Մարդը փոքր տարիքից կարող է ապրել, ընտանիք պահել նաև տաղանդի ու աշխատանքի շնորհիվ (ֆոտո)

Մարդը փոքր տարիքից կարող է ապրել, ընտանիք պահել նաև տաղանդի ու աշխատանքի շնորհիվ (ֆոտո)
Հուլիսի 14-ին՝ 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Շիրակ կենտրոնի» Շալե-Գյումրի սրահում կկայանա տնակներում բնակվող 14-ամյա պատանի տաղանդների՝ Հոբի, Մկրտիչի, Փաշիկի եւ նրանց վարպետի՝ ճանաչված գեղանկարիչ Սամվել Գալստյանի շուրջ 6 տասնյակ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդես- վառճառքին ներկայացվող աշխատանքների մոտավոր արժեքը 45-ից 80 հազար դրամ է:



«Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը **hraparak.am**-ի հետ զրույցում ընդգծեց, որ այդ օրը գյումրեցիներին մշակույթային հիշարժան օր է սպասվում, հրավիրված են մի շարք պատվավոր հյուրեր, որոնց համար հատուկ հրավիրատոմսեր են պատվիրված: Նկարների վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է հեղինակների ընտանիքներին եւ չի բացառվում, որ մի բնակարանի հարց ևս լուծվի: Վահան Թումասյանի խոսքերով՝ սա նաև լավ առիթ է, որպեսզի տղաները ճանաչում ձեռք բերեն եւ լավ ուսում ստանալու հնարավորություն ունենան:



«Ես ուզում եմ, որ իրենք հասկանան՝ մարդը փոքր տարիքից կարող է ապրել, ընտանիք պահել նաև տաղանդի ու աշխատանքի շնորհիվ: Ճիշտ է, խորհրդային շրջանի ազդեցությունը դեռևս կա, որ տաղանդը չի վաճառվում, բայց ի վերջո կյանքը ապահովում են աշխատանքով, իսկ աշխատանքի նախապայմաններից մեկն էլ տաղանդ ունենալն է: Մի քանի կտավ արդեն համաշխարհային բանկը գնել է իրենց գրասենյակների համար», -ասաց նա :



«Շիրակ կենտրոնի»-ի նախագահից հետաքրքրվեցինք՝ մարզային նոր իշխանության ներկայացուցիչները հետաքրքրվածություն ցուցաբերե՞լ են կենտրոնի գործունեության եւ իրենց շահառուների նկատմամբ: «Այսօր մեր լավ ընկերներից Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը զանգահարեց եւ խնդրեց վաղը հանդիպել: Մեր դռները բոլորի առաջ բաց են եղել , թե նախկին, թե ներկա իշխանությունների համար : Մենք գրեթե ամեն օր 40-50 հյուր ենք ունենում, բնականաբար այնպես չէ, որ մտնողը փող է թողնում : Հնարավոր է շաբաթական 1-2 հովանավոր լինի : Մենք չենք մտնում մարդկանց գրպանները, մենք պրոպագանդում ենք Գյումրու մշակույթը, Ալեքսանդրապոլի հարուստ հավաքածուները, անում ենք այն, ինչը ցանկացած պետության նպատակներից է »,-ասաց Վահան Թումասյանը:



**Արևիկ Հակոբյան**