Ներդրումային միջավայրի բարելավման որոշ հարցեր

Ներդրումային միջավայրի բարելավման որոշ հարցեր
Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) ապահովում են ոչ միայն ֆինանսական ռեսուրսների ներհոսք, այլեւ տեխնոլոգիաներ, մասնագետների վերապատրաստում եւ, որ ամենակարեւորն է` արտաքին շուկաներ: Հայաստանում վերջին տարիներին ՕՈՒՆ-ի ծավալները զգալիորեն նվազել են՝ բավականին ցածր լինելով ՕՈՒՆ/ՀՆԱ թույլատրելի նվազագույն սահմանից։ 2016թ․ ՀՀ-ում ՕՈՒՆ-ի ծավալն ավելի քիչ է եղել, քան, օրինակ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսած գումարը Պոլ Պոգբայի տրանսֆերի վրա։ Օտարերկրյա ներդրողի համար կարեւորվում է ներդրումներ հյուրընկալող երկրում ինչպես միջին, այնպես էլ երկար ժամկետում ակնկալվող շահույթ ստանալու (դրան համարժեք գնահատելի ռիսկերի պայմաններում) բարենպաստ ներդրումային միջավայրի առկայությունը: Ներդրումային միջավայրի գրավչությունը պետության տնտեսական եւ ֆինանսական, վարչական, սոցիալական, իրավական եւ քաղաքական ոլորտների վիճակը եւ զարգացվածության աստիճանը բնութագրող ընդհանրական գնահատական է:



Ընդ որում՝ այդ գնահատականը տալիս են համապատասխան միջազգային կառույցները՝ բազմագործոն գնահատման համակարգերի միջոցով։ Ներդրումների ներգրավման գործընթացում առավելագույն հաջողության գրավականը, անշուշտ, բոլոր ցուցանիշների բարելավման ուղղությամբ հետեւողական եւ համակարգային աշխատանքն է։ Կառավարության ծրագրում ամրագրված է, որ «․․․կառավարությունը համոզված է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տնտեսական եւ ներդրումային դրական սպասումներ է առաջացրել։ Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ վերածվելու են ներդրումային հոսքի․․․»։



Կարծում ենք, որ այս համատեքստում էական նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի ներդրումային միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն, չթերագնահատելով թավշյա հեղափոխության դրական ազդեցությունն այդ միջավայրի վրա, էական ներդրումներ կարելի է ակնկալել այդ միջավայրը բարելավելու համակարգային աշխատանքի միջոցով։ Կառավարության ծրագրում շատ կարեւոր ուղենիշներ այդ մասով նշված են։ Անհրաժեշտ է դրանց դետալային մշակումն ու իրագործումը։ «Տնտեսական ոլորտ» չափանիշի բարելավման ուղղությամբ, կարծում ենք, անհրաժեշտ է․



1․ վերլուծել հարկային դրույքաչափերի եւ մակրոտնտեսական ցուցանիշների փոխադարձ կապը, դիտարկել հարկային համակարգերը պարզեցնելու նպատակահարմարությունը



2․ խրախուսել հայկական եւ արտասահմանյան կապիտալի միացումը։ Սահմանել հստակ ստուգելի եւ չափելի պայմաններ եւ գործարքի համապատասխանությունն ստուգելուց հետո տրամադրել հարկային արտոնություն՝ առանց խոչընդոտելու բացառապես հայկական կապիտալով ընկերությունների մրցակցային առավելություններին



3․ աշխատանքներ տանել ՀՀ-ում ներդրումային վարկանիշ տրամադրող միջազգային հեղինակավոր կազմակերպության գրասենյակ կամ, նվազագույնը, դրա մշտական ներկայացուցիչ ունենալու շուրջ



4․ էականորեն բարելավել ՀՀ վիճակագրական տվյալների հավաստիությունը։ Օտարերկրյա բիզնեսմենը պետք է վստահ լինի, որ մակրոտնտեսական եւ ոլորտային ցուցանիշներն ամբողջական են եւ հավաստի իր բիզնես նախագծի արդյունավետությունը գնահատելու համատեքստում



5․ պրոֆեսիոնալ մասնագետների (ֆինանսիստ, հաշվապահ, մարքեթոլոգ, իրավաբան եւ այլն) եւ գիտնականների խմբի միջոցով իրականացնել ըստ ոլորտների հրապարակվող բիզնես հետազոտություններ՝ պոտենցիալ ներդրողների կողմից ուսումնասիրվելու նպատակով։ Այս հետազոտությունները պետք է ցույց տան ոլորտային շուկաները, այդ թվում՝ աշխատանքային, հարկային եւ իրավական կարգավորումները, ՀՀ մրցակցային առավելությունները։ Անհրաժեշտ կլինի նաեւ աշխատանքներ դրանց հասցեականության ապահովման ուղղությամբ։



Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում ներդրումները կատարվել են մեծ մասամբ անձնական կապերի շնորհիվ, անհրաժեշտ է միջավայրի համակարգային փոփոխություն։ Այս համատեքստում նշվածները անհրաժեշտ բոլոր քայլերը չեն եւ առանց մյուս կարեւոր ոլորտներում բարեփոխումների չեն տա սպասելի արդյունքը (մեր կողմից իրականացված է մանրամասն վերլուծություն ՕՈՒՆ-ի մասով)։



**Մհեր ՓԱՐՎԱՆՅԱՆ**



**տնտեսագետ, «Փարվանյան քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն**