ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր կայան է տեղադրել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր կայան է տեղադրել
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կապի հիմնական նոր կայան է տեղադրել Դահնակ լեռան վրա՝ բջջային կապ ու ինտերնետ հասանելիություն ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում: Նախագիծն իրականացվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) հետ գործակցության արդյունքում:



Հիմնական կայանը հնարավորություն կընձեռի՝ առավել արդյունավետ դարձնելու արագ արձագանքումն արտակարգ իրավիճակների, մասնավորապես՝ հրդեհների դեպքում, ինչպես նաեւ տեղադրել նոր սերնդի IP եւ GPS տեսախցիկներ՝ տարածքի առցանց մշտադիտարկման նպատակով: Մշտադիտարկումը թույլ կտա հետեւել կենդանատեսակների շարժին, կծառայի տեղեկությունների հավաքագրմանը՝ նպաստելով արգելոցում իրականացվող գիտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Իրական ժամանակում տեղեկություններ փոխանցելուց բացի, հիմնական կայանը նաեւ հնարավորություն կընձեռի անտառապահներին՝ օգտվելու բջջային կապից, ինչը չափազանց կարեւոր է այս բարձրլեռնային գոտում: Ծովի մակարդակից 2500 մ բարձրության վրա գտնվող հիմնական կայանը սնուցվում է բացառապես արեւային էներգիայով:



Տեղանքի ռելիեֆի բարդության ու էլեկտրամատակարարման համակարգից հեռու գտնվելու պատճառով էլեկտրաէներգիայի ավանդական աղբյուրից էլեկտրական գծերի կառուցումը կլիներ բարդ ու ոչ արդյունավետ: Առհասարակ՝ նման բարձրլեռնային գոտիներում դժվար է շինարարական աշխատանքներ իրականացնելը: Դահնակի լեռները հարմար են արեւային էներգիա ստանալու համար: Կայանը սնուցող արեւային վահանակները հնարավորություն կտան ստանալ միջինում 3 Կվտ/ժ էներգիա: Տեղադրված են կուտակիչ մարտկոցներ, որոնք ապահովելու են բջջային կայանի անխափան էլեկտրասնուցումը գիշերային ժամերին: Այնուամենայնիվ՝ իբրեւ պահեստային տարբերակ, երկարատեւ ամպամածության կամ առատ տեղումների դեպքում բջջային կապի ու ինտերնետի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում նաեւ կգործարկվի դիզելային գեներատոր:



Դահնակի բարձունքի վրա կառուցված բջջային հիմնական նոր կայանի մասին առաջինը տեղեկացել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը, որոնք հետեւում են ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին: Լեռներում տեղադրված հիմնական կայանն ու շրջակա բնությունն ուղիղ եթերի միջոցով նրանց ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ Facebook Live համակարգի միջոցով։ «Դահնակի այս դժվարամատչելի բարձունքի վրա արեւային էներգիայով սնուցվող հիմնական կայանի կառուցումը մի քանի նպատակ է հետապնդում:



Հնարավորություն է ստեղծվում լայն շառավղով ապահովել ձայնային ծառայություններ եւ ինտերնետ հասանելիություն, ինչը չափազանց կարեւոր է անտառապահների միջեւ արդյունավետ կապի ապահովման եւ մշտադիտարկման սարքերի միջոցով տեղեկատվության առցանց փոխանակման համար: Վերականգնվող էներգիայի օգտագործումը կայանների շահագործման ոլորտում, ու նաեւ՝ ընկերության ծրագրերի շահառուների կողմից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարեւոր առաքելություններից մեկն է: Չբնակեցված, դժվարամատչելի լեռնային գոտիներում հիմնական կայանների տեղադրումն ունի բացառապես բնության պահպանման գործում բնապահպաններին ու նաեւ էկոտուրիզմին աջակցելու նպատակ եւ պայմանավորված չէ ներդրումների վերադարձելիության գործոնով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Կայանի գործարկումը մի քանի խնդիր է լուծում, որոնցից ամենակարեւորը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Դահնակ լեռան եւ հարակից հատվածներում վայրի կենդանիների ավելի արդյունավետ մոնիտորինգի իրականացման հնարավորությունն է։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում էլ արտակարգ իրավիճակների՝ հրդեհների դեպքում կերաշխավորի արագ արձագանքում։ Տարածքում ինտերնետ եւ բջջային կապի հասանելիությունն էապես կօգնի գործարկել կենդանատեսակների տվյալների հավաքագրման արբանյակային եւ GPS նորագույն սարքեր։



Կայանի բնապահպանական բաղադրիչը՝ արեւային վահանակները, բնապահպանական մշակույթի եւ մտածելակերպի տարածման կարեւոր խթան են, որ FPWC-ն դրել է իր առաջ հիմնադրման օրվանից»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։ Դահնակում տեղադրվածն այս տարածքում տեղադրված առաջին կայանը չէ: Դեռեւս 2014թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կայան էր տեղադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից բարձրադիր վայրերից մեկում, ինչի շնորհիվ կենսաբազմազանության ապաստարանի տարածքում եւ հարակից գոտիներում մինչ օրս գործում է լայնաշերտ ինտերնետ եւ բջջային կապ: Ապաստարանում արդեն իսկ գործում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված՝ SIM քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկներ՝ առցանց կապ ապահովելով Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի հետ։