ՕԵԿ-ը թալանի հետ կապ չի ունեցել․ ասում է Արթուր Բաղդասարյանը

ՕԵԿ-ը թալանի հետ կապ չի ունեցել․ ասում է Արթուր Բաղդասարյանը
Թեեւ դեռ հայտնի չեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները, սակայն քաղաքական դաշտում արդեն իսկ նկատելի է նախընտրական որոշակի աշխուժություն. ձեւավորվում են նոր քաղաքական ուժեր, որոշներն էլ ձեւավորման կամ վերակազմակերպման փուլում են: Արդեն իսկ անուն հանած կուսակցություններն էլ ակտիվորեն համալրում են իրենց շարքերը նոր անդամներով, վերազինում տեղական կառույց-գրասենյակները, բացում նորերը: Ավելին՝ խոսվում է նաեւ, թե նախկին իշխանության որոշ կարկառուն ներկայացուցիչներն էլ են մտադիր նոր կուսակցություններ ստեղծել եւ նոր քաղաքական բրենդի ներքո հայտնվել ապագա խորհրդարանում: Թավշյա հեղափոխությունից առաջ վերակազմակերպված, ապաեւ թավշյա հեղափոխությանը միացած ՕԵԿ-ը նույնպես անմասն չէ նախընտրական եռուզեռից եւ, արհամարհելով ամռան տապն ու հեղձուկը, այս օրերին մարզային այցելություններ է իրականացնում, հանդիպում կուսակցական ակտիվին, քննարկում գալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստմանը վերաբերող հարցեր:



ՕԵԿ վերնախավը, մասնավորապես՝ Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, Մհեր Շահգելդյան, օրերս այցելել է Գյումրի, կուսակցության տարածքային կառույցի հետ քննարկել աշխատանքների կազմակերպման, հետագա ամրապնդման եւ այլ խնդիրներ: Նախօրեին էլ Բաղդասարյան-Բիշարյան-Շահգելդյան «տրիոն» նույն առաքելությամբ այցելել է Ստեփանավան, հանդիպել տեղի կառույցի ներկայացուցիչներին: ՕԵԿ մամուլի խոսնակ **Վահե Թորոսյանը** մեզ ասաց, որ կուսակցության տարածքային կառույցներում վարչության նիստեր են տեղի ունենում, եւ, ի թիվս մի շարք կազմակերպչական-գաղափարական հարցերի, քննարկվում է նաեւ կուսակցության անդամագրումների հարցը: Առայժմ հստակեցված չէ, թե որը կլինի մարզային այցելության հաջորդ ուղղությունը, սակայն նմանատիպ հանդիպումներ առաջիկայում հաճախ են լինելու:



Արդյոք բազմապիսի փորձությունների միջով անցած ՕԵԿ շարքերը կո՞ւռ են, անդամագրումներ լինո՞ւմ են: «Կուսակցությունը, բնականաբար, ռեստարտի ճանապարհին է, եւ թավշյա հեղափոխությունը բացառիկ հնարավորություն է ընձեռել նոր Հայաստանում ունենալ նոր, առանց կեղծիքի ու ընտրակաշառքի ձեւավորված խորհրդարան, ինչին ՕԵԿ-ը, բնականաբար, անմասն մնալ չի կարող: Մի մոռացեք, որ ՕԵԿ-ն արտախորհրդարանական ուժերի մեջ նախորդ ԱԺ ընտրություններում առավել ձայներ ստացած կուսակցությունն է, իսկ ՀՀ խորհրդարանական մոդելի պարագան ենթադրում է, որ ապագա խորհրդարանը պետք է լինի բազմակուսակցական: Այսինքն՝ ԱԺ-ում չպետք է լինի մենատիրություն, միանձնյա իշխանություն, եւ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե կուսակցությունը հավակնում է 49+1 ձայների, ենթադրում է, որ մենք կողմ ենք ներկայացուցչական խորհրդարան ունենալուն»,-նշեց Թորոսյանը: Ինչ վերաբերում է կուսակցության անդամների թվին, խոսնակը դժվարացավ կոնկրետ թիվ նշել․ «Մեր մարզային այցելությունների ժամանակ մենք կոնկրետ շեշտադրում ենք, որ որեւէ մեկը չներկայացնի ցուցակներ, որտեղ համալրված են մարդիկ, ովքեր անդամագրվել են եւ այդքան էլ տեղյակ չեն կուսակցությունից, մեր դավանած գաղափարներից: Մենք ընդհանրապես քանակի վրա չենք աշխատում եւ կարիք չունենք ուռճացված թվեր ներկայացնելու՝ վիճակագրություն ապահովելու համար: Կուսակցությունը գաղափարական հասկացություն է, եւ այստեղ մարդիկ հավաքվում են գաղափարի, թիմի համար, եւ որեւէ մեկը կուսակցամոլական դրդումներով չի առաջնորդվում: Սա նոր Հայաստան է, եւ ցանկացած լուսավոր գաղափար պետք է նյութականացնենք հանուն ոչ թե անձնական, այլ՝ ՀՀ շահի»: Վահե Թորոսյանի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ քննարկվում է նաեւ նոր գրասենյակներ բացելու հարցը, «այնպես որ՝ դուք առաջիկայում կտեսնեք նաեւ կուսակցության ինստիտուցիոնալ համալրումն այս ֆորմատով»:



