություն ունեցած Քրեական օրենսգրքի 300 հոդվածը։ «Ուրեմն ես Ձեզ սենց ասեմ՝ այդ մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, ես անուններ չեմ ցանկանում նշել, որ հարուցվել է մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել, դա, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ են, որովհետեւ այդ արարքը՝ կոնկրետ սահմանադրական կարգի տապալումը, քրեորեն հետապնդելի է եղել նաեւ 2008 թվականին, պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով։



Ուրեմն հոդված 300-ը՝ պետական իշխանությունը յուրացնելը, 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ գործող այս հոդվածով, որպես հանցակազմը բնորոշող հանգամանք, դիսպոզիցիան սահմանել է նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները։ Այսինքն՝ այս գործողությունն այն ժամանակ նախատեսված է եղել որպես հանցագործություն։ Ընդամենը նախատեսված է եղել 300 հոդվածով, հետագայում այս հոդվածի դիսպոզիցիայից այդ հոդվածի գործողությունը կոնկրետ հանվել է եւ առանձին հոդվածով է նախատեսվել՝ 300.1-ով։ Այսինքն՝ արարքը եղել է հանցավոր, արարքն այն ժամանակ էլ է քրեորեն հետապնդելի եղել, դրանից հետո էլ ընդամենը փոխվել է հոդվածի համարը»,- փորձեց իրենց սխալն արդարացնել ՀՔԾ նորանշանակ պետը, ով նաեւ իրավունքի մասնագետ, երկարամյա դասախոս, վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանի որդին է։



Բայց նկատենք, որ մեղադրանքն առաջադրվել է 2009-ին լրացված հոդվածով, որի դիսպոզիցիան այլ է, 300 հոդվածինը՝ այլ։ Եվ մարդուն մեղադրում են մի հոդվածով, որը, փաստացի, 2008-ին չի եղել։ Մինչդեռ 300 հոդվածի դիսպոզիցիան, որը պետական իշխանությունը յուրացնելու մասին է, հետեւյալն է․ «Պետական իշխանությունը յուրացնելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները»։



Ակնհայտ է, որ այս եւ 2009-ին լրացված 300.1 հոդվածի նկարագրությունն իրարից էապես տարբերվում են։ Ուստի հարց է ծագում՝ որտե՞ղ է Միքայել Հարությունյանը «պետական իշխանությունը յուրացրել» կամ «պետական իշխանությունը բռնությամբ զավթել կամ պահել», «սահմանադրական կարգը բռնությամբ տապալել» կամ, առավել եւս՝ «ՀՀ տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողություններ կատարել»։ Իսկ 300.1 հոդվածն ուղղակի սահմանում է որեւէ սահմանադրական նորմի, այս դեպքում՝ Սահմանադրության 1-5-րդ հոդվածների փաստացի վերացում, որտեղ բռնությամբ տապալման կամ վերոնշյալ այլ հատկանիշներով արարք նկարագրված չէ։ Ավելին, քրեական իրավունքը ենթադրում է, որ Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի համար անձը կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե նրա գործողություններն ամբողջությամբ, առանց որեւէ տարբերության, համընկնում են արարքի նկարագրության հետ։



ՀՔԾ պետին հարցրինք նաեւ՝ ինչո՞ւ են Մ․ Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարել՝ ծանուցում են ուղարկել, չի՞ ներկայացել։ «Այո, ծանուցում ուղարկել ենք, չի ներկայացել։ Ընդհանրապես, ամեն ինչ արել ենք Քրեական դատավարության օրենսգրքի տառին եւ ոգուն համապատասխան»,- ասաց նա։ Օրվա վերջում լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձավ նաեւ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ «Տեսեք, այստեղ ոչ թե ես եմ խնդիր տեսնում, այլ Սահմանադրությունն է տեսնում։



Ընդամենը անհրաժեշտ է ընթերցել Սահմանադրության 72-րդ հոդվածը։ Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար շատ կարեւոր է ամենօրյա ռեժիմով պահել լարվածությունը, բայց ես կարծում եմ՝ դա չի կարելի անել այս գնով։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ լուրջ հարված էր թե՛ այդ բացահայտումներին, թե՛, ընդհանրապես, էսպես ասենք, նպատակին։ Այս շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է Սահմանադրությունը, ներողություն, դա անթույլատրելի է։ Ես ցավով եմ դա նշում եւ հույս ունեմ, որ այսօր մեր իրավապահ մարմիններն ավելի աչալուրջ կվերաբերվեն իրենց աշխատանքին, որովհետեւ նմանատիպ սխալներով նրանք արժեզրկում են մյուս աշխատանքները»։ Մենք մեջբերեցինք ՀՔԾ պետի՝ վերեւում շարադրված պատասխանը, որ նախկինում 300 հոդվածն էլ է նմանատիպ սահմանում տվել, ինչին ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ընդամենը խորհուրդ տվեց համադրել հոդվածները։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**