«Լիդիան Արմենիա»-ը լավ գիտի, որ մեր կառավարիչները անփորձ են․ Փաշինյանը վատ ժառանգություն է ստացել նախկին վարչապետներից

«Լիդիան Արմենիա»-ը լավ գիտի, որ մեր կառավարիչները անփորձ են․ Փաշինյանը վատ ժառանգություն է ստացել նախկին վարչապետներից
Ամուլսարի թնջուկը ՀՀ նախկին վարչապետներ Անդրանիկ Մարգարյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի «նվերն» էր Նիկոլ Փաշինյանին: Վարչապետները 2006 թվականից սկսած խրախուսելով Geoteam ՓԲԸ-ին, որի 100 տոկոս սեփականատերն է Լամանշի նեղուցում գրանցված բրիտանական Lydian International Limited ընկերությունը, ոգևորված հայտարարություններ անելով այս ընկերության մոտ 400 մլն ներդրում կատարելու պատրաստակամության մասին, անտեսելով բնապահպանների և տեղի բնակիների ահազանգերը, տարիների ընթացքում ավելի ու ավելի մոտ թողեցին «գազանին», նրա «լավությունների» տակ մտան:



Այսօր արդեն Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում ժողվրդի ձայնը սկսել է լսելի դառնալ: Վայոց ձորի բնակիչները արդեն մոտ 10 օր փակ են պահում հանքի ճանապարհները, Փաշինյանի հանձնարարությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը Աստված մի արասցե, հանկարծ կարող է բացահայտել, որ Ամուլսարի նախագիծը չարիք է մեր բնության համար: Եւ ահա հանքարդյունաբերողը իր արած «լավությունները» դնում է ՀՀ կառավարության առաջ: Հանքի աշխատողներին են ուղարկում կառավարության շենքի մոտ միտինգ անելու, ինչպես եղավ երեկ, հիշեցնում է ընկերության կրած վնասների մասին՝ 5 միլիոն դոլար՝ տասը օրում, տնօրեն Հայկ Ալոյանը քաղաքավարի սպառնալիքներ է հնչեցնում մեդիայում. «Այս գործընթացը բացասական առումով ազդելու է Հայաստանի վրա՝ թե՛ ֆինանսական, թե՛ հեղինակության մասով»,- հայտարարում է նա:



2013 թվականին, երբ Ջերմուկի առողջարանները դեռ չէին փակվել, իսկ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մասին պատկերացումները դեռ խիստ մոտավոր էին, Տիգրան Սարգսյանը խոստանում էր. եթե այդ ծրագիրը բնապահպանական խնդիրներ հարուցի, այն կյանքի չի կոչվելու: Իհարկե, խաբեց: Այսօր հանքը դեռ չի գործում, բայց ջրավազանն արդեն աղտոտված է: Թե ինչ ազդեցություն են ունեցել մինչ օրս կատարված աշխատանքները Ջերմուկի բնության վրա, հստակ տվ յալներ չկան:



«Ուսումնասիրությունը պետք է կատարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը, նաև մեր բնապահպանության նախարարությունը, բայց այն ոչինչ էլ չի ուսումնասիրել: Իսկ բնակիչները ասում են այն, ինչ տեսնում են իրենց աչքով, գունավոր՝ դեղին, կարմիր, փոշին գալիս է նստում է իրենց պատուհաններին: Ես ինքս բազմիցս նկարել եմ դեղին գույնի ջրերը, որոնք հոսում են: Վիզուալ, ինչ տեսնում ենք, այն ենք ասում», - **«Հրապարակին»** ներկայացրեց աշխարհագետ Լևոն Գալստյանը, որը «Բնապահպանական ճակատ» շարժման կազմակերպիչներից է:



2016 թվականին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ էր ունենում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահ Հովարդ Սթիվենսոնի հետ: Դրանց ժամանակ խոսվում էր Հայաստանի նկատմամբ վստահության, 400 մլն դոլարի կարևորության մասին, շնորհակալություններ էին հնչում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ին աջակցելու համար:



Ճիշտ է, բնապահպաններն ապացուցել են, որ 400 մլն ասվածը խիստ չափազանցված «լավություն» է մեզ համար, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հանքի կորզման ընթացում առաջացող թթվային դրենաժի արդյունքում Արփա, Դարբ եւ Որոտան գետերը վերածվելու են թունավոր կոկտեյլի, որը Արփա-Սևան թունելով հասնելու և ապականելու է նաև Սևանա ավազանը: Բայց նրանց հավաստիացումներին կառավարիչները առանձնապես չէին լսում: Այսօր արդեն ՀՀ կառավարությունը կանգնել է այլընտրանքի առաջ՝ փրկել բնությունը և երկար ու ծախսատար դատերի մեջ ընկնել օֆշորային ընկերության հետ, թե կործանելով Հայաստանի բնությունը, ազատվել ֆինանսական հնարավոր կորուստներից:



Բնապահպան, «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը վստահ է, որ իրավիճակը կարելի է փրկել, չպետք է վախենալ դատարանից:



«Փորձառու չեն մեր կառավարության անդամները, և «Լիդիան Արմենիա» ընկերությունը դա շատ լավ գիտի, և միանգամից հոգեբանական հարված են հասցնում: Այնպիսի թվեր են նշում, որ շատերը կարող են ուշաթափվել այդ հարվածից՝ երկու, չորս միլիարդ դոլարի տուգանք: Բայց փորձառու մարդիկ կհասկանային, որ դատարանն ինչքան էլ կեղտոտ լինի, միևնույն է, չի կարող «լիդիանի» օգտին վճիռ կայացնել: Քանի որ այս ընկերությունը պրոֆեսիոնալ գող է, մոտեցել է պրոֆեսիոնալ գողերին, բայց այսօր այդ պրոֆեսիոնալ գողերը՝ Հայաստանի իշխանավորները, այլևս լծակներ չունեն: Գողը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իր գողը ներքևէ իջել արդեն, և պետք է հրաժարվի իր մտադրություններից»: Սանասարյանը մի քանի անգամ գրել է Նիկոլ Փաշինյանին:



«Ես ունեմ այնպիսի նյութեր, որոնք կարող են ընդհանրապես հարկային հոսքը էապես փոխել; Մենք՝ հայտնի պրոֆեսորներ, գիտնականներ, ուղարկել ենք մեր առաջարկները Փաշինյանին, բայց մեկ ամիսը անցավ, և ոչ մի լուր: Մենք էլի դիմեցինք, բայց անօգուտ: եթե դուք փողոցային պայքարի ժամանակ նրա կողքին չեք եղել, դուք օտար եք և անպետք»,- ասում է գիտնականը: Հակոբ Սանասարյանը հաշվարկել է, որ իրականում «Լիդիան Արմենիան» ընկերությունը ներդրում չի կատարել: «Նրանք եկել են իրենց ոսկին հանելու: Դրա համար իրենց պետք է տեխնիկա և բանվորական մարդուժ; սա ներդրում չի կոչվում: Գիտեք, հանքը հանում են, բնապահպանական վճար են մուծում, կոպեկներ: Այս վճարը նրանք նույնպես ներդրում են համարել»,- ասում է «Կանաչների միության» նախագահը:



**Սյուզան Սիմոնյան**