Օր առաջ պետք է սահմանադրական հուն վերադառնանք

Օր առաջ պետք է սահմանադրական հուն վերադառնանք
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ **Արմեն Մարտիրոսյանը** Նիկոլ Փաշինյանի հեղափոխական շարժման կողմնակիցներից ու աջակիցներից էր։ Բայց ինչպես նա, այնպես էլ «ՔՊ»-ից դուրս այլ ուժեր չհայտնվեցին Նիկոլի կողքին ու նրա հետ նույն հարթակում, ընդամենը հրապարակում շարքային քաղաքացիների հետ հավասար աջակցողների շարքում էին։ Նիկոլ Փաշինյանը չթույլատրեց, որ իր սեփական ոտքերի հաշվին իրագործված հեղափոխությանը «փայ» մտնի որեւէ այլ ուժ ու քաղի դրա պտուղները։ Արդյունքում նոր ձեւավորված կառավարությունում էլ պաշտոն ստացան միայն նրանք, որոնք Նիկոլի անձնական թիմի ու շրջապատի մարդիկ էին, նրա հետ քայլած դեմքեր։ Մյուսները, ըստ էության, դուրս մնացին գործընթացներից։



«Որեւէ գործընթացից դուրս չեմ մնացել, չեմ պասիվացել, ակտիվորեն աշխատում է կուսակցությունը, ես՝ եւս, Ընտրական օրենսգրքի շուրջ մեր մոտեցումները ներկայացրեցինք, բացի դա՝ այլ նախաձեռնություններ ենք ներկայացրել, որոնք, կարծում եմ, պետք է իրականացնել, այդ թվում՝ նաեւ ոստիկանության եւ ԱԱԾ-ի կողմից իրենց ներկա ժամանակահատվածի կուսակցություններում ներդրված գործակալական ցանցի բացահայտումը։ Բացի դա, նաեւ կարեւորել ենք ռեաբիլիտացիայի մասին օրենքը»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը։



**- Նիկոլ Փաշինյանի հետ հեղափոխության օրերին քայլած ու հարթակում հայտնված մարդիկ հեղափոխությունից հետո պաշտոններ ստացան, հայտնվեցին կառավարությունում, եւ, այսպես ասած, իշխանափոխության պտուղներն այդ մասով իրենք քաղեցին։ Դուք եւս աջակցում էիք նրան…**



Ոչ թե աջակցում էինք, այլ պայքարի մեջ ենք եղել ի սկզբանե, բարեհաջող ավարտվել է մեր պայքարը։



**- Ձեզ համագործակցության որեւէ առաջարկ չի՞ եղել հեղափոխությունից հետո, եւ ինչպե՞ս եղավ, որ դուրս մնացիք հետհեղափոխական այս գործընթացներից։**



Ես կարծում եմ՝ հարցի հասցեատերը ես չեմ, եւ ես կարող եմ պատասխանել այն քայլերի համար, որ ես պիտի իրականացնեմ։ Իսկ ես եւ «Ժառանգությունը» շարունակում ենք մեր աշխատանքը հանուն պետության։



**- Չեմ ուզում կոպիտ ձեւակերպել, բայց այսօր ով հասցրեց՝ պաշտոն ստացավ։ Դուք էլ ճանապարհ անցած մարդ եք, կարող էին օգտագործել Ձեր հնարավորությունները հանուն պետության։**



Ոչ, չի եղել։



**- Այդ օրերին տարբեր ուժեր աջակցում էին շարժմանը, բայց Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներից բացի որեւէ այլ անձի թույլ չէր տալիս հարթակին մոտենալ։ Սա վերլուծե՞լ եք՝ ինչո՞ւ էր այդպես։**



Սա եւս իմ պատասխանը չէ։ Իմ մասով բացարձակ պետք չէ, որ ես հարթակում հայտնվեմ, որպեսզի ես իմ քայլն իրականացնեմ, իմ գործը կատարեմ։ Կարեւորը, որ գործը հաջողել է։



