Մանվել Գրիգորյանին խոշտանգում են․ պաշտպան

Մանվել Գրիգորյանին խոշտանգում են․ պաշտպան
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգում է իրականացվում։ Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում կրկի ասաց պատգամավորի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին։



Փաստաբանը նաեւ նշեց, որ Գրիգորյանը անհրաժեշտ բժշկական օգնություն ստանում է, սակայն դա բավարար չէ․ «Միանշանակ բուժօգնություն ստանում է, բայց դա բավականին քիչ է, եթե թոքի կեսը չկա... Անհամատեղելի է կալանքի հետ։ Մանվել Գրիգորյանը խոշտանգվում է»։



Հարցին՝ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկել, Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ այդ հարցով մյուս պաշտպաններն են զբաղվում, սակայն պնդեց՝ օբյեկտիվ քննություն է գնալու, որի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի։



Անդրադառնալով հարցին, թե Գրիգորյանի գործով պաշտպանության նախարարությունից հարցաքննվողներ եղե՞լ են, մեր զրուցակիցը նշեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում, բացի դրանից այժմ նախաքննություն է ընթանում, եւ ոչինչ չի կարող ասել։



Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:



Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։



**Աննա Պապիկյան**