Արա Վարդանյանը ձերբակալվել է. նա խաղամո՞լ է (տեսանյութ)

Արա Վարդանյանը ձերբակալվել է. նա խաղամո՞լ է (տեսանյութ)
Ամռան շոգին դիմագրավելու լավագույն միջոցը ԱԱԾ բացահայտումներին հետևելն է։ Մեկը մյուսից ցնցող են և անսպասելի։ Ստուգված, ճշգրիտ, սակայն դեռևս պաշտոնապես չհաստատված [տեղեկություն](https://www.hraparak.am/posts/5b3a8a5f5724f9386185f689/%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%BE-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6) ունեինք, որ ԱԱԾ հերթական թիրախը «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործադիր տնօրեն Արա Վարդանյանն է, որի մասին մենք գրել էինք դեռ երեկ։



Մեր տեղեկություններով՝ «Հայաստան» հիմնադրամում յուրացումներ են կատարվել, որոնց հետ կապված Արա Վարդանյանը շուտով կձերբակալվի։ Հիմնադրամի աշխատակիցները տեղյակ չէին, թե ինչ յուրացումների մասին է խոսքը։ «Հրապարակի» հարցին, թե ինչն է չներկայանալու պատճառը, մամուլի քարտուղար Անուշ Մարտիրոսյանը հայտնեց․



«Պարբերաբար լինում է, որ նա չի գալիս աշխատանքի։ Եթե կարիք է լինում՝ կապված իր և հիմնադրամի գործերի հետ, մենք նրա հետ կապվում ենք, բայց այսօր նման անհրաժեշտություն չի եղել»։ Անուշ Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ հիմնադրամում վերջին օրերին ստուգումներ չեն իրականացվել։ «Ոչ մի ստուգում չի եղել հիմնադրամում, իսկ եղել է, թե ոչ Արա Վարդանյանի տանը, ես տեղյակ չեմ։ Ամեն դեպքում, եթե տեղեկություններ լինեն, մենք կտարածենք», - ասաց խոսնակը։



Քիչ առաջ Արա Վարդանյանի ձերբակալության մասին մեր՝ ավելի վաղ տարածած տեղեկությունները հաստատվեցին։ ԱԱԾ-ն հայտնում է․ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ: Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ: Արա Վարդանյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է»:



Արա Վարդանյանին ճանաչողները վստահեցնում են, որ նրա համար չկար ավելի կարևոր բան, քան իր կարիերան։ Նա հիմնադրամ է եկել 2004 թվականին՝ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից։ Այդ ժամանակ «Հայաստանի» գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչներից կազմված նոր թիմ էր հավաքում, և Արա Վարդանյանը նրանց մեջ էր։ Այս թիմում էին նաև Արտակ Հարությունյանը, որը հետագայում դարձավ «Շուշի» հիմնադրամի տնօրեն, Նաիրա Մելքումյանի քրոջ դուստր Անուշ Բեղլոյանը, հայտնի «Պիոներ» բառի տեր Արմեն Հարությունյանը, ՀՀԿ կատաղի պաշտպան Արման Սաղաթելյանը։



Ընդամենը երկու տարի անց Վարդանյանը դարձավ հիմնադրամի փոխտնօրեն և այդ պաշտոնում մնաց նաև համահայկական կառույցի հաջորդ տնօրենի՝ Վահե Աղաբեկյանի օրոք, իսկ 2008 թվականին շատերի համար անսպասելի նշանակվեց «Հայաստան համահայկականի» տնօրեն։ Արա Վարդանյանը մեջքին բարձր հովանավոր չի ունեցել, Քոչարյանի ժամանակվա չգրված կանոնների համաձայն։ Բայց իր ճկունության, բոլորի հետ լավ լինելու հատկության շնորհիվ նա թիմերի բաժանված հիմնարկում հաջողացրեց սահուն գնալ դեպ վեր։ «Հայաստան» հիմնադրամի տնօրեն աշխատելու տարիներին Արա Վարդանյանը հաճախ էր ընդգծում, որ բաց է աշխատում։ Իրականում նա չէր հանդուրժում ոչ մի քննադատություն իր ղեկավարած կառույցի հասցեին։ Մինչդեռ տեղի էր ունենում օբյեկտիվ գործընթաց՝ 2008 թվականի մարտի մեկից հետո սփյուռքում հիմնադրամի նկատմամբ վստահությունը աստիճանաբար նվազում էր։ Արցախի բնակիչների ուրախ եւ երջանիկ դեմքերը «Հայաստանի» հրատարակած բուկլետներից և դրա պատվերով նկարահանված ռեպորտաժներից այլևս հավատ չէին ներշնչում։ 2011-ի նոյեմբերին՝ հերթական մարաթոնի ժամանակ, հիմնադրամը, ինչպես հայտնի է, հաջողեցրեց ընդամենը 12 մլն դոլարից քիչ ավելի հավաքել, ինչը գրեթե եռակի պակաս է 2008-ի նոյեմբերին հավաքածից եւ մոտ 9 մլն դոլարով քիչ է նախորդ տարի հավաքած գումարից: Ծրագրերից սահուն կերպով անհետանում էին ռազմավարական ճանապարհներն ու ջրագծերի համակարգերը։ Դրանց փոխարեն մեկ ջրագծի կառուցումը կամ մեկ դպրոցի բացումը, կամ մեկ դոմիկը գյումրեցի ընտանիքի համար ընկալվում էր որպես մեծ հաջողություն։ Հուլիսի երկուսին վերջին հաղորդագրության մեջ գրված է, որ Լոսանջելեսի համայնքը 7 ժամում մոտ կես միլիոն դոլար է հավաքել, և հրճվանք․ «Սա նշանակում է, որ ևս մի քանի գյումրեցի ընտանիք ընդմիշտ կլքի դոմիկն ու կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն»։



Ինչևէ, վերջերս, մայիսի 25-ին Արա Վարդանյանը 3 տարով վերընտրվեց Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում։ Հոգաբարձուների խորհրդի անդամներն այդ նիստի ժամանակ ելույթներ էին ունենում ու գովաբանում էին Արա Վարդանյանին, եթե, իհարկե, հավատանք պաշտոնական տեղեկատվությանը։ Առհասարակ, հոգաբարձուների խորհուրդի նիստերի, «Հայաստան» հիմնադրամի մյուս միջոցառումների լուսաբանումները բրեժնևյան Վրեմիայի տեքստեր են հիշեցնում։ Լուրեր տարածվեցին, որ նա մտերիմ հարաբերույթյուններ ունի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ, և որ այս անգամ էլ նրա բախտը բերեց։ Համահայկական նվիրատվությունների կառույցի ղեկավարը նույնիսկ սփյուռքի նախարարության հետ համատեղ ծրագրերի մասին հայտարարություններ արեց, բայց ուրբաթը շաբաթից առաջ եկավ։



**Սյուզան Սիմոնյան**