Դեպի արդար ընտրություններ

Դեպի արդար ընտրություններ
Եթե դասակարգենք նախկինից մեզ ժառանգություն մնացած ախտերը, որոնցից պետք է հնարավորինս արագ ազատվել, ապա առաջին տեղում, վստահաբար, կեղծված ընտրությունների խնդիրն է։ Ճիշտ է՝ 2017-ի ընտրություններին նախորդ ընտրությունների ժամանակ առկա այլանդակությունների մի մասն այլեւս չարձանագրվեց, բայց ընտրակաշառքի աննախադեպ քանակը փոխարինեց մյուս բոլոր մեխանիզմներին եւ զրոյացրեց առաջընթացը։



Իհարկե, քննադատվողների զանգվածն արդարանում էր, թե փող տվողի մեղքը փող առնողի մեղքից պակաս չէ, բայց մարդկանց չքավորությունից օգտվելը եւ նրանց գայթակղությունների տանելը, հաստատ, շատ ավելի մեծ մեղք է։ Հաջորդ ընտրություններին վստահաբար կարող ենք ասել, որ ընտրակաշառք չի լինելու, քանզի այս չարիքն ուղիղ կապ ունի իշխանությունների քաղաքական կամքի հետ, իսկ գործող իշխանության կամքի հարցում, կարծում եմ, ոչ մի կասկած չկա։ Իսկ եթե ընտրակաշառքը չգործի, կունենանք մաքուր ընտրություններ։



Ոմանք դեռեւս կասկածում են դրան, կարծում են, որ այլ լծակներ էլ կան՝ ընտրողին մոլորեցնող ու ապակողմնորոշող։ Շարքային մարդը լավ չի տարբերում քաղաքական գործչին քաղաքական շառլատանից, նրան կարելի է շփոթեցնել կեղծ ընդդիմադիր, պոպուլիստական ճառերով, նա կարող է լսել հարեւան-բարեկամների հորդորները եւ ընտրել ոչ արժանիներին։ Սակայն եթե անգամ այդպես է, եւ ընտրողը լավը վատից, թացը չորից այնքան էլ չի տարբերում, միեւնույն է՝ քաղաքացու ազատ կամարտահայտության միջոցով կատարված ընտրությունը միմիայն հարգանքի է արժանի։ Գուցե հասարակության մի հատվածը՝ ավելի խելացի եւ ավելի գրագետ, համաձայն չլինի մեծամասնության կատարած ընտրության հետ, բայց դեմոկրատիայի սկզբունքներն են այդպիսին՝ մեծամասնության կարծիքի գերակայությունը փոքրամասնության նկատմամբ։