**- Հիմա ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության թե՛ նշանակումները, թե՛ կատարած քայլերը։**



Նորմալ եմ նայում այն առումով, որ ժամանակավոր կառավարություն է, եւ որեւէ քննադատություն չեմ կարող ունենալ։ Այս կառավարությանը կարող եմ քննադատել միայն մի դեպքում, եթե ընտրական բարեփոխումները չիրականացվեն ճիշտ ժամանակին, որ արտահերթ ընտրություններ չլինեն շուտ, եւ կառավարման համակարգը լրիվ քանդվի։ Եթե օպերատիվ կառավարումը կարողանում են նորմալ իրականացնել եւ ընտրական պրոցեսները համապատասխան ընթացքով իրականացնեն, այդ դեպքում՝ շնորհակալություն։



**- Իսկ ԱԱԾ-ի բացահայտումներին, այդ բռնել-բաց թողնելուն, չարաշահումներ հայտնաբերելուն ու գումարները հետ բերելուն ինչպե՞ս եք վերաբերվում, դա՞ է ավելի արդյունավետ, թե՞ պետք է ուղղակիորեն տնտեսության զարգացման մեխանիզմներ մշակելով զբաղվեն ավելի շատ։**



Գիտե՞ք, այնուամենայնիվ, նորից եմ կրկնում, ժամանակավոր կառավարություն է, ինքը շատ լծակներ չունի, այդ թվում՝ նաեւ օրենսդիր լծակներ չունի, մենք հիմա հակասահմանադրական վիճակում ենք գտնվում եւ օր առաջ պետք է սահմանադրական հուն վերադառնանք եւ պետք է շատ շուտ ընտրություն անցկացնենք, նոր դրանից հետո արդեն կարելի է գնահատել, թե այդ քայլերն ինչպիսին են, կամ ինչպիսի քայլեր պետք է անեին։ Հիմա երեւի այսքանն են կարողանում իրականացնել, որովհետեւ այդպիսի մեծ լծակներ չունեն։ Խորհրդարանում, այնուամենայնիվ, այլ ուժ է մեծամասնություն կազմում, ուզենք, թե չուզենք, անկախ նրանից, որ վարչապետը ժողովրդի ճնշմամբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց։



**- Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցում Ձեր մոտեցումներն ինչպիսի՞ն են, եւ արդյոք այդ փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին Դուք կո՞ղմ եք։**



Բնականաբար, ոչ թե կողմ ենք, մենք 2007 թվականից, ինչ մտել ենք խորհրդարան, երեւի մի չորս անգամ միայն ես եմ նմանատիպ առաջարկով հանդես եկել, այդ թվում՝ նաեւ օրենսդրական, որ լինի 100 տոկոս համամասնական եւ փակ ցուցակներով, եւ դա է ճիշտը։ Որովհետեւ նույնիսկ եթե համամասնական մեկ ցուցակ է լինում հանրապետությունով մեկ, եւ այն բաց է լինում, այսինքն՝ կարող է ռեյտինգով որոշվի, դա նույնպես խնդրահարույց է, որովհետեւ մենք չունենք էն իրավիճակը, որ տարբեր տեսակի տնտեսական, ֆինանսական, կրիմինալ եւ այլ ազդեցություններ չկարողանան ցուցակի վրա ազդել։ Դրա համար փակը ճիշտ է։ Եվ երբ որ ամբողջովին մենք կունենանք իսկապես այնպիսի ընտրական համակարգ, որը, բացի քաղաքական ծրագրերի պայքարից, այլ պայքար չի լինի, այդ ժամանակ կարող ենք քննարկել ե՛ւ բացը, ե՛ւ մեծամասնական համակարգը։



**- «Ժառանգությունն» ինչպե՞ս է պատրաստվում արտահերթ ընտրություններին։**



Ակտիվորեն։



**- Դաշինքո՞վ, թե՞ միայնակ։**



Կորոշենք։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**