Ես կողմ կլինեմ, որ վերականգնվի մահապատիժը` նման կենդանիներին պատժելու համար. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ես կողմ կլինեմ, որ վերականգնվի մահապատիժը` նման կենդանիներին պատժելու համար. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը եւ Նաիրա Զոհրաբյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան «Սասնա ծռեր» 10 անդամի գործով ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։



Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Մինչ այդ, Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք զինված խմբի բոլոր անդամների համար պատրաստվում են երաշխավորությամբ հանդես գալ. «Մեր երկրում անհարկի շատ է կիրառվել կալանքը որպես խափանման միջոց։ Բացի դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս գործն ունի քաղաքական ենթատեքստ»։



**«Հրապարակ»**-ի հարցին` Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի համար անհրաժեշտության դեպքում եւ՞ս երաշխավորություն կներկայացնի, պատգամավորը տվեց դրական պատասխան։ Անդրադառնալով մեր մյուս հարցին, թե այս պահին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Սաշիկ Սարգսյանի առանձնատանը, իրավապահները այս տեմպերով կհասնե՞ն նախկին նախագահներին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում իմ կանխակալ գնահատականով որեւէ կերպ ճնշում գործադրել։ Ինձ համար կա մեկ փաստ`բոլոր նրանք, ովքեր թալանել են երկիրը պիտի կանգնեն օրենքի առաջ։ Մասնավորապես` երեկ տեղի ունեցած եւս մեկ աղմկահարույց բացահայտման «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարի հետ կապված։ Սա այն դեպքն էր, երբ ես կողմ կլինեմ, որ վերականգնվի քրեական օրենսգրքի բարձրագույն պատիժը` մահապատիժը նման կենդանիներին պատժելու համար։



**Աննա Պապիկյան**