Մարզպետի դեմ պայքարողը նշանակվեց փոխմարզպետ

Մարզպետի դեմ պայքարողը նշանակվեց փոխմարզպետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փոխմարզպետներ է նշանակել․ բոլորը՝ կանայք։ Մասնավորապես, Անահիտ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։ Մեկ այլ որոշմամբ՝ Նանե Ասատրյանը՝ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։ Եվս մեկ որոշմամբ Լարիսա Մադոյանը՝ Կոտայքի մարզպետի տեղակալ։



Նշանակումներից ամենաուշագրավը թերեւս Նանե Ասատրյանի (Բագրատունու) նշանակումն է։ Նա աշխատում էր Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, որի տնօրենն է Հովիկ Հովեյանը։ Նա այն մարդկանցից է, որն ընդդիմացավ Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի նշանակման դեմ։



Նա վերջինիս դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից էր, դիմել էր տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով հրապարակային հիմնավորել մարզպետի նշանակումը, որպեսզի կարողանա փոխանցել վայոցձորցիներին, այնուհետեւ նախարարին տեղեկացրել էր՝ ինչպիսի հիմնավորում էլ անեք, ընդվզումն անխուսափելի է, և ես լինելու եմ իրենց կողքին:



Նանե Ասատրյանը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում անդրադարձավ իր նշանակմանը, մարզպետի հետ աշխատանքին։



«Ինձ համար անակնկալ էր նշանակումը, հինգշաբթի օրն եմ զանգ ստացել եւ արդեն օրենքով սահմանված ժամկետը լրանում էր, մի քանի ժամ ունեի որոշում կայացնելու։ Իմ համար կարեւորը իմ տարածքն է եղել, որի հետ երբեք կապս չեմ կտրել, ինչ ոլորտում աշխատել եմ, հիմնականում՝ հասարակական-մշակութային, հատկապես՝ քաղաքացիական ակտիվության առումով, որովհետեւ իմ ընտանիքը 2008 թվականի մարտի 1-ից քաղհալածյալ է եղել, եւ բոլոր ակցիաներին ակտիվ եմ եղել։ Քվոտայով ԲՀԿ-ին էր պատկանում մարզպետի նշանակումը։ Ես որպես անկուսակցական, պարզապես քաղաքացի, լրագրող, ես խնդիրներ եմ հաճախ բարձրաձայնել Վայոց ձորի, որոնք երբեւէ չեն բարձրաձայնվել, որովհետեւ մարզում գործող ԶԼՄ չկար։ Այսինքն՝ ես այսպես թե այնպես ակտիվ էի որպես քաղաքացի եւ ինձ համար ամենամեծ պաշտոնը թերեւս քաղաքացու պաշտոնն է Հանրապետությունում։ Ինձ համար ընդամենը հարթակի փոփոխություն է եւ ավելի լայն հնարավորություն՝ իմ մարզի համար ավելի կառուցողական աշխատանք կատարելու եւ ավելի օգտակար լինելու»,- նշեց նորանշանակ փոխմարզպետը։



**-Դուք այն քաղաքացիներից էիք, որոնք պայքարում էին մարզպետի նշանակման դեմ։**



-Ինձ դիմել էին այն քաղաքացիները, ովքեր դեմ էին նրա նշանակմանը։ Երբ ես բարձրաձայնեցի խնդիրը իմ անձնական էջում՝ դիմելով պարոն Փաշինյանին եւ Պապիկյանին։ Նախարարը հիմնավորեց, որ քվոտան ԲՀԿ-ինն էր, եւ եղել է առաջարկված թեկնածու։ Այսինքն՝ ես անձի խնդիր չունեմ, ես ունեմ խնդիր՝ ժողովրդի ձայնը բարձրաձայնելու։ Վայոցձորցիներն այսօր ունեն անելիք, երբ ուզում են իրենց մարզպետը լինի այնպիսի մարդ, որն իրենց սրտին համապատասխան է, պետք է այս կառավարությանը տան այդ հնարավորությունը՝ իրենց քվոտայով։ Հեղափոխությունը Վայոց ձորում նոր-նոր է սկսվում։



**-Բայց Դուք պիտի աշխատեք մարզպետի հետ, որին դեմ եք արտահայտվել, հետագա աշխատանքը մարզպետարանում պատկերացնո՞ւմ եք։**



-Այո, որովհետեւ ես չեմ անձնավորում։ Երբեք ես մարզպետի անձ լինելը չեմ կարեւորել։



**Աննա Պապիկյան**