Բայց պնդումներ կան, որ ՕԵԿ-ի համար ֆինանսական բարդ ժամանակներ են, ի՞նչ միջոցներով է կուսակցությունը պատրաստվում նոր գրասենյակներ բացել: «Կուսակցությունն առեւտրային, նյութական ահռելի միջոցներ ունեցող կազմակերպություն չէ, եւ ֆինանսական հոսքերն ապահովում են անդամավճարներն ու նվիրատվությունները: Բնականաբար, մենք ունենք բավարար չափով նյութական միջոցներ՝ կազմակերպելու մեր նախընտրական քարոզչությունը, եւ այս իմաստով ես չեմ կարծում, որ մեզանից պահանջվում են հսկայական միջոցներ: ՕԵԿ-ը չի տիրապետում նման միջոցների, բայց ունենք բավարար ֆինանսական ռեսուրսներ մեր քաղաքական պահանջմունքները բավարարելու եւ արտահերթ ընտրություններին հավուր պատշաճի մասնակցելու համար»,- նշեց մեր զրուցակիցը:



ՕԵԿ-ի նախընտրական մարաթոնն ուղեկցվում է նաեւ սոցցանցերում կուսակցության ղեկավարի փիառով, նրան վերաբերող հրապարակումների տակ աշոտյանական, շարմազանովյան ոճի «կեցցե հարգապատիվը» բնույթի «քոմենթներով»: Օրերս էլ թողարկվել է նրա մասին վավերագրական ֆիլմ՝ «Դժվար ճանապարհ»: Տարատեսակ վերաբերմունքի արժանացած այս ֆիլմը Ֆեյսբուքում արդեն մոտ 150 հազար դիտում ունի: Ֆիլմը՝ դեռ մի կողմ․ Բաղդասարյանը նաեւ սոցցանցային լսարանի հետ շփվելու արդի հնարավորություններից է օգտվում՝ հավակնելով ռեալ կոնկուրենտ դառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնավորապես «լայվ» մտնելու գծով: ՕԵԿ նախագահի առաջին «լայվին», օրինակ, շուրջ 200 հազար օգտատեր է հետեւել, «ֆեյքային» հարձակումներն ու Բաղդասարյանին ուղղված մեղադրանքներից, բնականաբար, խուսափել հնարավոր չի եղել: ՕԵԿ նախագահի վերջին «լայվը» մոտ 45 հազար մարդ է դիտել, եւ ուշագրավ է, որ Բաղդասարյանն այդ «լայվի» ժամանակ նախ ներողություն խնդրեց նրանցից, ովքեր իր հանրային գործունեության մեջ սխալներ կամ թերություններ են նկատել: «Սխալներից ոչ ոք ապահովագրված չէ, բայց ես ուզում եմ նշել, որ ես երբեք իմ կյանքում չեմ արել այնպիսի սխալներ, որոնք կարող էին բերել ավերի»: Բաղդասարյանը չմոռացավ հատուկ շեշտել, որ ՕԵԿ-ի գերակա նպատակը եղել է հայրենիքի շահը, եւ ՕԵԿ-ն «այս երկրում ո՛չ թալանի, ո՛չ կողոպուտի, ո՛չ գողության եւ ո՛չ էլ արյան հետ առնչություն չի ունեցել»: ՕԵԿ նախագահի խոսքով՝ իրենք շարունակելու են աջակցել նորընտիր կառավարության բոլոր դրական նախաձեռնություններին, ներկայացնելու են իրենց ծրագրերն ու մոտեցումները եւ, իհարկե, մասնակցելու են առաջիկա ընտրություններին: Այս «լայվն» էլ, ինչպես նախորդը, ուղեկցվեց ինչպես գովաբանական, այնպես էլ անպարկեշտ մեկնաբանություններով ու մեղադրանքներով՝ օգտատերերը նրան ողջունելուց զատ՝ մեղադրեցին «սապոնվելու», Մարտի 1-ի արյան պատասխանատվությունը կիսելու մեջ:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**