«Հայֆիլմը» ներառել մշակութային հուշարձանների ցուցակում

«Հայֆիլմը» ներառել մշակութային հուշարձանների ցուցակում
Մշակույթի նախարարության հայտարարությունից հետո, որը վերաբերում էր պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրմանը, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը (Հայկ Բաբայան, Էմիլ Խաչատրյան, Նիկոլայ Հովհաննիսյան, Անուշ Բաբայան, Հայկ Զաքարյան) հանդես է եկել հայտարարությամբ։ Նամակում մասնավորապես գրված է․ «Հարգելի Լիլիթ Մակունց, «Հայֆիլմի» շենքում նկարահանվել են ֆիլմեր, որոնցով ճանաչում են Հայաստանը: Այս շենքում նկարահանվել են ֆիլմեր, որոնք այնքան ժողովրդական են դարձել, որ ամեն մի բառը դարձել է աֆորիզմ։ Այս շենքում նկարահանվել են մուլտֆիլմեր, որոնց միջոցով մի քանի սերունդ աշխարհայացք է ձեւավորել։



Այս շենքի պատերը տեսել են Մալյանին, Փարաջանովին, Կեսայանցին, Աթոյանցին, Մանարյանին, Յավուրյանին, Մհեր Մկրտչյանին, Ազատ Գասպարյանին, Խորեն Աբրահամյանին, Սոս Սարգսյանին, Ռոբերտ Սահակյանցին, Լաերտ Վաղարշյանին եւ մյուս մեծերին։ Չենք շռայլում բառերը եւ հաստատում ենք, որ, ճիշտ է, «Հայֆիլմի» շենքը գուցե մոդեռնիստական ճարտարապետական գլուխգործոց-կառույց չէ եւ ոչ մի «իզմ»-ի չի պատկանում, բայց սա այն կառույցն է, որտեղ աղջիկն օգնեց պապիկին մտնել նկարի մեջ եւ քնել գիշերվա աստղազարդ երկնքի ներքո։ Հասարակության եւ հայ կինոսերների աջակցությամբ առաջարկում ենք օր առաջ «Հայֆիլմի» շենքն ընդգրկել հուշարձանների պետական ցուցակում եւ վերցնել պետության պաշտպանության տակ:



Ձեր կողքին ենք թե՛ գործի ժամանակ, թե՛ քրտնաջան աշխատանքի, թե՛ ծափահարություններով միմյանց շնորհավորանքի ժամանակ։ «Հայֆիլմը» հայ ժողովրդի եւ պետության սեփականությունն է»։ Ինչպես տեղեկացանք «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր Հայկ Բաբայանից, առաջիկայում կհանդիպեն նախարարին, ում հետ կքննարկեն այս եւ այլ խնդիրներին առնչվող մի շարք հարցեր։