Ալիևը հոսանքազրկվել է

Ալիևը հոսանքազրկվել է
Հուլիսի լույս 3-ի գիշերն Ադրբեջանում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Հոսանքազրկվել է ողջ հանրապետությունը, որի պատճառով բնակչությունը մատնվել է խուճապի: Էլեկտրականությունն ամբողջովին անջատվել է նաեւ Բաքվում: Այդ առթիվ պարզաբանումներ է արել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, ըստ որի՝ կապված հանրապետությունում առկա անոմալ շոգի հետ բնակչության կողմից էլէներգիայի սպառման ծավալները կտրուկ աճել են, ինչի հետեւանքով շարքից դուրս է եկել Մինգեչաուրի ՊՇԷԿ-ի տրանսֆորմատորային ենթակայանը:



Հուլիսի 3-ի առավոտյան Ադրբեջանի որոշ շրջաններում էլէներգիայի մատակարարումը վերականգնվել է, բայց Բաքուն եւ Ապշերոնյան թերակղզին դեռեւս մնում են հոսանքազրկված: Մինգեչաուրի ՊՇԷԿ-ում կատարվում են վերականգնողական աշխատանքներ: Ըստ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների, էլեկտրականության անջատման հետ կապված խուճապային տրամադրություններն առանձնապես ուժեղ են եղել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծին հարակից շրջաններում: Քանի որ ադրբեջանական բանակն անցկացնում է զորավարժություններ, մարդկանց թվացել է, թե հոսանքազրկմանը հետեւելու է հայկական ուժերի հակագրոհը: