Միայն խոշոր զենքերի գործադրմամբ կարող են ռազմական գործողություններ սկսել․ քաղաքագետ

Միայն խոշոր զենքերի գործադրմամբ կարող են ռազմական գործողություններ սկսել․ քաղաքագետ
Երեկ տարբեր լրատվամիջոցներով տարածվեց ադրբեջանական կայքերում հրապարակված մի տեղեկություն այն մասին, թե ինչպես են Ադրբեջանում մեկնարկել «լայնամասշտաբ զորավարժություններ՝ բանակի տարբեր զորատեսակների, զորամիավորումների, հատուկ զորքերի ներգրավմամբ»։ Զորավարժությունները, որին մասնակցում է 20 հազար զինծառայող, կշարունակվեն մինչեւ հուլիսի 6-ը։ Զորավարժությունների սցենարով նախատեսված է «օկուպացված տարածքների ազատագրման նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողությունների անցկացում»։



Իսկ ահա պատահական, թե ոչ պատահական համընկնմամբ «Կովկասում ՌԴ-ի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են ադրբեջանական բանակի դիրքեր եւ հաջող ծառայություն մատնել զինծառայողներին։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, որն օրերս եղել է Լեռնային Ղարաբաղում, մեզ հետ զրույցում նկատեց, որ ադրբեջանական կողմը զորքերին Քուռ գետի մի ափից տեղափոխում է մյուս ափը, որը Ղարաբաղի դիմաց է։ Սրանից զատ, նրանք նաեւ ինժեներական աշխատանքներ են կատարում։



«Ադրբեջանը հույսեր է փայփայում, որ կստեղծվի իրավիճակ, եւ իրենք կարող են պատերազմել։ Իրենք դա չեն էլ թաքցնում։ Ադրբեջանը հայտարարել է, որ սպասում է համապատասխան քաղաքական իրավիճակների։ Ի՞նչ է դա նշանակում։ Դուք հասկանում եք, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ ծավալուն գործողություններ սկսի, քանի որ նրա նախկին գործողությունները մատնվել են անհաջողության։ Բնական է՝ Ադրբեջանը հույս ունի, որ Ռուսաստանը կամ ուրիշ հովանավորներ թույլ կտան, որ խոշոր զենքերի գործադրմամբ կդիմեն գործողությունների։ Նրանք միայն խոշոր զենքերի գործադրմամբ կարող են ինչ-որ քայլերի դիմել»,- ասաց քաղաքագետը։



Մեր հարցին, թե չկա՞ն զսպող գործոններ, պատերազմ սկսելու համար բարենպա՞ստ վիճակ չէ, Մանվել Սարգսյանն արձագանքեց․ «Իհարկե, կան։ Ադրբեջանը գիտի, որ Հայաստանում կատարվել են փոփոխություններ, եւ այդ փոփոխությունները ՌԴ-ի սրտով չեն։ Եվ նրանք, հրավիրելով ռուս քաղաքագետներին, նրանց շուրթերով հայտարարություններ հնչեցնելով փորձում են տպավորություն ստեղծել, որ ՌԴ-ն Ադրբեջանի կողմնակիցն է»։