Մարտի 1-ին ունեցել ենք տասից ավելի զոհ․ Լյովա Եղիազարյան

Մարտի 1-ին ունեցել ենք տասից ավելի զոհ․ Լյովա Եղիազարյան
2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների մասնակից, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը համոզված է, որ Մարտի 1-ին եղել է տասից ավելի զոհ։ «Ես ասել եմ, որ երբ Տիգրան Խաչատրյանի դիակն էինք տեղափոխում դիահերձարան, այնտեղ մոտ 70 տարեկան պահակն էր կանգնած, հարցրեցի, թե քանի մարդու են բերել, ասաց՝ յոթ։ Եթե Երեւանում կա 10-15 դիահերձարան, ապա այդ թվերից ելնելով, կարող եմ ասել, որ ավելի շատ զոհեր են եղել, քան ներկայացվում է։ Ես կոչ եմ անելու, որ բոլոր մարդիկ, ովքեր վախեցել են, տարբեր պատճառներից ելնելով չեն հայտարարել, որ իրենց երեխաները մահացել են, գան ու հայտարարեն այդ մասին։ Ես համոզված եմ 100 տոկոսով, 120 տոկոսով, 500 տոկոսով, որ այդ օրը տասից ավելի զոհ է եղել»,- ասաց Լյովա Եղիազարյանը։



Մեր զրուցակցին հիշեցրինք, որ տասը տարի շարունակ զոհերի հարազատները մասնակցել են բոլոր հանրահավաքներին, հանրային ակցիաներին, նրանց լրագրողները, ակտիվ քաղաքացիները գիտեն անուն առ անուն, ճանաչում են։ Նրանք նաեւ ժամանակ առ ժամանակ հանդես են եկել հարցազրույցներով, հրապարակային ելույթներով։ Եթե զոհերը տասից ավելին են, ապա ինչո՞ւ մինչ օրս նրանց մերձավորները, հարազատները չեն բողոքել, չեն միացել պայքարող քաղաքացիներին։



«Վախեցել են, չեն ասել»,- պնդում է Լյովա Եղիազարյանը։ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը «Մարտի 1-ի» գործի հետ կապված, գեներալ Մանվել Գրիգորյանի պահեստի բացահայտումները, նրան կալանավորելը ստվե՞ր չեն գցում բանակի, նրա հեղինակության վրա։



«Որեւէ տեղ եթե կեղտ կա, ապա այն պետք է հայտնաբերվի եւ մաքրվի՝ անկախ այն բանից՝ բանակն է, դպրոցն է, թե մեկ այլ ոլորտ։ Մենք ի՞նչ ենք ուզում, բանակն ուզո՞ւմ ենք առանձնացնել մյուս ստորաբաժանումներից, ասե՞նք, որ բանակին չի կարելի կպչել։ Անվտանգության հարցերը վերաբերում են նաեւ բանակին, ներքին զորքերին, որտեղ պետք է օրենքով գործել»,- նշեց մեր զրուցակիցը։