«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի խնդրանքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի խնդրանքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանը մեզ հետ զրույցում մի քանի անգամ նշել է, որ պարբերաբար դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որպեսզի գոնե մեկ անգամվա հեռուստամարաթոնից հավաքված գումարը նվիրվի Գյումրու անօթևանության խնդրի լուծմանը։ Այս տարի՝ երկրաշարժի 30-ամյակին ընդառաջ, Ղարիբ Հարությունյանի խնդրանքն էր հիմնադրամի օգնությամբ ևս մի քանի անօթևան ընտանիքի ապահովել բնակարանով։ «Ինձ գրավոր, մեկ անգամ էլ հանդիպման ժամանակ բանավոր պատասխանեցին, որ արդեն սահմանված են հեռուստամարաթոնի «այլ նպատակներ», եւ ինչքան կարողանում են, հատկացնում են այս խնդրին։ Լուրը կարդալուց հետո սկսեցի հասկանալ «այլ նպատակները» որոնք կարող են լինել։ Միայն նշված գումարով կարելի էր ևս 25 ընտանիքի ազատել տնակային ահավոր պայմաններից»,-ընդգծում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը։



Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի՝ վարկային քարտից վատնած միջոցները նա ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:



Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ: Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ: Արա Վարդանյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:



**Արևիկ Հակոբյան**